Մատչելիության հղումներ

Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը «մեծ հնարավորություններ» կընձեռի նաև հայաստանյան կազմակերպություններին


Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյան, արխիվ:

Առաջիկայում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ երկրները` այդ թվում Հայաստանը, Իրանի 80 միլիոնոնաց շուկա ցածր մաքսատուրքերով շուրջ 300 անուն ապրանք արատահանելու հնարավորություն կունենա:

Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը, որը արդեն վավերացվել է ԵԱՏՄ անդամ Ռուսաստանի, Ղրղըզստանի և Բելառուսի կողմից և շուտով կվավերացնի նաև Հայաստանի կողմից, ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի, մեծ հնարավորություններ կընձեռնի և՛ ԵԱՏՄ-ում, և՛ Իրանում գործող ընկերությունների համար:

Նախարարի փոխանցմամբ՝ սա Իրանի հետ Հայաստանի առաջին արտոնյալ պայմանագիրն է ԵԱՏՄ-ի կազմում:
Հարցին, թե արդյոք հարևան Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի կողմից կիրառվող պատժամիջոցաները չեն կարող ազդել այդ համաձայնագրի վրա, նախարարն արձագանքեց՝ պատժամիջոցները ժամանակավոր են, իսկ համաձայնագիրը երկարաժամկետ է․ - «Իրանի հետ պարզեցված առևտրի համաձայնագիրը Եվրասիական տնտեսական միության հետ կտա մեծ հնարավորությունները և՛ Եվրասիական տնտեսական միության տարածքում գործող կազմակերպությունների, այդ թվում, առաջին հերթին Հայաստանի Հանրապետության կազմակերպությունների՝ դեպի իրանական շուկա ավելի պարզեցված մուտքի հարցում, և՛ դա հնարավորություն է նաև իրանական արտադրողների համար, որոնք համար ռուսաստանյան, հայաստանյան, բելառուսական, ղազախական շուկաներն ամենևին երկրորդային նշանակություն չունեն, հատկապես այն պայմաններում, որում այսօր գտնվում է իրանական տնտեսությունը․․․ Պատժամիջոցները, բնականաբար, ազդում են: Կիրառվում են այն կազմակերպությունների նկատմամբ, որպես կանոն, որոնք համագործակցում են որոշակի ուղղություններով իրանական արտադրողների հետ: Պատժամիջոցները ժամականավոր են, համաձայնագիրը երկարաժամկետ է»:

Ըստ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, հայկական կողմից ներկայացված առաջարկներում հիմնականում ներառված են այն ապրանքները, որոնք հանդիսանում են Հայաստանի համար արտահանման առաջնային հետաքրքրություն ունեցող ապրանքներ, և որոնք ունեն նաև մեծ տեսակարար կշիռ Հայաստանից Իրան արտահանման ծավալներում:

Համաձայնագրի վավերացումից հետո, օրինակ, Հայաստանից Իրան տավարի միսը 26 տոկոսի փոխարեն կարտահանվի 10 տոկոս մաքսատուրքով, կնվազի հանքային և գազավորված ջրերի արտահանումը ՝ 55-ից մինչև 14 տոկոս: Փոխարենը անփոփոխ են մնացել հայկական կողմի համար հետաքրքրություն ունեցող ապրանքներից ոչխարի մսի, ձկան և մեղրի մաքսատուրքերը:

Ինչ վերաբերում է ցածր մաքսատուրքերով Իրանից Հայաստան ներկրվելիք ապրանքներին, ապա, նախարարի խոսքով, այդ ցանկում նավթամերքն ընդգրկված չէ:

Հարցին, թե արդյոք մաքսատուրքերի իջեցումը կհանգեցնի ապրանքների գների զգալի նվազմանը, Տիգրան Խաչատրյանն արձագանքեց․ - «Լավ հարց եք տալիս: Ես հիմա դրա հաշվարկը, թե մեր ընդհանուր սպառման մեջ իրանական արտադրության այդ ապրանքները, որոնք ներկայում հարկվում են մաքսատուրքով, նվազեցված դրույքաչափերով հարկվելու դեպքում որքան հավելյալ օգուտներ կտան, չեմ կարող ասել, բայց խոստանում եմ էդ ուղղությամբ թվեր պատրաստել և ձեզ զեկուցել դրա մասին:

Ի դեպ, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանն «Ազատության» հետ զրույցում շեշտում է, որ Իրանից Հայաստան եկող ապրանքների մեծ մասը ենթադրաբար գնալու է ԵԱՏՄ շուկաներ, բայց միաժամանակ պետք է այնպես անել, որ ապրանքների Իրանից Հայաստան ներմուծման արդյունքում հայրենական արտադրողները վնասներ չկրեն:

Հարցին, թե արդյոք այս համաձայնագրի արդյունքում հայաստանցի գործարարները ռեալ օգուտներ կստանան, Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը պատասխանեց․ - «Զուգահեռ մի բան ասեմ: Օրինակ,Եվրոպայի հետ ունենք GSP+ համակարգ, որով մոտ 7 հազար անուն ապրանք ազատված ա, զրո մաքսատուրքով: Բայց մենք գիտե՞ք քանիսն ենք տանում․․․ 900 ապրանք: Մենք ապրանք էլ չունենք, որովհետև էդ ապրանքների ծավալը որպեսզի մենք արտահանենք, պետք ա ներդրումներ կատարվեն»:

Պատասխանելով պատժամիջոցների ազդեցության մասին հարցին՝ Մելքումյանն ասաց․ - «Սանկցիաները ավելի շատ կարող է վերաբերեն բանկային համակարգին: Մենք ի վերուստ պետք է իմանանք, որ այստեղ լինելու է ապրանքափոխանակություն կամ կանխիկ գումարով գործառնություններ: Այնպես որ՝ մի քիչ սպասենք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG