Մատչելիության հղումներ

«Հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության մանդատի ներքո»


Չնայած Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության պնդումներին, որ Լեռնային Ղարաբաղ և Լեռնային Ղարաբաղի հակամարտություն գոյություն չունեն, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաև բազմաթիվ այլ պետություններ կիսում են հայկական կողմի դիրքորոշումն առ այն, որ հակամարտությունը շարունակում է մնալ չլուծված և պետք է ստանա համապարփակ կարգավորում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով: Այս մասին ''Nouvelles d'Arménie'' պարբերականին տված հարցազրույցում ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Հայաստանի հանդես է գալիս հիմնախնդրի կարգավորման գործընթացի լիարժեք վերսկսման դիրքերից։

«Այս առումով կարևոր ենք համարում Նյու Յորքում կայացած հանդիպումները, որոնք, առաջին հերթին, հնարավորություն են ստեղծում քննարկելու և լուծումներ փնտրելու հրատապ հումանիտար հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների հայրենադարձմանը, անհայտ կորած զինծառայողների և քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանմանը, Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանմանը», - ասել է Միրզոյանը։

Նախարարը հիշեցրել է 2020-ի դեկտեմբերի 3-ի և 2021-ի ապրիլի 13-ի համանախագահների համատեղ հայտարարությունները, որտեղ հստակ ամրագրված են խաղաղ գործընթացի առաջնահերթ խնդիրները, որոնք կարող են հիմք ստեղծել բանակցությունների վերսկսման համար՝ կողմերին հայտնի սկզբունքների ու տարրերի հիման վրա։

«Մենք բարձր ենք գնահատում Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի միասնական ու հետևողական ջանքերը ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, այնպես էլ՝ ձևաչափից դուրս, ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատմանը», - ասել է Միրզոյանը։

Թե Մինսկի խմբից բացի ինչ այլ ձևաչափ նկատի ունի, արտաքին գերատեսչության ղեկավարը չի հստակեցրել, բայց վերջերս ակտիվորեն քննարկվում է տարածաշրջանային վեց պետությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Վրաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի «3+3» խորհրդատվական հարթակի գաղափարը, որին կողմ են և՛ Անկարան, և՛ Մոսկվան։

Հստակ դիրքորոշում չհայտնելով այս ձևաչափի մասին՝ Երևանը միաժամանակ շեշտում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության շրջանակում։

Միրզոյանն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին, հայտարարել, որ այս օրերին Թուրքիայից այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքի» վերաբերյալ հնչող հայտարարությունները իրենց բացասական ազդեցությունն են ունենում տարածաշրջանում կայունության վրա։

«Այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրապարակային ելույթներում հնչեցրել է հայկական կողմի տեսակետը, որ Թուրքիայի կողմից հարաբերությունների կարգավորման պատրաստակամության և համապատասխան գործողությունների դեպքում Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերությունների կառուցման հնարավորությունները։ Միևնույն ժամանակ, ցանկանում եմ նշել, որ այս պահին Թուրքիայի հետ որևէ բանակցային գործընթաց դեռ չի ընթանում», - ասել է Հայաստանի արտգործնախարարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG