Մատչելիության հղումներ

Դրական ազդակներ կան, որ հայ-թուրքական նորմալացման գործընթացը կընթանա բարեհաջող. Միրզոյան


Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը և Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը համատեղ ասուլիսին։
Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգը և Հայաստանի արտգործնախարար Արարտ Միրզոյանը համատեղ ասուլիսին։

Արարատ Միրզոյանը վերահաստատեց, որ Երևանը կողմ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը։

Մոսկվայում Հայաստանի ու Թուրքիայի բանագնացների հանդիպումից շաբաթներ անց պաշտոնական Երևանը հայտարարում է՝ կան որոշակի դրական ազդակներ, որ հայ-թուրքական հարաբերությունների նորմալացման գործընթացը կընթանա բարեհաջող։

Կարգավորման գործընթացի շրջանակներում 2019-ից ի վեր առաջին անգամ հայկական և թուրքական երկու ավիաընկերություններ այսօր Երևան - Ստամբուլ և Ստամբուլ-Երևան թռիչքներ կիրակականացնեն։

Երկօրյա աշխատանքային այցով Երևան ժամանած Ավստրիայի եվրոպական և արտաքին գործերի դաշնային նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ համատեղ ասուլիսում արտգործնարար Արարատ Միրզոյանը ընդգծեց՝ Թուրքիայի հետ հարաբերությունների առումով Հայաստանի դիրքորոշման մեջ նախորդ երեսուն տարիներին մեծ հաշվով ոչինչ չի փոխվել, ու Երևանը կողմ է առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանի վերաբացմանը։

«Ահա այս նպատակադրումով, այս ակնկալիքով է, որ մենք մտել ենք այս երկխոսության գործընթացի մեջ։ Գիտեք, որ առայժմ տեղի է ունեցել մեկ հանդիպում։ Պետք է ասեմ, որ առաջին հանդիպումը իհարկե շատ բովանդակային հարցերի չի կարողացել անդրադառնալ, բայց կան որոշակի դրական ազդակներ, որ գործընթացը կընթանա բարեհաջող։ Բայց կրկնում եմ՝ սա այն հարցերից է, որոնք ակնհայտորեն միայն մեկ կողմի դիրքորոշումից չեն կախված», - ասաց Միրզոյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ՝ Ռուբեն Ռուբինյանի ու Սերդար Քըլըչի առաջին հանդիպումից մոտ մեկ շաբաթ անց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Հայաստանը հրավիրվել է այս մարտին կայանալիք Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Թեև նախորդ շաբաթ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հայտարարեց, թե հավանականությունը մեծ է, որ Հայաստանը կընդունի ֆորումին մասնակցելու Թուրքիայի հրավերը, սակայն առ այսօր Երևանը պաշտոնապես չի պատասխանել, ինչպես նաև հստակ չէ՝ դրական արձագանքի դեպքում Երևանին ո՞վ է ներկայացնելու Անթալիայում՝ արտգործնախարար Միրզոյա՞նը, թե՞ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբինյանը։

«Այո, ես և պարոն Ռուբինյանը հրավեր ենք ստացել մասնակցելու Անթալիայի միջոցառմանը։ Մենք միջոցառումը քննարկել ենք նաև պարոն Շալենբերգի հետ քիչ առաջ։ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը այս մասով դեռևս որոշում չունի, հարցը քննարկվում է։ Ուղղակի ուզում եմ նշել, որ ըստ էության կարևոր է ընդգծել, որ երկկողմ այց չի և երկկողմ համատեքստում պետք չի դիտարկել։ Սա միջազգային դիվանագիտական իրադարձություն է, որին կարող է և Հայաստանի Հանրապետությունը որոշի մասնակցել։ Ես այդտեղ ոչ միայն խնդիր չեմ տեսնի, այլև կարծում եմ, որ նույնիսկ եթե այն շաղկապենք Հայաստան-Թուրքիա երկխոսության հետ, դրական երանգներ հաղորդելուց բացի, այլ բան չունի», - նշեց Հայաստանի արտգործնախարարը։

Հայաստան-Թուրքիա հարաբերություններին անդրադարձավ նաև Շալենբերգը՝ նշելով, թե շատ հետաքրքիր է ականատես լինել այն զգուշավոր քայլերին, որոնք ուղղված են երկու երկրների հարաբերությունների նորմալացմանը, ինչը շատ մեծ քայլ կլինի ողջ տարածաշրջանի համար. - «Այո, մենք քննարկել ենք Անթալիայի [դինավագիտական ֆորումին մասնակցելու հարցը]։ Վստահ չենք՝ արդյոք այնտեղ դուք կհանդիպեք, սակայն կարծում եմ այն Թուրքիայի կողմից արված լավ ժեստ է՝ հրավիրել տարածաշրջանի գործընկերներին»։

Սպասվում է, որ Շալենբերգին ընդունելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ալեքսանդր Շալենբերգը Երևան է ժամանել շուրջ երկու տասնյակ ավստրիացի գործարարների ուղեկցությամբ։ Վաղը Երևանում կայանալու է հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ և գործարար համաժողով. - «Հոգ ենք տանում և շարունակելու ենք հոգ տանել տարածաշրջանի մասին, շարունակելու ենք հանձնառու լինել տարածաշրջանի, Հայաստանի նկատմամբ, հետաքրրքված ենք և հավատում ենք, որ առկա է մեծ ներուժ»։

Երկու օր առաջ այցելելով Ադրբեջանի մեծությամբ երկրորդ քաղաք՝ Գյանջա, նախագահ Իլհամ Ալիևը վերստին սուր հայտարարություններ է հնչեցրել Հայաստանի ու հայերի հասցեին, ինչը նախորդ շաբաթներին չէր անում։ Նա, մասնավորապես, նշել է, թե ծնկի են բերել Հայաստանը, պարտության մատնել։ Ասել է, որ Ադրբեջանը հայտարարում է, թե խաղաղություն է պետք, սակայն «չպետք է մոռանանք հայկական գազանությունները, հայկական ֆաշիզմը»։

Հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրները չլուծելը չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը. Միրզոյան

Հայաստանի արտգործնախարարն այսօր արձագանքեց. - «Հակահայ հռետորաբանությունը, ագրեսիվ հռետորաբանությունը, ագրեսիվ քայլերը սահմանին և հումանիտար խնդիրը չլուծելը՝ օրինակ, ռազմագերիների շարունակական առկայությունը Ադրբեջանում, մեղմ ասած, չեն նպաստում կառուցողական մթնոլորտի ստեղծմանը։

Միրզոյանը հավելեց, թե Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը ակնառու է նաև այլ հացերում. Բաքուն փորձում է սահմանափակել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը Արցախում. - «Նրանք պարտադրում են ոչ միայն այլ միջազգային կառույցների, այլև նույնիսկ Միջազգային կարմիր խաչի կոմիտեին, որ մաքուր հումանիստական, հումանիտար, մարդասիրական կազմակերպություն է, մարդասիրական նպատակներ հետապնդող կազմակերպություն է և որևէ քաղաքական ենթաշերտ և կոնտեքստ չունի, և ահա Ադրբեջանը պարտադրում է նույնիսկ Միջազգային կարմիր խաչին տեղավորվել այն քաղաքականության մեջ, որը իրենք են տեսնում։ Սա միակ կազմակերպությունն է, որը այս տարիների ընթացքում ունեցել է ներկայություն, մուտք ու ելք է ունեցել Լեռնային Ղարաբաղ։ Եվ այժմ Ադրբեջանը ըստ էության նույնիսկ սա է սահմանափակում»։

Արարատ Միրզոյանի հայտարարությանը այսօր արձագանքել է Ադրբեջանի արտգործնախարարությունը, թե՝ «մեր երկրի ինքնիշխան հողերում ցանկացած միջազգային կազամակերպության գործոնեությունը միջազգային կազմակերպության և Ադրբեջանի երկկողմ հարցն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG