Մատչելիության հղումներ

Ուկրաինայի ողջ տարածքում կարող է արտակարգ դրություն հայտարարվել


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արխիվ

«Ուկրաինայի Ազգային անվտանգության խորհուրդը առաջարկում է երկրի ողջ տարածքում արտակարգ դրություն հայտարարել», - այսօր կեսօրին Կիևում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է այդ կառույցի ղեկավար Ալեքսեյ Դանիլովը։

«Որոշումը ընդունված է։ Մեր օրենսդրության համաձայն, սակայն, այն առաջիկա 48 ժամերի ընթացքում պետք է հաստատվի նաև Գերագույն ռադայի կողմից», - նշում էր Դանիլովը։

Պաշտոնական Կիևն այս քայլը պատճառաբանում է Դոնբասում՝ շփման գծի երկայնքով լարվածության շարունակվող աճով։ Նախօրեին ուշ երեկոյան կայացած ճեպազրույցի ընթացքում Լուգանսկի և Դոնեցկի մարզերում տեղակայված միասնական ուկրաինական զորախմբի պաշտոնական ներկայացուցիչ Պավել Կլիմկոն տեղեկացրեց, որ նախորդող 24 ժամերին հրադադարի 72 խախտում է արձանագրվել, որոնցից 53-ը՝ Մինսկի համաձայնագրերով արգելված զինատեսակների, այդ թվում՝ 122 միլիմետր տրամաչափի հրետանային համակարգերի, ականանետերի, տանկերի և նռնականետերի կիրառմամբ։

«Ընդհանուր առմամբ թշնամին 292 հրետանային արկ և 450 ական է արձակել: Այս գնդակոծությունների հետևանքով հինգ զինվորականներ վիրավորվել են, ևս մեկը զոհվել է։ Բացի այդ, հակառակորդը «Գրադ» կայանքներից հրետակոծել է Լուգանսկի մարզի Շաստյե բնակավայրը՝ ընդհանուր առմամբ 25 հրթիռ արձակելով», - հայտարարում էր ուկրաինական բանակի ներկայացուցիչը։

Ռազմաճակատի գծի հակառակ կողմից հակասական տեղեկություններ են ստացվում Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների տարածքում ռուսաստանյան ստորաբաժանումների տեղակայման մասին։ Դոնեցկի խորհրդարանի անդամ Վլադիսլավ Բերդիչևսկին երեկ հայտարարում էր, որ ռուսական բանակն արդեն այս շրջաններում է։

«Ռուսական բանակը արդեն իսկ հատել է Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունների սահմանները և այժմ դիրքավորվել է հանրապետության հյուսիսում և արևմուտքում։ Ըստ ամենայնի, Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակով, որտեղ սահմանի մերձակայքում ռուսաստանյան ռազմակայաններ են գործում՝ համատեղ սահմանապահ հսկողություն իրականացնելով, այստեղ ևս ամեն ինչ նույն տարբերակով կընթանա», - նշում էր Դոնեցկի ինքնահռչակ հանրապետության ներկայացուցիչը։

Այսօր, սակայն, Դոնեցկի անջատական վարչակազմի ղեկավար Դենիս Պուշիլինը հերքեց այս տեղեկությունները՝ պնդելով, թե ամեն ինչ կախված է շփման գծի երկայնքով տիրող կացությունից։

«Այս պահի դրությամբ ռուսական զորքեր այստեղ չկան։ Հնարավո՞ր է արդյոք նրանց տեղակայումն այստեղ՝ հնարավոր է։ Ե՞րբ և ի՞նչ պայմաններում՝ իրավիճակը կհուշի։ Եթե լինի լայնածավալ [ուկրաինական] հարձակում, կլինի նաև ռուսական զորքերի մուտք, քանի որ մեր միջև ստորագրված պայմանագրի համաձայն Ռուսաստանն այդպիսի իրավունք ունի», - հայտարարում էր Պուշիլինը։

Ուկրաինայի նախագահ. չնայած ռազմական գործողությունների վտանգը պահպանվում է, համընդհանուր զորահավաքի կարիք դեռ չկա

Կիևում էլ լուրջ մտավախություններ կան, որ ռուսական բանակը կարող է լայնածավալ հարձակման անցնել՝ չսահմանափակվելով Դոնեցկի և Լուգանսկի մարզերով։ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի փոխանցմամբ՝ երեկ նախագահ Զելենսկու և Գերագույն ռադայի խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք են հայտնել ուկրաինական հետախուզության ղեկավարները։ Հետախույզների պնդմամբ՝ այս պահին Ուկրաինայի առավել վտանգված երեք քաղաքներն են մայրաքաղաք Կիևը, Խարկովը և Խերսոնը։

Պատգամավորների և ուժայինների հետ այս խորհրդակցությունից անմիջապես հետո Ուկրաինայի նախագահը հանդես եկավ նոր տեսաուղերձով՝ պնդելով, որ չնայած ռազմական գործողությունների վտանգը պահպանվում է, այնուհանդերձ, համընդհանուր զորահավաքի կարիք դեռ չկա։

«Մենք պետք է արագորեն համալրենք ուկրաինական բանակը և մյուս զինվորական ստորաբաժանումները։ Ես, որպես գերագույն գլխավոր հրամանատար, պահեստազորայինների՝ հատուկ ժամանակահատվածով զորակոչի մասին հրամանագիր եմ ստորագրել։ Ցանկանում եմ ընդգծել, խոսքը բացառապես օպերատիվ ռեզերվում գտնվող քաղաքացիների մասին է», - հայտարարում էր Զելենսկին։

Սրան զուգահեռ Ուկրաինայի ԱԳ նախարարությունը այսօր կոչ է արել երկրի քաղաքացիներին զերծ մնալ Ռուսաստան ուղևորություններից՝ ընդգծելով, որ հնարավոր բարդությունների դեպքում հարևան երկրում գործող ուկրաինական դիվանագիտական ներկայացուցչությունները ի վիճակի չեն լինի պատշաճ հյուպատոսական ծառայություններ մատուցել։ Արդյոք խոսքը Ռուսաստանում գործող ուկրաինական դեսպանատան և հյուպատոսությունների մոտալուտ տարհանման կամ նույնիսկ դիվանագիտական կապերի խզման հնարավորության մասին է, Ուկրաինայի արտաքին քաղաքական գերատեսչությունը չի հստակեցնում։

ՌԴ-ն սկսել է Կիևում իր դեսպանատան, ինչպես նաև Լվովում, Խարկովում և Օդեսայում գործող հյուպատոսությունների աշխատակիցների տարհանումը

Օրվա երկրորդ կեսին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը սկսել է Կիևում իր դեսպանատան, ինչպես նաև Լվովում, Խարկովում և Օդեսայում գործող գլխավոր հյուպատոսությունների աշխատակիցների տարհանումը։ Կիևում Ռուսաստանի դեսպանատնից TACC-ի հետ զրույցում նաև հաստատել են ուկրաինական մամուլի այն տեղեկությունները, որոնց համաձայն երեկվանից դիվանագետները ներկայացուցչության բակում փաստաթղթեր են այրում։ Նման իրավիճակներում գոյություն ունեն գործողությունների մի շարք, որ հարկավոր է իրականացնել՝ նաև անվտանգության նկատառումներից ելնելով», - նշել է դիվանագետը։

«Ինտերֆաքսի» տեղեկություններով էլ՝ մի քանի ժամ առաջ դեսպանատան շենքի տանիքից իջեցվել է Ռուսաստանի դրոշը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG