Մատչելիության հղումներ

Հայաստանը Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավեր է ստացել


Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է Հայաստանին Անթալիայի դիվանագիտական ֆորումին հրավիրելու մասին: Պաշտոնական Երևանն առայժմ չի հստակեցնում՝ կմասնակցի՞ ֆորումին, թե՞ ոչ։

«Այս տարի մարտի 11-ից 13-ը անցկացվող Անթալիայի դիվանագիտական երկրորդ ֆորումին Լատինական Ամերիկայից ավելի լայն մասնակցություն ենք ակնկալում: Այս պահին լատինաամերիկյան 6 երկրի ԱԳ նախարարներ հաստատել են իրենց մասնակցությունը: Աշխարհի բոլոր երկրներից բոլորին հրավիրում ենք: Ուզում ենք, որ յուրաքանչյուրի ձայնը այս հարթակում լսելի լինի: Այժմ իրենց մասնակցությունը հաստատել են արդեն 39 երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարներ: Հրավիրել ենք նաև մեր հարևան երկրներին՝ Հայաստանին, Հունաստանին, Կիպրոսի հունական հատվածին, Իսրայելին և Եգիպտոսին», - ասել է Չավուշօղլուն Անկարայի համալսարանում Լատինական Ամերիկայի երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ։

Նա նաև նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իր հերթին մասնակցության հրավերներ է ուղարկել աշխարհի մի շարք երկրների ղեկավարներին, այժմ սպասում են պատասխանների:

Պաշտոնական Երևանը հաստատում է՝ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Անկարայի հրավերը ստացել է։ Արտգործնախարարության մամուլի խոսնակ Վահան Հունանյանի փոխանցմամբ, այժմ գերատեսչությունը քննարկում է նախարարի՝ այդ միջոցառմանը մասնակցելու նպատակահարմարությունը։

Անցած տարի կայացած առաջին ֆորումին մասնակցել են Հայաստանի հարևաններ Իրանի, Վրաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։

Անթալիայի դիվանագիտական ֆորումը հարթակ է, որտեղ աշխարհի տարբեր երկրներից հրավիրված պետական առաջնորդները, քաղաքական գործիքչները, դիվանագետները, գիտնականներն ու գործարարները քննարկում են աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հարցեր, ներկայացնում իրենց տեսակետները, տեսլականներն ու լուծման հեռանկարները:

Ֆորումի նպատակը աշխարհի ու տարածաշրջանի ապագայի շուրջ նոր գաղափարների, միտումների և օրակարգի ձևավորումն է:

Նախագահ Էրդողանի գլխավորած նախարարական կաբինետի նիստից հետո Չավուշօղլուն երեկ նաև խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին։ Նա նշել է, որ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը քննարկել են գործընթացի մեկնարկի նպատակները և ակնկալիքները:

Չավուշօղլուի խոսքով, Թուրքիայի նպատակը Հայաստանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորումն է, և Երևանը շատ գոհ է Անկարայի այդ դիրքորոշումից։ Այժմ փոխադարձ թռիչքների վերսկսումից և հատուկ ներկայացուցիչներից բացի, աշխատելու են հաջորդ քայլերի ուղղությամբ:

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը ասել է, որ հայ և թուրք բանագնացները այս օրակարգի շուրջ են աշխատելու: Քննարկվելու են վստահության բարձրացմանն ուղղված քայլերը: Բայց թե կոնկրետ ինչ քայլեր կլինեն, Չավուշօղլուն չի մանրամասնել։

Անցած ուրբաթ Մոսկվայում կայացած Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ Ռուբեն Ռուբինյանի և Սերդար Քըլըչի առաջին հանդիպումը կողմերը դրական և կառուցողական էին որակել: Բանագնացները իրենց նախնական մտքերն են փոխանակել Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության միջոցով կարգավորման գործընթացի վերաբերյալ և համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորմանն ուղղված բանակցությունները՝ առանց նախապայմանների:

Առայժմ հայտնի չէ, թե երբ և որտեղ կկայանա հայ և թուրք բանագնացների հաջորդ հանդիպումը։

XS
SM
MD
LG