Մատչելիության հղումներ

«Տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են». Փաշինյան


Ինչպես և յոթ տասնամյակ առաջ Գերմանիան, այսօրվա Հայաստանը ժողովրդավարական վերափոխում է ապրում, այսօր ելույթ ունենալով Կոնրադ Ադենաուեր հիմնադրամում՝ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ անցյալ տարի Հայաստանում տեղի ունեցան պատմական փոփոխություններ։

«Մենք վերականգնեցինք ժողովրդավարությունը, որը չարաշահվել և խեղաթյուրվել էր այն ժամանակներից ի վեր, երբ մենք ընդվզեցինք կոմունիստական ռեժիմի դեմ: Այսօր ես հպարտ եմ, որ Հայաստանում ժողովրդավարությունը այլևս վտանգված չէ», - ասաց Փաշինյանը՝ շարունակելով. - «Այս վերջին ընտրություններն ամրապնդեցին մեր ձեռքբերումները և ապացուցեցին, որ մեր ժողովուրդը ժողովրդավարությանն այլընտրանք չի տեսնում: Նոր Հայաստանը ներկայացնող քաղաքական ուժերը հաղթանակ տարան: Նախկին քաղաքական վերնախավը ներկայացնող ուժերը ճնշող մեծամասնությամբ մերժվեցին: Հայ ընտրողը մերժեց բոլոր նրանց, ում անուններն աղերսվում էին կոռուպցիայի, հիմնարար ազատությունների սահմանափակման, վատ կառավարման, տնտեսական անարդյունավետության և լճացման հետ: Փոխարենը, նրանք իրենց քվեն տվեցին խորը փոխակերպման, օրենքի գերակայության և հաշվետու կառավարման վրա հիմնված հասարակությանը: Մեր ժողովրդավարական նվաճումների համար «Էկոնոմիստը» Հայաստանին ճանաչեց տարվա երկիր»:

«Գործող կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և վստահության քվե ունի»

Փաշինյանը նշեց՝ այսօր գործող կառավարությունն աննախադեպ լեգիտիմության և հանրային վստահության քվե ունի։

«Վերջին հարցումներից մեկի համաձայն` մեր հասարակության ավելի քան 70 տոկոսը վստահ է, որ երկիրը գնում է ճիշտ ուղղությամբ: Մի կողմից, այս աննախադեպ վստահության մակարդակը մեզ պարտադրում է վճռական քայլեր կատարել բարեփոխումների ուղղությամբ, և այս հարցում մենք ձախողելու իրավունք չունենք: Մյուս կողմից, հանրային վստահությունը տալիս է յուրահատուկ հնարավորություն, որը պետք է օգտագործենք մեր ձեռքբերումները ամրապնդելու և մեր երկրում ժողովրդավարության ապագայի պաշտպանության համար: Կարծում ենք, որ վերափոխման գործընթացի հաջորդ քայլը պետք է լինի մեր քաղաքական ձեռքբերումները տնտեսականի վերածելը: Այլ կերպ ասած, մենք պետք է տնտեսական հեղափոխություն կատարենք: Ժողովրդավարությունն ու տնտեսական զարգացումը մեր հասարակության մեջ սերտ ինտերակտիվ հարաբերություն ունեն», - ասաց վարչապետն՝ ընդգծելով. - «Տնտեսական հեղափոխությունը և աղքատության վերացումը մեր ժողովրդի գերակայություններն են»:

Թե ինչպես են հասնելու նպատակներին, Փաշինյանն ասաց, որ իրենց համար պարզ է, բայց՝ ոչ դյուրին։

«Հիմնական նախադրյալներից մեկը մեր ժողովրդի գործարար և մտավոր ներուժի ազատ և անսահմանափակ իրականացման համար նպաստավոր պայմանների ստեղծումն է: Մենք ընդունել ենք և արդեն սկսել ենք իրականացնել բարեփոխումների հավակնոտ օրակարգ: Մասնավորապես, ներկայումս մենք արմատական քայլեր ենք ձեռնարկում կոռուպցիայի դեմ պայքարելու, մենաշնորհները վերացնելու, բոլոր տնտեսական և քաղաքական դերակատարների համար խաղի հավասար պայմաններ ապահովելու և անկախ դատական համակարգ ստեղծելու ուղղությամբ: Այդ բարեփոխումների իրականացման ճանապարհին հաջողության հասնելու համար մենք զարգացնում ենք մեր տնտեսական և քաղաքական ինստիտուտները», - ասաց Փաշինյանը:

«Որպես անցումային երկիր, մենք կարիք ունենք լրացուցիչ աջակցության»

Վարչապետն ընդգծեց՝ կառուցակարգերի փոփոխումը դժվար գործընթաց է ցանկացած կառավարության և հասարակության համար: Այն պահանջում է նշանակալի ռեսուրսներ, ինչպես ֆինանսական, այնպես էլ մտավոր:

«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու այս ճանապարհով: Այնուամենայնիվ, ինչպես ցանկացած այլ անցումային երկիր, մենք ևս կարիք ունենք լրացուցիչ աջակցության՝ բարեփոխումներն արագացնելու համար: Այս համատեքստում, ես կցանկանայի ձեր ուշադրությանը հրավիրել մի հանրահայտ փաստի վրա. նախկին խորհրդային երկրներից ոչ մեկին չի հաջողվել արդիականացնել ինստիտուտներն առանց ֆինանսական և տեխնիկական աջակցության: Հայաստանը բացառություն չէ: Ավելին, հետխորհրդային երկրներին բնորոշ մարտահրավերներից բացի, Հայաստանն անկախության առաջին իսկ օրերից դիմակայել է մի շարք այլ մարտահրավերների: Դեպի ծով ելք չունենալն անբարենպաստ աշխարհագրական հանգամանք է: Շուրջ երեսուն տարի տևած տրանսպորտային շրջափակումը, որը կանխամտածված քաղաքական քայլ էր, մեր երկրի տնտեսական զարգացման համար լուրջ և երբեմն անհաղթահարելի խոչընդոտներ ստեղծեց: Էներգետիկ անվտանգությունը մեկ այլ խնդիր է մեզ համար: Եվ վերջապես, անցյալի ժառանգությունը հանգեցրել է ոչ բարեկամական անվտանգության միջավայրի, որը կարող է վերաճել գոյապահպանական սպառնալիքի: Այս առումով, Եվրամիության հետ գործընկերությունը հսկայական նշանակություն ունի մեր բարեփոխումների օրակարգի համար», - ասաց վարչապետը՝ նշելով՝ դժվար է գերագնահատել վերջին քառորդ դարում Հայաստանին տրամադրված ԵՄ աջակցության կարևորությունը:

«ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները»

«Մենք վճռական ենք՝ առաջ շարժվելու մեր բարեփոխումների իրականացման ճանապարհով: Մենք դա անելու ենք՝ անկախ դժվարություններից և հանգամանքներից: Այդուամենայնիվ, ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը կարող է արագացնել և ամրապնդել Հայաստանում իրականացվող գործընթացները», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Այստեղ ես ուզում եմ ընդգծել Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) կարևորությունը: Դրա իրականացումը կարող է մեծապես նպաստել մեր ինստիտուտների զարգացմանը: CEPA- ն, ըստ էության, հանդիսանում է մեր երկրի զարգացման ռազմավարական ծրագիրը և կարող է դառնալ մեր բարեփոխման օրակարգի հիմնաքարերից մեկը»:

Վարչապետը նշեց՝ Հայաստանը ցանկանում է միևնույն ժամանակ խորացնել տնտեսական հարաբերությունները ԵՄ անդամ երկրների հետ:

«Գերմանիան ինքնին մեր հիմնական դոնորներից է և հիմնական առևտրային գործընկերներից: Մենք համագործակցում ենք բազմաթիվ ոլորտներում, ներառյալ` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, էներգետիկան, զբոսաշրջությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունը և այլն: Մենք հավատարիմ ենք մեր կապերի ամրապնդմանը և տնտեսական համագործակցության նոր հեռանկարների ուսումնասիրությանը», - ասաց վարչապետը։

«Նոր Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս ներդրումների համար»

Փաշինյանի հավաստմամբ, նոր ժողովրդավարական Հայաստանը մեծ հնարավորություններ է տալիս առևտրի և ներդրումների համար:

«Ներկայումս ընթացող կայուն ինստիտուցիոնալ բարեփոխումներից զատ, մենք ունենք մի քանի այլ առավելություններ ևս: Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է, ինչը ենթադրում է ազատ մուտք առ 180 միլիոնանոց շուկա և աշխարհի մի քանի երկրների հետ ազատ առևտրի պայմանագրերի անխափան և անխոչընդոտ գործողություն: Միևնույն ժամանակ, մենք ունենք GSP+ առևտրային ռեժիմ Եվրոպական միության հետ, որն ինչպես նշեցի՝ շատ շուտով կլրացվի CEPA-ով: Սա մեր հիմնական համեմատական առավելություններից մեկն է. Հայաստանը կարող է առանցքային դերակատարություն ունենալ որպես Եվրամիության և Եվրասիական միության շուկաները կապող տնտեսական կամուրջ», - ասաց Փաշինյանը։

«Վերջին յոթ տարիներին տեխնոլոգիական ոլորտը հինգ անգամ աճել է»

Խոսելով տնտեսական համագործակցության հեռանկարների մասին` վարչապետն ընդգծեց, որ Հայաստանում տեխնոլոգիական ոլորտն արագորեն աճում է և այդ աճի տեմպն աննախադեպ է:

«Վերջին յոթ տարիների ընթացքում այդ ոլորտն հինգ անգամ աճել է: ՏՏ ոլորտը դառնում է մեր տնտեսական աճի շարժիչ ուժերից մեկը` հետագա զարգացման համար հսկայական ներուժով: ԽՍՀՄ-ից ժառանգած մաթեմատիկայի, ֆիզիկայի և տեխնիկական գիտությունների ավանդական ուժեղ դպրոցն այս ոլորտում Հայաստանի հաջողություն հիմնական գրավականն է: Այնուամենայնիվ, համոզված եմ, որ հայկական հեղափոխությունը, որը նպաստավոր պայմաններ է ստեղծել մեր ժողովրդի տաղանդի անսահմանափակ դրսևորման համար, զգալիորեն կնպաստի մեր երկրի տեխնոլոգիական զարգացմանը», - ասաց Փաշինյանը՝ նշելով՝ ազատությունը, ստեղծագործական և նորարարության ոգին փոխկապակցված են:

«Հայաստանի նոր կառավարությունը տեխնոլոգիական ոլորտը գերակա է համարում, քանզի մենք դրանում տեսնում ենք մեր տնտեսական հեղափոխության լոկոմոտիվը և ապագա Հայաստանի տնտեսության անկյունաքարը», - ասց Փաշինյանը:

Վարչապետը վերահաստատեց՝ ԵՄ-ի և նրա անդամ-պետությունների հետ համագործակցությունը կարևոր նշանակություն ունի ժողովրդավարական Հայաստանի համար:

«Միևնույն ժամանակ կարծում եմ, որ իր հերթին, Եվրոպան շահագրգռված է Հարավային Կովկասի անկայուն տարածաշրջանում ունենալ կայուն, ժողովրդավարական գործընկեր` ի դեմս տնտեսապես զարգացող և առաջադեմ Հայաստանի, որի հետ ունի ընդյանուր եվրոպական արժեքներ», - եզրափակեց վարչապետը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG