Մատչելիության հղումներ

ԱՄՆ և Ռուսաստանի նախագահները վաղը կզրուցեն տեսակապի միջոցով


Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժնևում, 16-ը հունիսի, 2021թ․
Շվեյցարիա - ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում են Ժնևում, 16-ը հունիսի, 2021թ․

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Սաքին հաստատել է՝ դեկտեմբերի 7-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը կխոսի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ պաշտպանված տեսակապի միջոցով։

Զրույցը տեղի կունենա Ուկրաինայի շուրջ իրավիճակի կտրուկ սրման ֆոնին։ Ինչպես ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, առաջնորդները կքննարկեն Ուկրաինայի հետ կապված տարբեր հարցեր։ Նախագահ Բայդենը կընդգծի Միացյալ Նահանգների անհանգստությունը Ուկրաինայի հետ սահմանին ռուս զինվորականների գործողությունների կապակցությամբ և կհաստատի ԱՄՆ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ասված է հաղորդագրությունում։

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին հայտնել էր, որ Բայդենն ու Պուտինը վիրտուալ գագաթնաժողովում կքննարկեն նաև իրադրությունն Աֆղանստանում, Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցությունները և ռուս-ամերիկյան հարաբերությունները։ Նախագահները զրույցի ընթացքում կանդրադառնան երկկողմ կապերին ու Ժնևի հունիսյան գագաթնաժողովում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանը․ այս մասին էլ հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Բայդենն ինքը հայտարարել է, որ ակնկալում է շարունակական շփում Պուտինի հետ, և ընդգծել՝ Միացյալ Նահանգները չի ընդունում Ռուսաստանի կողմից որևէ կարմիր գիծ Ուկրաինայի մասին խոսելիս։ Սպիտակ տունը Կրեմլի ագրեսիվ նկրտումների զսպմանն ուղղված նախաձեռնությունների փաթեթ է պատրաստում։

Պուտինն, իր հերթին, ավելի վաղ ասել է, թե ՆԱՏՕ-ին Ուկրաինայի հնարավոր անդամակցությունը կամ ՆԱՏՕ-ի ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Ուկրաինայի տարածքում կարմիր գծեր են Ռուսաստանի համար։

Ուկրաինայի զինված ուժերի հրամանատարությունը հայտարարում է, թե երկրի հետ սահմանին 94 հազար ռուս զինծառայող կա։

Մի շարք ամերիկյան և գերմանական լրատվամիջոցներ, հղում անելով հետախուզության աղբյուրներին, գրել են, որ հնարավոր է՝ հունվար-փետրվարին Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժում իրականացնի Ուկրաինայի տարածք՝ Կիևում գործող իշխանություններին հեռացնելու կամ Ուկրաինայի տարածքը գրավելու նպատակով։

Հետախուզության նման տվյալների մասին շաբաթ օրը հայտնել էր նաև Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը։

Մոսկվայում նման պլանները հերքում են, պնդելով, թե Ռուսաստանն իրավունք ունի իր հայեցողությամբ զորքեր տեղակայել սեփական տարածքում։

Բայդենի վարչակազմի ներկայացուցիչներն ասում են, որ դեռ չգիտեն, թե ինչպիսին են Պուտինի մտադրությունները:

Անցած շաբաթ Ստոկհոլմում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բանակցություններ է վարել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ, որտեղ հայտարարել է, թե Ռուսաստանին «լուրջ հետևանքներ են սպասում, եթե Մոսկվան ագրեսիվ գործողություններ ձեռնարկի Ուկրաինայի դեմ»:

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով աղբյուրները, հաղորդում է, որ Ստոկհոլմում ԵԱՀԿ գագաթնաժողովի ընթացքում կայացած պաշտոնական ճաշին Լավրովի և Բլինքենի միջև բանավեճ է եղել․ ռուս նախարարը 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները «հեղաշրջում» է անվանել, ինչպես նաև ասել է, թե ՆԱՏՕ-ն սպառնալիք է Ռուսաստանի համար:

Բլինքենը, Bloomberg-ի համաձայն, պատասխանել է, որ 2014 թվականին Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը փախել է Ռուսաստան այն բանից հետո, երբ ուժային կառույցների իր ենթակաները Կիևի Մայդանում մոտ 100 մարդու են սպանել, ինչպես նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է և չի կարող սպառնալիք լինել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG