Մատչելիության հղումներ

Խաչատրյանը չի հերքում, որ նախագահի թեկնածու դառնալու առաջարկ է ստացել


Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանն, ըստ էության, հաստատում է, որ իշխող ուժից նախագահի թեկնածուն դառնալու առաջարկ է ստացել։ Այսօր լրագրողների հետ զրույցում Խաչատրյանը, սակայն, սխալ համարեց այդ մասին խոսելը, քանի դեռ չկա գործող նախագահի լիազորությունների դադարեցման մասին պաշտոնական որոշումը։

«Այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա վաղը, և գեղեցիկ չի լինի, որ այսօր որևէ մեկնաբանություն անենք, մարդը դեռևս հնարավորություն ունի, կարող է իր դիմումը հետ վերցնել», - ասաց Խաչատրյանը:

«Նման խոսակցություն դեռ չի եղել», - այսպես արձագանքեց Խաչատրյանը «Փաշինյանից առաջարկ ստացե՞լ եք» հարցին: Բայց զարմացած չէ, որ իր անունը շրջանառվում է մամուլում։ Առաջիններից մեկը այս մասին, ի դեպ, գրեց վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակը»։ Առանց հստակ աղբյուր նշելու՝ Խաչատրյանի հավանական թեկնածության մասին հայտնեցին նաև պետական «Արմենպրես» գործակալությունն ու Հանրային հեռուստաընկերությունը։

«Անակնկալ է այնքանով, որ անակնկալ էր ինչ-որ տեղի ունեցավ մեկ շաբաթ առաջ: Դրանից առաջ իմ մտքով էլ չէր կարող անցնել երբևիցե, որ կարելի է ընդհանրապես դառնալ այդ պաշտոնի մասին գոնե մտածող մարդ: Տեսականորեն պետք է շրջանառվեր: Պարզ ասեմ՝ հաշվի առնելով բոլոր այն չափանիշները, որ կա՝ 40 տարեկանից բարձր, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ահագին ճանապարհ անցած մարդ, նաև այսօր նախարար, այդ պայմաններում կարելի է ենթադրել, որ ես կարող եմ հայտնվել այդ ցուցակում», - նշեց բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարը:

Չորս տարի պաշտոնավարած նախագահ Արմեն Սարգսյանը մեկ շաբաթ առաջ էր խորհրդարանին հրաժարականի դիմում ներկայացրել և յոթ օր ուներ այն հետ վերցնելու համար։ Այսօր վերջնաժամկետն է։ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց՝ աշխատանքային օրվա ավարտին նախագահը դիմումը հետ չի վերցրել:

«Վաղվանից արդեն կկազմվի համապատասխան արձանագրությունը, որից հետո Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ժամանակավորապես կփոխարինի հանրապետության նախագահին», - «Ազատությանը» փոխանցեց Խաչատրյանը։

Համաձայն Սահմանադրության, նախագահի պաշտոնը թափուր մնալուց ոչ շուտ, քան 25, և ոչ ուշ, քան 35 օր հետո անցկացվում է նախագահի արտահերթ ընտրություն: Մինչև նորընտիր նախագահի կողմից պաշտոնի ստանձնումը նախագահի լիազորությունները կկատարի Ազգային ժողովի նախագահը: Ալեն Սիմոնյանի պարտականություններն այդ ընթացքում կկատարի ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը։

«Առավել ձայներ ստացած Ազգային ժողովի նախագահի տեղակալը Հակոբ Արշակյանն է։ Ալեն Սիմոնյանը թերևս կտեղափոխվի նախագահական», - ասաց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսելով նոր նախագահի մասին, ասել էր, որ նա պետք է լինի իրենց քաղաքական թիմին ներդաշնակ մարդ։ «Վարչապետի այս ձևակերպումը Ձեզ համար կաշկանդող չէ՞», - հետաքրքրվեցինք Խաչատրյանից, ասաց, ոչ, ավելին, իր պատկերացումները ևս այդպիսին են:

«Այդպես էլ պետք է լինի, ի վերջո ես կարծում եմ՝ ամեն իմ բացասական մոտեցումներով կառավարման այս համակարգին, երևի հիշում եք 2015 թվականին էլ մեր պայքարը, դրանից առաջ էլ, բոլորս էլ հիշում ենք, թե ինչ պայմաններում էր ընդունվել և, ցավոք սրտի, ճիշտ դուրս եկանք, որ այս կառավարման համակարգը ունի լրջագույն թերություններ՝ հաշվի առնելով մի հանգամանք, որ մենք դեռևս լիարժեք կայացած ժողովրդավարական երկիր չէինք», - արձագանքեց նա:

Արմեն Սարգսյանը հրաժարական ներկայացնելիս հայտարարեց, թե «նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա»:

Վահագն Խաչատրյանը առաջարկեց նախագահի սահմանափակ լիազորությունների մասին խոսել վաղը. «Բոլոր դեպքերում կա Սահմանադրություն, որով ապրում ենք, և այդ Սահմանադրությամբ այն պաշտոնները, որոնք կան, այդ թվում նաև երկրի նախագահի, ունեն որոշակի լիազորություններ և այդ Սահմանադրության տրամաբանության մեջ այդ լիազորությունները պետք է կատարվեն»:

Նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իշխող խմբակցությունը առաջին փուլում միայնակ չի կարող ընտրել, քանի որ 71 պատգամավոր ունի։ Սահմանադրությամբ նախատեսվում է ևս երկու փուլ։ Երկրորդ և երրորդ փուլերի համար ավելի պակաս քվե է անհրաժեշտ՝ 65 և 54 ձայն, երկրորդ փուլում իշխող թիմը արդեն միայնակ կարող է իր առաջադրած թեկնածուին նախագահ ընտրել։ Վահագն Խաչատրյանն ասաց՝ իր համար կարևոր է ստանալ նաև ընդդիմության ձայները:

«Ես կարծում եմ՝ ցանկացածի համար կարևոր է, որ հենց ընդդիմությունն էլ լինի, որովհետև ի վերջո այս պաշտոնը նաև դրա համար է՝ համերաշխության», - ընդգծեց նախարարը:

Խորհրդարանական ընդդիմությունից՝ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից արդեն իսկ հայտարարել են՝ իշխանության թեկնածուին չեն աջակցելու, բայց Վահագն Խաչատրյանի թեկնածության մասին մեկնաբանություն անելը դեռ վաղ են համարում։ Սպասում են պաշտոնական առաջադրմանը։

Ի դեպ, 62-ամյա նախարարը այսօր մեկ հարցում հստակություն մտցրեց։ Խաչատրյան, թե՞ Խաչատուրյան։ Տարիներ առաջ փաստաթղթերում վրիպակի պատճառով է իր ազգանունը դարձել Խաչատուրյան, որն էլ նշված է կառավարության կայքում։ Ինքը «Խաչատրյանի» կողմնակիցն է.- «Խաչատրյան ինձ համար ավելի հարազատ է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG