Մատչելիության հղումներ

«Սիլ պլազա»՝ պատկերասրահի փոխարեն բիզնես կենտրոն․ իրավապահներն ուսումնասիրում են հրապարակումը


ՔՊ պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանը, արխիվ

Հայաստանի նկարիչների միության հնաբնակները՝ նախագահը, նախկին նախագահը այդպես էլ չեն կարողանում հիշել և տեղեկություն էլ չունեն, թե այդ երբ է Երևանի ամենակենտրոնում՝ Աբովյան և Արամի փողոցների խաչմերուկում գտնվող «Սիլ պլազայի» շենքում գործել պատկերասրահ։

Ժամանակին այդ շենքը հենց պատկերասրահ դարձնելու նպատակով էր հատկացվել այժմ իշխող խմբակցության պատգամավոր, գործարար Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին։ Այնինչ, Սուքիասյանը երեկ պնդել է, թե սեփականաշնորհումից, վերակառուցումից հետո շենքը որոշ ժամանակով ծառայել է որպես պատկերասրահ։

«Դուք ուզում եք ասեք, որ այդտեղ գրված է եղել, որ պետք է լինի պատկերասրա՞հ, այո, պատկերասրահի մակարդակով սկզբնական շրջանում նկարները կախվել են, մի մարդ չի մտել էդտեղ, հետո որոշեցին առևտրի կենտրոն, հետո որոշեցին գրասենյակ։ Հիմա չի կարող կոմերցիոն առումով մարդը ձեռք բերի, միլիոնները ծախսի, մեկ էլ ասի՝ «գիտեք ինչ, պետք է պատկերասրահ լինի»։ Խնդրեմ, պատկերասրահ ուղղակի մարդ չի գալիս, պատկերասրահով էլ չես կարողանում աշխատավարձ տալ», - ասաց Սուքիասյանը։

«Այն նյութերը, այն փաստաթղթերը, որոնք որ ուսումնասիրել եմ նյութը գրելիս, դրանցում որևէ տեղ չեմ հանդիպել, որ այս շենքը ծառայել է որպես նկարների վաճառատուն», - «Ազատության» հետ զրույցում ասաց «Հետք» պարբերականում հրապարակված հոդվածի հեղինակ, լրագրող Տիրայր Մուրադյանը։

«Սեփականաշնորհում՝ ջրի գնով»

«Հետքի» «5655 դոլար. սեփականաշնորհում՝ ջրի գնով» ծավալուն հետաքննության համաձայն՝ Երևանի նախկին քաղաքապետ, այժմ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանի պաշտոնավարման ժամանակ քաղաքային իշխանությունը ցանկացել է հայ նկարիչների ստեղծագործությունների վաճառատուն ունենալ։ Այդ նպատակով Արամի 3 հասցեի շենքը հատկացրել են «Սիլ կոնցեռնի» հիմնադիր Ալբերտ Սուքիասյանի կոոպերատիվին։ Ալբերտ Սուքիասյանը պատգամավորի հայրն է։ Անշարժ գույքն ընդամենը 5 հազար 655 ԱՄՆ դոլարով սեփականաշնորհելուց հետո, այն չի ծառայել իր նպատակին։ Սուքիասյանները վերակառուցել են շենքը և օգտագործում են բիզնես նպատակներով։

«Ասաց՝ «չի արդարացվել պատկերասրահը եկամուտ չունեցող բան էր»։ Մի փոքր զարմանալու է այն, որ ցանկացած բիզնեսմեն, ով որ ինչ-որ բանի մեջ ներդրում է անում, հաշվում է, թե ինչ եկամուտներ հետագայում պետք է ստանա դրա դիմաց։ Իրենց էս շենքը հատկացվել է կոնկրետ նպատակով, որ էստեղ պետք է վերակառուցվի և օգտագործվի որպես պատկերասրահ, և իրենք պատերազմից հետո, պարոն Սուքիասյանն էլ է ասում, որ էդ վատ տարիներին գինն ինչքան ցածր էր։ Իրենք չգիտեի՞ն, որ պատկերասրահ այցելողներ մեծ չեն լինելու, կամ պետկերասրահի մջոցով բիզնես չեն անելու, և այն գինը, որով որ սեփականաշնորհվել է այս տարածքը, գույքը, ցածր է ներկայացվում պատգամավորի կողմից․ Երևանի կենտրոնում գտնվող հողատարածք է և ինչքան էլ որ ցածր լիներ, էդ գնով դժվար թե լիներ։ Հասկանալի է դրամի արժեզրկումը, բայց եթե դա լիներ մասնավոր մեկի վաճառելունը, վստահաբար չէր լինի ընդամենը 5 հազար 655 դոլար», - ասաց Տիրայր Մուրադյանը։

Արդյո՞ք Սուքիասյանը «ջրի գնով» սեփականաշնորհման այս գործարքում կոռուպցիոն ռիսկ չի տեսնում։ «Դե լաաավ, հա», - արձագանքեց պատգամավորը։

«Սիլ պլազայի» վերակառուցմուն ավարտվել է 1997-ին։ Մինչ այդ 19-րդ դարի այդ շինությունը համարվել է պատմամշակութային հուշարձան։ Վերակառուցումից հետո, սակայն, շենքը դուրս է մնացել հուշարձանների ցանկից։ Պատկերասրահի փոխարեն շենքում տեղ է գտել, օրինակ, սպորտային խանութներից մեկը, բանկ, ապահովագրական ընկերություն։

«Այս դրվագով ներկաներն այդքան էլ շատ չեն տարբերվում նախկիններից»

«Հայաստանի գործող իշխանությունները գրեթե ամեն օր խոսում են նախկիններից, նախկիններից և նախկիններից, բոլոր չարաշահումները, Հայաստանին պատուհասած բոլոր խնդիրները տեսնում են նախկինների մեջ։ Մենք փորձեցինք պարզել, թե իրենց շարքերում գտնվող պաշտոնատար անձինք ինչ գործարքների միջով են կարողություն կուտակել և ինչով են տարբերվում նախկիններից, և պարզվում է, որ կոնկրետ այս դրվագով այդքան էլ շատ չեն տարբերվում», - ասաց լրագրողը։

Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ «Հետքի» հրապարակումն այժմ իրավապահներն ուսումնասիրում են։

XS
SM
MD
LG