Մատչելիության հղումներ

Պուտին - Բայդեն հանդիպումն անցել է մոտավորապես այնպես, ինչպես սպասում էր ռուսական կողմը․ Դմիտրի Պեսկով


ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկով

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները հայտարարել են, թե գոհ են նախօրեին ժնևում կայացած բանակցություններից, սակայն գագաթնաժողովին ուշադիր հետևած միջազգային մամուլը մեծամասամբ կարծում է, որ դրական կարելի է համարել միայն այն, որ հանդիպումը կայացել է, քանի որ, ըստ էության, կողմերն ընդամենը միմյանց համար ուրվագծել են թույլատրելիի սահմանները։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այսօր «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է, թե Պուտին - Բայդեն հանդիպումը կարելի է հաջողված համարել, այն անցել է մոտավորապես այնպես, ինչպես սպասում էր ռուսական կողմը․ - «Ընդհանուր առմամբ, գագաթնաժողովը կարելի է դրական գնահատել։ Նախագահները կարողացել են միմյանց ներկայացնել իրենց մոտեցումները, նախանշել են այն ոլորտները, որտեղ կարող են համագործակցել, և այն հարցերը, որտեղ տարաձայնություններն այնքան խորն են, որ համագործակցությունն այսօր հնարավոր չէ»։

Պեսկովը հավելել է, որ այն հարցերի շարքում, որոնց շուրջ Մոսկվայի և Վաշինգտոնի մոտեցումները կտրուկ տարբերվում են, ՆԱՏՕ-ի հնարավոր ընդլայնում է՝ օրինակ Ուկրաինայի հաշվին, և Բելառուսը։

Սպիտակ տան ներկայացուցիչն ասել է, որ Բայդենի և Պուտինի միջև բանավեճում առճակատում չի եղել։ Երեկվա հանդիպմանը հետևած առանձին ասուլիսում, հիշեցնեմ, Բայդենը հայտատարել էր, թե չի կարծում, որ Ռուսաստանի նախագահը ցանկանում է վերադառնալ սառը պատերազմի սցենարին։ Իսկ ռուսաստանցի լրագրողին Բայդենը ակնարկել էր, թե Չինաստանի հետ հազարավոր կիլոմետր ցամաքային սահման ունեցող Ռուսաստանը պետք է նախ և առաջ մտահոգված լինի իր տնտեսական զարգացմամբ, այլ ոչ թե Արևմուտքի հետ հնարավոր առճակատմամբ։

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահները երեկ հանդիպմանը հետևած առանձին ասուլիսներում խոսել են այն թեմաների մասին, որոնք քննարկել են հանդիպմանը՝ գլոբալ անվտանգության և միջուկային զենքի չտարածման հետ կապված հարցեր, երկկողմ հարաբերություններ, տարածաշրջանային խնդիրներ՝ Ուկրաինա, Բելառուս, Սիրիա, Աֆղանստան։ Օրակարգում էր նաև ղարաբաղյան խնդիրը, սակայն ո՛չ Բայդենը, ո՛չ էլ Պուտինը Արցախի մասին չեն խոսել։

Ղարաբաղից այսօր չի խոսել նաև Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը։ «Էխո Մոկսվի» ռադիոկայանի եթերում Պեսկովը պատմել է երեկվա հանդիպման և բանակցությունների շուրջ Մոսկվայի գնահատականի մասին, ակնարկել է, օրինակ, որ երկու երկրների նախագահները առարկայական քննակում են ունեցել Աֆղանստանի և Սիրիայի շուրջ, սակայն մանրամասներ չի հայտնել։

Ռուսաստանցի փորձագետները գրում են, թե Բայդենն ու Պուտինը շատ ավելի կարևոր հարցերի շուրջ են երեկ բանակցել, քան ընդդիմադիր Ալեքսեյ ՆԱվալնիի ճակատագիրն է։ Մինչդեռ ամերիկացի լրագրողները ասուլիսին անընդհատ հենց Նավալնիի մասին էին հարցնում Բայդենին։

Իսկ արևմտյան մամուլը և հանրապետական կոնգրեսականները քննադատել են ԱՄՆ դեմոկրատ նախագահին այն բանի համար, որ վերջինս համաձայնել է, որպեսզի Պուտինն առանձին ասուլիս անցկացնի հանդիպումից հետո, որի ժամանակ կրկնել է այն ամենը, ինչ ասում է վերջին տարիներին։

Արևմտյան մամուլի և ռուսաստանցի անկախ փորձագետների գնահատականը հետևյալն է․ երեկվա բանակցություններին Պուտինն իրեն վստահ էր զգում, կարծես ուզում էր ասել՝ ես չեմ վախենում նույնիսկ Միացյալ Նահանգների նախագահից։

Բրիտանական Guardian-ը, օրինակ, ուշադրություն է հրավիրում այն բանի վրա, թե ինչպես է Պուտինը, չնայած Ուկրաինա ներխուժմանը, անգլիական Սոլսբերիում «Նովիչոկ»-ով թունավորմանը, Ալեքսեյ Նավալնիի հետապնդմանը, ամերիկյան ընտրություններին միջամտությանը և Ալեքսանդր Լուկաշենկոյին աջակցությանը, դեռևս կարողանում երկխոսություն վարել Արևմուտքի հետ:

«Եվ այս ամենի դեպքում Ռուսաստանի նախագահը, ըստ ամենայնի, իրեն ավելի անկաշկանդ էր պահում, քան նրա զրուցակիցը, մեջբերում էր Տոլստոյին եւ նույնիսկ իրեն թույլ էր տալիս անտեսել իր համար անհարմար թեմաները։ Օրինակ, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցության մասին Պուտինը ասել էր, որ պարզապես մտադիր չէ դա քննարկել», - գրել է Guardian-ը։

XS
SM
MD
LG