Մատչելիության հղումներ

Հայաստանը ներկայացվել է Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսում


Պեկինում Չինաստանի առևտրի և ծառայությունների միջազգային ցուցահանդեսի շրջանակներում մայիսի 28-ին տեղի է ունեցել «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագիրը կրող շնորհանդեսը:

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության տարածած հաղորդագրության համաձայն, միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել ՉԺՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը, ով նշել է, որ Հայաստանի և Չինաստանի հարաբերությունները դինամիկ զարգացում են ապրում թե՛ մշակութային և թե՛ տնտեսական համատեքստում՝ ընդգծելով, որ Չինաստանն այսօր Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից մեկն է: Դեսպան Մանասարյանի խոսքով՝ Հայաստանը, որպես հնագույն Մետաքսի ճանապարհի անբաժանելի մաս, մեծ կարևորություն է տալիս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությանը:

Շնորհանդեսի ընթացքում Չինաստանում Հայաստանի առևտրային ներկայացուցիչ Հրանտ Աբաջյանը ներկայացրել է Հայաստանի արձանագրած տնտեսական ցուցանիշները, տնտեսական ներուժը, ինչպես նաև հայ-չինական առևտրաշրջանառության աճող տեմպերը: Հրանտ Աբաջյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանը չինական բիզնեսի համար բարենպաստ երկիր է, քանի որ որդեգրել է ներդրումների «Բաց դռների» քաղաքականություն: Նա հավելել է, որ Հայաստանը նաև դարպաս է դեպի աշխարհի խոշոր շուկաներ. Հայաստանից արտահանվող արտադրանքն ունի արտոնյալ պայմաններով անարգել մուտք դեպի ԵԱՏՄ, ԵՄ, ԻԻՀ և GSP երկրների շուկաներ: ՉԺՀ-ում ՀՀ առևտրային ներկայացուցիչը մանրամասն անդրադարձել է արտահանման հնարավորություններին, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առանձին ոլորտներին: Հրանտ Աբաջյանը մասնավորապես ներկայացրել է ենթակառուցվածքների, վերականգնող էներգետիկայի, հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության և մեծ ներուժ ունեցող այլ ոլորտներում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:

Միջոցառման երկրորդ հատվածում մասնակիցներին են ներկայացվել Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները և չինացի զբոսաշրջիկների համար գործող մուտքի արտոնագրի դյուրացված ընթացակարգը: Շնորհանդեսի ընթացքում ցուցադրվել են Հայաստանի մասին ճանաչողական տեսանյութեր: ՀՀ առևտրային ներկայացուցիչը պատասխանել է ներկաներին հետաքրքրող հարցերին Հայաստանի ներդրումային միջավայրի և առկա հնարավորությունների վերաբերյալ:

Ցուցահանդեսի շրջանակներում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի և Չինաստանի Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի միջև: Հուշագիրը ստորագրել են ՉԺՀ-ում ՀՀ դեսպանը և Ծիանգսու նահանգի Զբոսաշրջության կոմիտեի փոխտնօրենը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG