Մատչելիության հղումներ

«Ես Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանում։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է». Վահագն Խաչատրյան


Մինչև Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակվելը 62-ամյա Խաչատրյանը քաղաքական վերջին պաշտոնը զբաղեցրել է 90-ականների ավարտին

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Հայաստանի նախագահի հավանական թեկնածու, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի կաբինետին միացել է կես տարի առաջ։

62-ամյա Խաչատրյանը քաղաքական վերջին պաշտոնը զբաղեցրել է 90-ականների ավարտին և ավելի քան 20 տարիների ընթացքում նա առավել հայտնի էր իր տնտեսագիտական վերլուծություններով։

Խորհրդային տարիներին Խաչատրյանը ղեկավար պաշտոններ է զբաղեցրել «Հրազդանմեքենա» և «Մարս» գործարաններում։ Քաղաքական իր գործունեությունը սկսել է նորանկախ Հայաստանի կազմավորման շրջանում։ 1992-1996 թվականներին, երբ նախագահը Լևոն Տեր-Պետրոսյան էր, եղել է Երևանի քաղաքապետը, 1996-1999 թվականներին՝ ԱԺ պատգամավոր: 1996-1998 թվականներին զբաղեցրել է նաև նախագահ Տեր-Պետրոսյանի խորհրդականի պաշտոնը:

Ուշագրավ է, որ կառավարության պաշտոնական էջում նախարարի կենսագրական բաժնում Լևոն Տեր-Պետրոսյանի առաջնորդած Հայ ազգային կոնգրեսի մասին ոչինչ չկա, մինչդեռ Խաչատրյանը այդ կուսակցության նախկին անդամ է։

Նախագահի հավանական թեկնածուն իրեն հիմա անկուսակցական է համարում. - «Որովհետև ինքս իմ մեջ կուսակցական գործունեությունը դադարեցրել եմ, ուղղակի ֆորմալ առումով էնտեղ դիմում լինելու կամ չլինելու հանգամանքն է, որ հիմա ճշտվում է»։

2021 թվականի օգոստոսի 6-ին, երբ Խաչատրյանն ընդամենը 2 օրվա նախարար էր, լրագրողները նրան հիշեցրել էին Փաշինյանի թիմին միացած ու ՀԱԿ-ից հեռացած գործիչների մասին Տեր-Պետրոսյանի գնահատականը։ Հիշատակել էին, մասնավորապես, վարչապետի նախկին խոսնակ, այժմ Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի անունները։ Առաջին նախագահը երևույթը «էլեմենտար ճամբարափոխություն, առնետավազք» էր որակել։ Այդ խոսքերից երկու ամիս անց Խաչատրյանը միացավ Փաշինյանի թիմին։

«Ես Տեր-Պետրոսյանին չեմ պատասխանում։ Որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն է», - ասել էր Խաչատրյանը։

Փաշինյանի թիմին միանալուց հետո անգամ Խաչատրյանը շարունակեց հավատարիմ մնալ առաջին նախագահի խաղաղության թեզին։ Անցած տարի սեպտեմբերի 2-ին կառավարության նիստից հետո ի պատասխան լրագրողի հարցի՝ արդյո՞ք այսօր բավարար հիմքեր կան Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելու համար, Խաչատրյանն ընդգծել էր՝ հիմքերը միշտ են եղել. - «Այն օրվանից, երբ որ Հայաստանի Հանրապետությունը որպես անկախ պետություն ձևավորվել է՝ երեսուն տարի առաջ, այդ օրվանից սկսած այդ հիմքը եղել է։ Եվ այսօր էլ կա այդ հիմքը, և մենք պետք է կարողանանք դա օգտագործենք։ Պետք է թշնամու հետ բարեկամանալ նաև այն ժամանակ, երբ որ պատերազմ է գնում»։

Նախքան Փաշինյանի կառավարությանը մաս կազմելը մասնագիտությամբ տնտեսագետ Խաչատրյանը հիմնականում դրական էր արտահայտվել ներկայիս իշխանությունների տնտեսական քաղաքականության մասին։ 44-օրյա պատերազմից հետո, երբ տարածաշրջանի ապաշրջափակման թեման դարձավ թիվ մեկ քննարկման առարկա, Խաչատրյանը «Ազատության» տաղավարում հայտարարել էր՝ եթե պետք է ճանապարհը բացվի և ներդրումներ լինեն, զուտ տնտեսագիտորեն տրամաբանական չէ արհեստական խոչընդոտներ ստեղծելը. - «Էստեղ շատ կարևոր հանգամանք է իհարկե քաղաքական գործոնը։ Եվ քաղաքական գործոնն է, որ մինչև հիմա խանգարել է, այդ քսան տարիների ընթացքում շահարկվել է և ոչինչ չի արվել։ Ես նորից եմ կրկնում՝ պետք է էնպիսի մի իրավիճակում մենք լինեինք, երբ որ ապաշրջափակման հարցը արդեն օրակարգում լիներ, գզրոցներից կամ դարակներից այս փաստաթղթերը պետք է հանվեն, դնեին սեղանին ուղղակի»։

Իր քաղաքական կարիերայի 30 տարիների ընթացքում Վահագն Խաչատրյանը մշտապես քննադատել է թե՛ երկրորդ, և թե՛ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։

«Իշխանությունը մեկ անգամ ևս ցույց տվեց, որ ինքը գոյություն չունի։ Ինքը կա միայն և միայն կրիմինալ դաշտում։ Հայաստանը գտնվում է խորը ճգնաժամի մեջ տնտեսական, սոցիալական, բոլոր բնագավառներում, համակարգային ճգնաժամի մեջ։ Եվ մեր անելիքը իսկապես մեկն է՝ իշխանափոխություն իրականացնել», - 2011 թվականի նոյեմբերի 25-ի հանրահավաքում հայտարարել է նա։

2008-12 թվականներին Խաչատրյանը թեև ակտիվորեն մասնակցում էր ՀԱԿ-ի կազմակերպած ցույցերին, ելույթներ ունենում, սակայն քաղաքական դաշտ վերադարձի փորձ արեց 2013-ին, մասնակցեց Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ գլխավորելով ՀԱԿ-ի ցուցակը։ Կոնգրեսը չհաղթահարեց 5 տոկոս շեմը և մայրաքաղաքի ավագանու մաս չկազմեց։ Ուշագրավ է, որ Խաչատրյանի՝ դեռ 9 տարի առաջ բարձրաձայնած խնդիրներն անգամ իշխանափոխությունից հետո էլ լուծված չեն։

Վերջին տարիներին՝ 2019- 2021 թվականներին Խաչատրյանը «Հայէկոնոմբանկի» խորհրդի անդամ է եղել: Բանկի ղեկավար կազմում ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբայր՝ Սարիբեկ Սուքիասյանն է։

Ի դեպ, Խաչատրյան հետ կապված վերջին աղմկահարույց պատմությունը կապված էր հենց Սուքիասյանների ընտանիքի հետ։ «Հետք» պարբերականն էր բացահայտել, որ 90-ականներին, Խաչատրյանի քաղքապետ աշխատած տարիներին Սուքիասյանների ընտանիքը ընդամենը 5 հազար 655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհել է Արամի 3 հասցեի շենքը և օգտագործել բիզնես նպատակներով։

Խաչատրյանն այսօր «Ազատության» հարցին պատասխանելիս ասաց, որ ինքն է խնդրել Սուքիասյանին գնել այդ շենքը, ասաց նաև, որ այդ տարիներին այլ գործարարների էլ դիմել էր նման խնդրանքով. - «Շատերին եմ խնդրել։ Ցավոք սրտի, արձագանքողները քիչ են եղել։ 95 թվականի, 94 թվականի, 93 թվականի Երևանում ներդրում անողների թիվն անսահման փոքր էր, զրո։ Կուզեմ, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունում շատ մատչելի գնով ներդրողներին տրամադրեն այդպիսի չկառուցված, քանդված կամ կիսաքանդ վիճակում անշարժ գույքեր»։

Մամուլի ուշադրությունը Վահագն Խաչատրյանի վրա կենտրոնացել էր ևս մի ուշագրով դրվագի արդյունքում։ Անցած տարի հոկտեմբերին, երբ քովիդից օրական մի քանի տասնյակ մարդ էր մահանում, տասնյակ պաշտոնյաներ ու օտարերկրյա հյուրեր նախագահականի փակ դահլիճում բազմամարդ միջոցառման էին մասնակցում՝ առանց դիմակների։ Աղմուկ բարձրացրած այդ միջոցառման կադրերում միայն Վահագն Խաչատրյանն էր դիմակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG