Մատչելիության հղումներ

Ռուսաստանը երկրներին կոչ է անում հետևել իր օրինակին՝ ճանաչել Դոնբասի ինքնահռչակ հանրապետությունները


Ռուսաստանի ԱԳՆ շենքը Մոսկվայում, արխիվ

Մոսկվան կոչ է անում աշխարհի երկրներին հետևել Ռուսաստանի օրինակին ու ճանաչել Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունները։

«Ռուսաստանը կոչ է անում մյուս պետություններին հետևել իր օրինակին», - հայտարարել է երկրի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ Մոսկվան իր որոշումն ընդունել է «Դոնբասի բնակիչների ազատ կամարտահայտումը հաշվի առնելով»։ Ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ «հանրապետությունների բնակչությունը բախվել էր կիևյան իշխանությունների կողմից ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի»։

«Միանգամայն ակնհայտ էր, որ Կիևի համար Դոնբասը տարածք է, այլ ոչ թե մարդիկ, որոնք այնտեղ ապրում են», - ասվում է ռուսաստանյան ԱԳՆ-ի հայտարարությունում։

Ռուսաստանը երեկ պաշտոնապես ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների անկախությունը։ Ռուսական բանակն արդեն մտնում է Ուկրաինա, ըստ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, «խաղաղություն ապահովելու առաքելությամբ»: Արևմուտքը Դոնեցկի և Լուգանսկի կազմավորումների ճանաչումը միջազգային օրենքի աղաղակող խախտում է համարում​։

XS
SM
MD
LG