Մատչելիության հղումներ

Ռուսաստանի դեմ դիտարկվում են նոր, առավել կոշտ ու ցավոտ պատժամիջոցներ Ուկրաինայի վրա հարձակման դեպքում


Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, արխիվ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները, արխիվ

Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի այսօր նախատեսված բանակցություններին ընդառաջ ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են Ռուսաստանի դեմ հնարավոր նոր և առավել կոշտ պատժամիջոցների մասին, որոնք Արևմուտքը կարող է կիրառել Մոսկվայի դեմ, եթե Ռուսաստանը որոշի ներխուժել Ուկրաինա։

Խոսքը, մասնավորապես, ֆինանսատնտեսական ցավոտ սահմանափակումների մասին է, որոնք կարող են հարվածել նաև շարքային ռուսաստանցիներին։ Հնարավոր տարբերակներից մեկը, ըստ Bloomberg գործակալության, կարող է լինել ռուբլու՝ դոլարի և այլ արտարժույթի, այդ թվում՝ եվրոյի և ֆունտ ստեռլինգի փոխարկման սահմափանափակումը։

Բացի այդ, Արևմուտքը կարող է սահմանափակել ներդրողների՝ երկրորդային շուկայում ռուսաստանյան պարտքային պարտավորությունները գնելու հնարավորությունը։ Առաջնային շուկան ռուսաստանցիների համար փակ է ավելի վաղ սահմանված պատժամիջոցներով։

Bloomberg-ը, վկայակոչելով հարցին քաջատեղյակ իր աղբյուրները, նշում է, որ պատժամիջոցները կարող են թիրախավորել ինչպես ռուսաստանյան որոշ խոշոր բանկերի, այնպես էլ Ռուսաստանի կառավարության կողմից ստեղծված Ուղղակի ներդրումների ռուսական հիմնադրամին։ Սա հնարավոր պատժամիջոցների մի տարբերակն է, որի մասին, ըստ լրատվամիջոցի, նախագահ Բայդենը կխոսի ռուսաստանցի պաշտոնակցի հետ այսօր պլանավորված տեսակոնֆերանսի ընթացքում։

Ամենակոշտ սահմանափակումը, թերևս, Ռուսաստանին SWIFT ֆինանսական վճարային համակարգից օգտվելու արգելքն է, որը նույնպես քննարկվող տարբերակներից է, որի հետևանքով մեծապես կտուժեն շարքային ռուսաստանցիները։

Միջազգային ֆինանսական համակարգից Ռուսաստանը դուրս մղելու սպառնալիքի մասին գերտերությունների առաջնորդների հեռախոսազրույցի նախօրեին հայտնում է նաև CNN-ը:

Հեռուստաընկերության տվյալներով` Բայդենի վարչակազմը Ռուսաստանի դեմ հնարավոր պատժամիջոցների լայն ցանկ է քննարկում, որոնք կոչված են` զսպելու Պուտինին Ուկրաինայի վրա ռազմական հարձակումից։ Ամերիկյան հեռուստաընկերության աղբյուրների համաձայն` սահմանափակումները նախ և առաջ հարված են հասցնելու Պուտինի մերձավոր շրջապատին, էներգետիկ ընկերություններին և բանկերին։ CNN-ը շեշտում է, որ պատժամիջոցների հարցով վերջնական որոշում առայժմ չկա, Սպիտակ տունը շարունակում է բանակցությունները եվրոպացի գործընկերների հետ, որոնցից շատերը սերտ տնտեսական կապեր ունեն Ռուսատանի հետ։

«Եթե Ռուսաստանը գնա առճակատման և ռազմական գործողությունների ճանապարահով, մենք Մոսկվային հստակ հասկացնել ենք տվել, որ վճռական ենք արձագանքելու, այդ թվում` մի շարք արդյունավետ տնտեսական քայլերով, որոնք կիրառել նախկինում ձեռնպահ ենք մնացել»,- հայտարարել է ամերիկյան դիվանագիտական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Հոկտեմբերից ի վեր Կիևն ու Արևմուտքը պնդում են, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորականներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։ Ամերիկյան հետախուզության տվյալներով` Կրեմլը պատրաստվում է տարեսկզբին Ուկրաինայի դեմ հարձակում սկսել մի քանի ուղղություններով` շուրջ 175 հազար զինվորականների ներգրավմամբ։

Մոսկվան կտրականապես հերքում է մեղադրանքները` պնդելով, թե Ուկրաինայի իշխանություններն են սրում իրավիճակը՝ արևմտյան դաշնակիցների հովանու տակ։ Մոսկվայի ռազմական ներխուժման պլանների մասին պնդումները ռուսաստանյան դիվանագիտական գերատեսչությունը որակել է առողջ բանականությունից զուրկ քարոզչություն։

Միացյալ Նահանգների հետախուզության կենտրոնական վարչության ղեկավար Ուիլյամ Բերնսի համոզմամբ` Ուկրաինայի հարցում Պուտինի ախորժակը պետք չէ թերագնահատել։ Ըստ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Կրեմլի ղեկավարի մտադրություններն, այդուհանդերձ, հստակ չեն:

«Սակայն մենք գիտենք, նա ռուսաստանյան զինված ուժեր, ուժային կառույցներ է տեղակայել այնտեղ, որտեղից կարելի է լայնածավալ գործել», - ասել է նա։

Մոսկվայի գլխավորած տնտեսական դաշինքին Կիևի չանդամակցելու որոշումից հետո Ղրիմը բռնակցած Ռուսաստանը այժմ էլ երաշխիքներ է պահանջում ՆԱՏՕ-ի կազմում Կիևին չընդունելու հարցում։ Ընդ որում, ինչպես հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, Մոսկվան Վաշինգտոնից և Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի կազմում իր դաշնակիցներից գրավոր հավաստիացում է պահանջում առ այն, որ ՆԱՏՕ-ն դեպի Արևմուտք չի ընդլայնվի․ խոսքը ինչպես նոր անդամների ընդունման, այնպես էլ արևմտյան զորքերի տեղակայման մասին է։ Պեսկովի խոսքով` հենց այս մասին է Պուտինը պլանավորում խոսել ամերիկացի պաշտոնակցի հետ։ Կրեմլում շարունակական և բովանդակային բանակցություններ են ակնկալում այդ հարցով։

Ռուսական կողմի պահանջներին ի պատասխան` Սպիտակ տան ղեկավարը հայտարարել է, թե Վաշինգտոնը մտադիր չէ գրավոր երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը մերժելու վերաբերյալ։ Սպիտակ տան ղեկավարը ընդգծել է, որ ցանկացած ինքնիշխան երկիր իրավունք ունի ինքնուրույն որոշումներ կայացնել իր անվտանգության հարցերում։

«ՆԱՏՕ-ի անդամներն են որոշում, այլ ոչ թե Ռուսաստանը, թե ովքեր են ՆԱՏՕ-ի անդամները։ Միշտ եղել և կլինի այդպես»,- հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG