Մատչելիության հղումներ

Հունվարի 1-ից Հայաստանի համար կդադարի գործել Եվրամիության GSP+ ռեժիմը 


Հայաստանի համար Եվրամիության GSP+ ռեժիմի մոտալուտ դադարեցումը բացասաբար կազդի Եվրոպա հայաստանյան արտահանումների և հատկապես սննդամթերքի արտահանման վրա, ու չնայած Նիկոլ Փաշինյանի կառավարությունը մեկ տարի ժամանակ ուներ եվրոպական շուկա ուղղված հայաստանյան ընկերություններին նախապատրաստելու, սակայն անցնող մեկ տարում որևէ քայլ չի ձեռնարկել այդ նպատալով, այսօր «Ազատության» հետ զրույցում կարծիք հայտնեց Արտահանողների միության ղեկավար Րաֆֆի Մխջյանը։

«Սնունդը մոտավորապես 10-15 տոկոս շրջանակներում մաքսատուրք պետք է ունենա, և այստեղ կա մի ուրիշ նրբություն, հարցը միայն մաքսատուրքի հարցը չէ, հարցը նա է, որ այս դեպքում մի քիչ այսպես ասած` ավելացված արժեքի հարկն էլ է ավելանում», - նշեց նա:

Էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության համաձայն` հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի կարող օգտվել GSP+ արտոնյալ առևտրային ռեժիմից, որը Երևանի համար գործում էր 2009թ. հունվարի 1-ից, և որը ցածր ու ցածր-միջին եկամտով երկրներին թույլ է տալիս ավելի քան 6200 ապրանքատեսակ արտահանել Եվրամիության շուկա՝ զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Պատճառը դեռևս 2012թ. Եվրամիության կողմից ընդունված կանոնակարգն է, ըստ որի եթե երեք տարի անընդմեջ Համաշխարհային բանկը GSP+-ից օգտվող երկրին ճանաչում է միջինից բարձր կամ բարձր եկամուտ ունեցող պետություն, ապա երկիրը զրկվում է Բրյուսելի սահմանած արտոնյալ առևտրային ռեժիմից։ Միաժամանակ, այդ պետությանը տրվում է մեկ տարի անցումային ժամանակահատված, որի ընթացքում այն շարունակում է օգտվել GSP+ -ից: 2017թ., 2018թ. և 2019թ. Համաշխարհային բանկը Հայաստանը դասակարգել է միջինից բարձր եկամուտ ունեցող տնտեսություն՝ ՀՆԱ-ի մեկ շնչի հաշվով։ Այս հունվարի 1-ից Երևանն արդեն անցումային ժամանակահատվածում է։

«Ոչ մի առաջարկություն չի եղել կառավարության կողմից: Ցավոք սրտի, պիտի ասեմ և արտահայտվեմ` այն ցույցերի ժամանակ, երբ մենք ուզում էինք նախկին ռեժիմից ձերբազատվել, նախկին ռեժիմը ժամանակ առ ժամանակ գործարարներին կանչում էր ժողովի և ինչ-որ կարծիք էր հարցնում, թե ինչպես է վիճակը մեզ մոտ, ինչ է կատարվում, չգիտեմ` կորոնան է պատճառը, պատերազմն է պատճառը, բայց մինչև առ այսօր ոչ մի այդպիսի ժողովի, հանդիպման առաջարկ չի եղել մեր կառավարության կողմից: Կոնկրետ ինձ ոչ մի անգամ չեն հրավիրել», - ասաց Արտահանողների միության ղեկավարը:

Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ այս տարվա առաջին ինն ամիսներին Հայաստանի արտահանումը Եվրամիություն կազմել է շուրջ կես միլիարդ դոլար կամ հայաստանյան ողջ արտահանման գրեթե 23 տոկոսը։ Այս ցուցանիշով Եվրամիությունը Հայաստանի արտահանման երկրորդ խոշոր շուկան է ԵՏՄ-ից հետո։

Տարին շուտով կավարտվի, իսկ թե նախորդ ամիսներին կառավարությունն ինչ է արել հայաստանցի արտահանողներին աջակցելու, այսօր հնարավոր չեղավ պատասխան ստանալ Էկոնոմիկայի նախարարությունից։ Մինչդեռ, արտահանման խթանումը Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության նախընտրած թեմաներից է։ Օրինակ, այս օգոստոսին ընդունված գործադիրի 2021-2026թթ. ծրագրում կառավարության տնտեսական քաղաքականության երեք խոշոր նպատակ է առանձնացված, որոնցից մեկն է՝ «արտահանումը խթանող պայմանների ապահովումն ու միջավայրի ձևավորումը»:

Արտահանման մասին վերջին անգամ Փաշինյանը խոսել է մոտ երեք շաբաթ առաջ՝ խորհրդարանում գալիք տարվա պետբյուջեի քննարկումների ժամանակ։

«Էականորեն ավելի քան 20 տոկոսով աճել է արտահանումը, ընդ որոում աճել է ոչ միայն հումքային ռեսուրսի, այլև պատրաստի արտադրանքի և գյուղմթերքի արտահանումը», - ասել էր նա:

Բեռլինում գործող German Economic Team վերլուծական կենտրոնի այս տարվա փետրվարին հրապարակած զեկույցի համաձայն` GSP+ ռեժիմից Հայաստանի դուրս գալու հետևանքով սպասվում է, որ առաջին տարում Եվրամիության շուկա հայաստանյան արտահանումը կարող է կրճատվել մոտ 20 տոկոսով։ Ըստ զեկույցի, օրինակ, 2019թ. հայաստանյան արտահանման 45 տոկոսը ֆեռոմոլիբդենի խտանյութն էր, 25 տոկոսը՝ տեքստիլը, ևս 21 տոկոսը` ալյումինե փայլաթիթեղը։

Հայաստանում ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի խտանյութի խոշորագույն արտահանող է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, իսկ տետքստիլի՝ «Ալեքս տեքստիլ» ընկերությունը։ Երկու ընկերություններն էլ օրվա ընթացքում անպատասխան թողեցին արձագանքելու «Ազատության» խնդրանքը։

XS
SM
MD
LG