Մատչելիության հղումներ

Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում


ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն և Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Երեկ երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ «ժողովրդական հանրապետությունները» ճանաչելու հրամանագրեր:

Արարողությանը նախորդել է նախ ՌԴ Անվտանգության խորհրդի հատուկ նիստն, ապա Պուտինի մոտ մեկժամյա հեռուստաուղերձը, որով նա դիմել է հայրենակիցներին և որին հետևել է ամբողջ աշխարհը:

Ուղերձում Պուտինը խոսել է ուկրաինական հիմնախնդրի մասին՝ ասելով, որ այդպիսի պետություն չի եղել և այն ստեղծվել է բոլշևիկյան հեղափոխության առաջնորդ, Խորհրդային Միության հիմնադիր Վլադիմիր Լենինի նախաձեռնությամբ:

«Բոլշևիկների քաղաքականության արդյունքում ի հայտ է եկել Ուկրաինան, որն այսօր էլ կարելի է արդարացիորեն անվանել «Վլադիմիր Իլյիչ Լենինի անվան Ուկրաինա»: Նա է հեղինակը և ճարտարապետը, այդ ամենի մասին վկայում են արխիվային փաստաթղթերը, այդ թվում՝ Լենինի կոշտ կարգադրությունը, որով Դոնբասը մտցվել է Ուկրաինայի կազմ», - ասել է Պուտինը:

Նրա խոսքով, Ռուսաստանը խորհրդային և հետխորհրդային տասնամյակների ընթացքում միշտ սատարել է եղբայրական Ուկրաինային, մերվել է կոմունիստական ռեժիմի օրոք ընդունված անարդար որոշումների հետ, սակայն ուկրաինական կողմն այդ բարեկամական վերաբերմունքը չի գնահատել:

Այնտեղ 2014 թվականին, ըստ Պուտինի, Արևմուտքի օգնությամբ տեղի է ունեցել պետական հեղաշրջում, որի շնորհիվ իշխանությունը զավթել են ազգայնականները: Նրանք անմիջապես սկսել են բոլոր միջոցներով հալածել ուկրաինաբնակ ռուսներին: Վերջին ժամանակաշրջանում իրավիճակը Դոնբասում, Պուտինի փոխանցմամբ, անտանելի է դարձել:

«Այս կապակցությամբ ես անհրաժեշտ եմ համարում ընդունել Դոնեցկի ժողովրդական հանրապետության և Լուգանսկի ժողովրդական հանրապետության անկախությունը և ինքնիշխանությունը ճանաչելու մասին վաղուց հասունացած որոշումը», - հայտարարել է Պուտինը և Դաշնության խորհրդարանին խնդրել է օրենսդրորեն աջակցել այդ հրամանագրերին:

Ռուսաստանի նախագահի և Դոնբասի երկու կազմավորումների ղեկավարները ստորագրել են բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրեր:

Պետական դուման այսօր կքննարկի հրամանագրերը վարերացնելու առաջարկը: Դոնբասի կազմավորումների ճանաչմանը կողմ է նաև խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը: Պուտինն իր ուղերձում սպառնալիք է հնչեցրել:

«Ուկրաինայում իշխանությունը զավթածներից պահանջում ենք անմիջապես դադարեցնել թշնամական գործողությունները, այլապես շարունակվող արյունահեղության համար ամբողջ պատասխանատվությունն Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճին կլինի», - ասել է Պուտինը:

Ռուսաստանի նախագահը բանակին երեկ հրամայել է մտնել Դոնբասի տարածք և, ինչպես հրամանագրում է ասվում, «այնտեղ խաղաղություն ապահովել»:

Արևմուտքն անմիջապես դատապարտել է Պուտինին: Երեկ ուշ երեկոյան Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ստեղծված վիճակը հեռախոսով քննարկել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ:

Եվրոպական հանձնաժողովի և Եվրոպական խորհրդի նախագահներ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Շառլ Միշելը համատեղ հայտարարությամբ խստորեն դատապարտել են Պուտինին:

«Այդ քայլը միջազգային իրավունքի և Մինսկյան համաձայնությունների աղաղակող խախտում է, Եվրամիությունը կարձագանքի պատժամիջոցներով, որոնք կսահմանի այդ ապօրինի արարքի հետ առնչություն ունեցողների նկատմամբ», - ասվում է նրանց հայտարարությունում:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն ասել է, որ Պուտինի քայլը հակասում է միջազգային իրավակարգին և հերթական անգամ խախտում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականութունը: Լոնդոնն այսօր պատժամիջոցներ կսահմանի Մոսկվայի նկատմամբ:

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին առաջարկել է անհապաղ գումարել Եվրամիության արտահերթ գագաթնաժողով և սահմանել Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ:

XS
SM
MD
LG