Մատչելիության հղումներ

Չենք կարող չհամաձայնել, որ տնտեսական ճգնաժամ կա, բայց «սոցիալական ճգնաժամ» բառին համաձայն չեմ. տնտեսագետ


Հայաստանի՝ համաճարակային դրության մեջ գտնվող տնտեսությունը, վարչապետ Նիկոլ Փաշինյանի բնութագրմամբ, ճգնաժամային չէ, սակայն տնտեսագետները թվերով են հակադարձում ու ասում՝ երկրում տնտեսական ճգնաժամ է:

«Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հյուրն էր տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը:

Ստորև՝ հատված հարցազրույցից.

«Ազատություն». – Վարչապետը իր ելույթում ասաց, որ սոցիալական ճգնաժամ, տնտեսական ճգնաժամ չկա՝ կան սոցիալական խնդիրներ, որոնք առաջացել են այս պանդեմիայի ժամանակ, բայց սոցիալական ճգնաժամ որպես այդպիսին գոյություն չունի: Հիմա Դուք ի՞նչ եք կարծում՝ մենք ունե՞նք տնտեսական ճգնաժամ, ունե՞նք սոցիալական ճգնաժամ:

Վահագն Խաչատրյան. – Եթե մասնագիտական գնահատական ենք տալիս, չենք կարող չհամաձայնվել, որ տնտեսական ճգնաժամ կա: Մինուս 5,7 տոկոս համախառն ներքին արդյունքի անկում՝ չենք կարող էս պայմաններում մենք ասել, որ տնտեսական ճգնաժամի մեջ չենք գտնվում, որովհետև զուտ մասնագիտական նաև գիտենք, որ եթե երկու եռամսյակ տնտեսական աճ չի արձանագրվում, այդպիսի երկրները կամ այդպիսի տնտեսությունները համարվում են ռեցեսիայի կամ ճահճային վիճակում գտնվող:

Հիմա, քանի որ հաջորդ կանխատեսումները՝ հաջորդ եռամսյակի հետ կապված և մինչև տարվա վերջ, այդպիսին են, որի մասին վերջին անգամ խոսել է Կենտրոնական բանկի նախագահը՝ կանխատեսելով 5,2 տոկոս տնտեսական անկում, տնտեսական ճգնաժամ իրոք կա, և մենք ապրում ենք տնտեսական ճգնաժամի պայմաններում արդեն մարտ-ապրիլ ամսից սկսած, և պետք է սա ընդունել իրականություն:

Բայց սրա շրջանակներում ասել, որ սոցիալական ճգնաժամ կա՝ ես այդ բառը խիստ համաձայն չեմ դրա հետ, ես կարող եմ ասել՝ սոցիալական խնդիրներ և սոցիալական լարվածություն կա: Սա էլ հասկանալի է՝ այդպիսին պետք է լիներ, որովհետև իրականում այն պայմաններում, որ հիմա գտնվում ենք մենք, չէր կարող սոցիալական խնդիրներ մեզ համար չառաջացնել՝ և՛ աշխատատեղերի կորուստներ, և՛ աշխատավարձի նվազում, կամ, ամենակարևորը՝ երկու նշանակություն ունեցող տնտեսության վրա բնագավառներ, ինչպիսին տուրիզմն է և դրանով պայմանավորված՝ սննդի մատակարարման, այդ ռեստորանների բնագավառն է, դրանք գտնվում են ճգնաժամային վիճակում, և մինչև տարվա վերջ մենք չգիտենք ինչ կլինի, որովհետև տուրիստների հետ ներգնա, իսկ այդ կանխատեսումները, որոնք մարտին արվում էին, որ հունիսին սահմանները կբացվեն, հուլիսին, օգոստոսին, հիմա՝ սեպտեմբերին, կամ երբ՝ չգիտենք, և այդ պատճառով դրանք իրենց բացասական ազդեցությունը տնտեսության վրա և մարդկանց վրա կունենան:

Ի ուրախություն ինձ և ի զարմանքս նաև շատերի՝ դրական առումով, մեր Կառավարությունը ապրիլ ամսի վերջին-մայիսի կեսերին գնաց մի քայլի, որը ուղղակի պետք է համարել քաղաքական խիզախություն՝ այսպիսի գնահատական տալ՝ ուղղակի տնտեսական կյանքը աշխուժացնել: Շատերը չեն փորձել դա անել՝ նույն եվրոպական շատ երկրներ, լոքդաուն հասկացողությունը ամբողջական շարունակվեց մինչև հունիս ամիս, մարդիկ սպասում էին, որ պետք է համաճարակային խնդիրները վերջնականապես լուծեն, նոր ակտիվացնեն տնտեսական կյանքը, մեր Կառավարությունը այլ քաղաքականություն վարեց՝ ինքը այդ վիճակում, դեռևս առողջապահական խնդիրների պայմաններում, համաճարակի պայմաններում որոշեց, որ տնտեսությունը պետք է աշխատի, և սկսեց իրականացնել այդ այսօր արդեն 24 տարբեր տնտեսական ծրագրեր, որոնք ուղղված են եղել, նպատակադրված են եղել մեկ նպատակի՝ տնտեսությունը աշխատացնել, տնտեսության աշխատելու միջոցով սոցիալական պրոբլեմները լուծել:

XS
SM
MD
LG