Մատչելիության հղումներ

Ռուսաստան-ԱՄՆ առկա ճգնաժամը կարող է «սառը պատերազմից» վտանգավոր լինել․ Ռյաբկով


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկով, արխիվ

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններում առկա ճգնաժամը կարող է ավելի վտանգավոր լինել, քան «սառը պատերազմը»։ Այս մասին երեկ հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ առցանց ձևաչափով ելույթ ունենալով «Դիալոգ Ֆորտ Ռոս» ֆորումում:

«Մեր գնահատականներով՝ այն, ինչ մենք այսօր տեսնում ենք Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկկողմ հարաբերություններում, կարելի է բնութագրել որպես շատ կոշտ և բարդ ճգնաժամ, գուցե այն աստիճանի, որ որոշ առումներով դա գերազանցում է այն վատ իրավիճակը, որով անցել են մեր երկու երկրները «սառը պատերազմի» ժամանակ: Դա կարող է ավելի վտանգավոր լինել, քանի որ այն ժամանակ կային հստակ սահմաններ և կանոններ, իսկ հիմա չափազանց մեծ անորոշություն կա այս ամենի շուրջ: Դա բավականին ռիսկային է», - ասել է Ռյաբկովը։

Հունիսի 16-ին Ժնևում կայացել են Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ջո Բայդենի բանակցությունները։ Սա նրանց առաջին դեմ առ դեմ հանդիպումն էր, ինչպես նաև ռուս-ամերիկյան առաջին գագաթնաժողովը 2018 թվականից ի վեր։ Համատեղ հայտարարությունում առաջնորդներն ընդգծել են, որ կողմերը մտադիր են համապարփակ երկխոսություն սկսել ռազմավարական կայունության շուրջ, որը կլինի առարկայական և եռանդուն։

XS
SM
MD
LG