Մատչելիության հղումներ

Փոխնախարար․ 2017-2020 թվականներին Հայաստանը ԵՄ-ից կստանա 170 միլիոն եվրոյի աջակցություն


Տնտեսական զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյան

Տնտեսական զարգացման փոխնախարար Գարեգին Մելքոնյանի կարծիքով, Հայաստան - Եվրամիություն նոր համաձայնագիրը թույլ կտա ավելացնել Եվրոպա արտահանման ծավալները։

«Որովհետև, սա ձեռնտու է բոլոր այն կազմակերպություններին, ովքեր որ արտադրանք են ձևավորում Հայաստանի Հանրապետությունում: Նշեմ, որ դա չի վերաբերվում միայն զուտ հայկական ներդրմամբ ստեղծված ձեռնարկություններին: Սա հնարավորություն է նաև օտարերկրացիներին, և՛ ԵԱՏՄ անդամ երկրներին, և՚ ոչ ԵԱՏՄ անդամ երկրներին օգտվելու Հայաստանի համար ընձեռվող այս հնարավորություններից: Օրինակ, ԵԱՏՄ անդամ երկրներից շատերը չունեն այդ GSP+-ը: Հիմնվելով Հայաստանում, ստեղծելով հայկական ծագում ունեցող արտադրանք՝ իրենք օգտվում են այդ արտոնություններից: Սա ինչ-որ առումով նաև ներդրումներ ներգրավելու համար լավ միջավայր է ձևավորում», - «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց փոխնարարը:

Նրա խոսքով՝ Հայաստանում արտադրված ապրանքների 90 տոկոսից ավելին եվրոպական միություն արդեն իսկ արտահանվում է զրոական մաքսատուրքով՝ նաև Բրյուսելի կողմից Երեւանին տրված GSP+ առևտրային արտոնյալ ռեժիմի շնորհիվ:

Մելքոնյանն ասում է, որ առաջիկա տարիներին պետք է որակական չափանիշների ապահովման վրա կենտրոնանալ․ - «Ի՞նչ պետք է արվի, որպեսզի էս մասով մեր արտադրանքը ավելի սահուն գնա: Կան ընթացակարգեր, որոնք որ երկիրը պետք է անի ներսում: Նկատի ունեմ, օրինակ, լաբորատոր կարողությունների ձևավորում, ընթացակարգերի՝ ավելի եվրոպական պահանջներին բավարարելու տեսանկյունից իրավական փոփոխություններ: Կան բաներ, որ մենք պետք է համատեղի իրականացնենք․ օրինակ, մեր սերտիֆիկատները ճանաչելի դառնան եվրոպական կառույցների կողմից և այլն: Այս ամեն ինչի համար պետք էր իրավական հիմք, պետք էր պայմանավորվածությունների փաթեթ, որը որ էս համաձայնագիրը նախատեսում է»:

Փոխնախարարն ասում է, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելու հաջորդ առավոտյան բոլոր այս խնդիրները չեն լուծվելու, պայմանավորվածությունները դեռ պետք է իրականացվեն։ Եվրամիությունը նաև ֆինանսական, տեխնիկական և խորհրդատվական աջակցություն է տրամադրելու հանձնառությունները կյանքի կոչվելու համար։ Մելքոնյանը թվեր է հնչեցնում՝ 2017-2020 թվականներին Հայաստանը կստանա մինչև 170 միլիոն եվրոյի աջակցություն:

Փոխնախարարը հատուկ շեշտում է, որ այդ գումարից ոչ մի լումա վարկային միջոց չէ, ուստի Հայաստանի վարկային բեռը չի ծանրանում․ - «Այս աջակցությունը տրվելու է տարեկան բանակցվելիք առանձին ծրագրերի հիման վրա, ներառելու է Եվրոպական միության աջակցության ամբողջ գործիքակազմը՝ թվինինգ, բյուջետային աջակցություն, զանազան այլ միջոցառումներ, տեղեկատվական, տեխնիկական, ֆինանսական աջակցության ամենատարբեր գործիքներ»:

Հովհաննես Իգիթյանը, ով իբրև փորձագետ մասնակցել է 2013-ին չստորագրված Ասոցացման համաձայնագրի բանացություններին, «Ազատության» հետ զրույցում ասաց՝ Հայաստան -Եվրամիություն համաձայնագիրը հնարավորություն է, որ մարդիկ մնան ու աշխատեն Հայաստանում, նաև՝ որ Հայաստանում արտադրված ապրանքը չտարբերվի Իտալիայում կամ Ֆրանսիայում արտադրվածից․ - «Այսինքն, աշխատելով այստեղ՝ մարդիկ կարող են և՛ աշխատատեղ ունենալ, և՛ ստանալ գումար: Հայաստանի համար մեկ խնդիրը, եթե փորձենք դուրս գալ փողոց և մասնագիտությամբ ոչ տնտեսագետին հարցնենք, ինքը կասի՝ աշխատանք եմ ուզում, աշխատելու տեղ չկա: Եվ եթե ճիշտ ձևով իրականացվի այդ համաձայնագիրը, կարելի է էդ հարցը լուծել: Այստեղ որևէ նշանակություն չունի «և-և», կամ-կամ»․․․ սրա մասին խոսք չկա: Եթե Հայաստանում [ստեղծված] արտադրանքը հնարավորություն ունի վաճառվելու Ֆրանսիայում, դա չի նշանակում, որ մենք ֆրանսիամետ ենք, և հակառուսական տրամադրություններ են․․․ ոչ: Բոլոր երկրները էս ձևով են աշխատում»:

Միջազգային հարցերով փորձագետի կարծիքով, շատ կարևոր է, որ հանձնառությունները կատարելու գործընթացը իմիտացիոն բնույթ չկրի․ - «Մի կողմից, նրանք ասում են, որ՝ մենք մեր փորձը կարող ենք անսպառ տրամադրել ձեզ, և որոշ բարեփոխումների համար մենք կարող ենք աջակցել նաև ֆինանսապես: Եվ ինչքանով որ Հայաստանը ոչ իմիտացիոն ձևով, այլ գործնական ձևով ներկայացնի ծրագիրը և դիմի Եվրամիության, այդքան ավելի շատ և արագ դա կլուծվի»:

Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի կարծիքով, սա Եվրամիության կողմից Հայաստանին տրվող հնրավորություն է: Գնդակը հիմա Հայաստանի իշխանության դաշտում է․ - «Սա մի լույս է բոլոր առումներով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, որից մենք պետք է օգտվենք: Թե ինչքանով կօգտվենք, արդեն կախված է մեզնից: Ի՞նչ են ասում մեր եվրոպական ներկայացուցիչները․ ասում են՝ մենք էդ հնարավորությունները տալիս ենք: Բացի այդ հնարավորությունները տալուց, իրենք նաև աջակցություն են ցույց տալիս: Մեր երկրի իշխանության խնդիրը հիմա պետք է լինի, որ մենք այդ չափորոշիչներին հասնելու համար համապատասխան տնտեսական պայմաններ ստեղծենք, հարկային դաշտ լինի, իրավական դաշտ լինի, տնտեսական գործունեության միջավայր լինի»:

Տնտեսագետի կարծիքով՝ խելամիտ է օգտվել թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից։ «Բայց այս երկու միությունները իրար հետ համեմատողները», - ասում է Վահագն Խաչատրյանը, - «լռում են ամենակարևորի մասին: Որ ԵՄ-ն և՛ հնարավորությունն է տալիս, և՚ նաև ֆինանսական օգնությունը: ԵԱՏՄ-ն դրա մասին չի խոսում, որովհետև ԵԱՏՄ-ն էդ հնարավորությունները չունի: Այս տարբերությունը պետք է կարողանանք հասկանալ, և ինչո՞ւ են շատ դեպքերում երկրները ձգտում Եվրամիություն: Նրա համար, որ իսկապես էդ ֆինանսական օգնության կարիքը ունենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG