Մատչելիության հղումներ

Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ ԱՄՆ. Վահագն Խաչատրյան


Անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում՝ դուրս գալու դեպի Ռուսաստան կամ Ամերիկայի Միացյալ Նահանգներ, «Ազատության» հետ զրույցում հայտարարեց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Մենք տեսնում ենք, որ արտագաղթ է սկսվել, ես չգիտեմ՝ վիճակագրությունը որքանով է ստույգ, բայց դրանք վկայում են, որ արտագաղթը նորից սկսվել է, աշխատող ձեռքը նորից գնում է, դա կարող է այլ գործոններով էլ պայմանավորված լինել, ոչ միայն պատերազմով: Բայց ինչը կարող է լինել այն խթանը, այն մեկնարկը, որը կարող է տեղից շարժել տնտեսությունը առաջ, այդ աշխատող ձեռքի պակասն ինչպե՞ս ենք լրացնելու:

Վահագն Խաչատրյան. - Շատ ճիշտ դիտարկում եք անում, միջազգային գործակալությունները, մեր գործընկերները մեզ վստահում են, ընդամենը երեք օր առաջ կառավարության նիստի ժամանակ ֆինանսների նախարարը մանրամասն ներկայացրեց, որ իրենք չեն փոխել իրենց գնահատականը, վերաբերմունքը հիմնականում նաև ներդրումային դաշտի հետ կապված, որ ըստ էության իրենք գնահատում են, որ Հայաստանն այդ առումով բավականին լավ վիճակում է գտնվում, բայց երբ որ գալիս ենք մեր տեղական միջավայրին, չգիտես ինչի խնդիրներ են առաջանում, և արտագաղթի խնդիրը դրանցից մեկն է կամ ներդրումային խնդիրը դրանիցից երկրորդն է: Ես կարծում եմ, որ ինչ-որ առումով անորոշությունն իր ազդեցությունը թողնում է մեր առօրիայում, մեր կյանքում, ես այդպես եմ գնահատում: Նույնիսկ ոչ թե վստահությունը, այլ անորոշությունը: Մենք որպես կառավարություն պետք է կարողանանք ավելի հստակ մեր մոտեցումները հանրությանը ներկայացնենք՝ գործարարներին, քաղաքացիներին, բոլորին:

Պետք է միգուցե ավելի շատ ուղղակի մարդկանց հասկանալի լեզվով ասել՝ ինչ է նշանակում Հայաստանը մեզ համար 22 թվականին, 23-ին, 24-ին, 25-ին, որովհետև ի վերջո կառավարության ծրագիրը հենց էդպես է, այս անորոշությունն է, որ շատերի մոտ առաջացնում է ցանկություն, մղում դուրս գալու դեպի Ռուսաստան կամ դեպի Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Այսինքն՝ լավ կյանքի ձգտումը, ավելի քիչ դժվարություններ ունեցող կյանքը մարդկանց տանում է դեպի դուրս: Սա ոչ ոք չի էլ կարող արգելել, և ես էլ այն մարդկանցից չեմ, որ հայրենասիրական ավելորդ պատճառաբանություններով մարդկանց փորձեմ կանգնեցնել: Ուրեմն մեր մոտ ինչ-որ մի բան այն չէ, որ մարդիկ գնում են, ես այս հարցադրումն ինձ համար այսպես եմ անում:

«Ազատություն». - Դուք հիմա, փաստորեն, իբրև նախարար ամեն ինչ անելու ենք, որպեսզի այդ ամենը շրջվի:

Վահագն Խաչատրյան. - Ես պարտավոր եմ անել և անելու եմ: Մի բան էլ ասեմ, որ մենք մի յուրահատուկ իրավիճակում ենք, որտեղ մենք իրականում ունենք որակյալ աշխատուժի կարիք, բավականին բարձր վարձատրվող աշխատուժի կարիք, բավականին շատ: Սա այն դեպքը չէ, որ մարդիկ գնում են, որովհետև աշխատանք չունեն, այս խնդիրն էլ, խնդրում եմ, հաշվի առեք: Շատ դեպքերում, երբ որ իմ ծանոթները կամ ընկերները ուզում են գնալ, ես ուզում եմ հասկանալ մոտիվացիան որն է: Շատերի դեպքում՝ պարզապես գնալ այստեղից, երևի անորոշության կամ այստեղի խնդիրներն իրենց համար լուծելի չլինելու պատճառով, միգուցե դա էր պատճառը:

Բայց երբ որ ես ասում եմ, որ կա հնարավորություն աշխատելու, կա աշխատատեղ, այսինքն այն չի, որ այդ աշխատատեղն էլ ցածր վարձատրվող է, բավականին բարձր վարձատրվող է: Մարդկանց մոտ ինչ-որ մոտիվացիոն առումով խնդիր է առաջացել, իրենց ընկերները կանչում են Ամերիկայի Միացյալ Նահանգներ, այնտեղ բավականին հեշտ կյանք են ներկայացնում, բայց ես շատ լավ հասկանում եմ, թե ինչ է նշանակում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ընդհանրապես ապրելը, այդ ռիթմին ենթարկվելը կամ այդ ռիթմի մեջ ընկնելը: Այստեղ այն առօրյա ազատությունը, որ կա մեր երկրում հարաբերությունների առումով, շփվելու առումով, մարդկային այդ ջերմության պակասը բոլոր տեղերում կա: Հետագայում բոլորն էլ խոստովանում են իսկապես, որ մեզ պակասում է դա: Շատերը հետ են գալիս հենց այդ մթնոլորտի պատճառով: Հիմա մենք պետք է կարողանանք նաև այդ անորոշությունները վերացնել, հստակություն մտցնել մեր գործողություններում:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև.

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG