Մատչելիության հղումներ

Կարևոր է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացը լիարժեք վերականգնվի. Փաշինյանը՝ Հարությունյանին


Կարևոր են քննարկումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետագա տեսլականի վերաբերյալ, այսօր հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ ընդունելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին:

«Մենք կարևոր ենք համարում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային լիարժեք գործընթացը վերականգնվի, որտեղ, ինչպես նաև համանախագահներն են ընդգծել մի քանի անգամ, հայտնի սկզբունքների հիման վրա, այդ թվում՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, տեղի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը՝ վերջնական և համապարփակ և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի ճշգրտումը», - ասել է Հայաստանի կառավարության ղեկավարը:

Արայիկ Հարությունյանն իր հերթին շեշտել է՝ Արցախի քաղաքական լուծման ճանապարհից չեն շեղվել, և Արցախի ինքնորոշման իրավունքը, որպես գլխավոր քաղաքական լուծման ուղղություն, շարունակում են պահպանել, և միջազգային խաղացողները, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակում է որպես միջնորդ լինել, և օրակարգում, Ղարաբաղյան խնդրի լուծման առումով, հիմքում դրված է նաև ազգերի ինքնորոշման իրավունքը:

Պատերազմի ավարտից մեկ տարի անց բանակցային գործընթացը շարունակում է մնալ փակուղում։ Մինչ հայկական կողմը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները շեշտում են Մինսկի խմբի միջնորդությամբ բանակցային գործընթացը վերականգնելու և ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորմանը այդ ձևաչափում հասնելու անհրաժեշտությունը, պաշտոնական Բաքուն շարունակում է պնդել՝ հակամարտությունը վերջնականապես կարգավորված է: Ադրբեջանի նախագահը անգամ ՄԱԿ-ի ամբիոնից անդամ երկրներին և կազմակերպության քարտուղարությանը կոչ արեց չօգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնաց անցյալում: Ադրբեջանն այլևս չունի Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր», - հայտարարեց Իլհամ Ալիևը։

Խոսելով 44-օրյա պատերազմի ավարտից հետո Արցախում իրականացվող աշխատանքներից Փաշինյանն այսօր ընդգծել է՝ այս ընթացքում Արցախի կառավարությանը Հայաստանի կառավարության հետ, հաջողվել է Արցախում բնականոն կյանքի վերականգնման ուղղությամբ շատ կոնկրետ աշխատանքներ իրականացնել։

Իհարկե արվածը վարչապետը գոհացուցիչ չի գնահատել՝ նշելով, որ զուտ աջակցության ծրագրերը, պետք է փոխարինել զարգացման ծրագրերով:

Հարությունյանը տեղեկացրել է, որ մինչև տարեվերջ, առնվազն 300 նորակառույց բնակարան միայն Ստեփանակերտում կհանձնեն շահագործման, հազարավոր բնակարանների հիմքեր էլ դրել են, և մինչև եկող տարեվերջ առնվազն 2500-3000 բնակարան ավարտած կլինեն։

Արայիկ Հարությանյանը նշել է, որ Արցախում բնակարանաշինության ու սոցիալական ծրագրերն իրականացվում են նաև Հայաստանի կառավարության կողմից Արցախին տրամադրվող գումարների շրջանակում, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հանգանակած գումարներով։

Արցախի նախագահը համոզմունք է հայտնել, որ 2-3 տարվա ընթացքում, ամբողջությամբ կլուծեն բնակարանային և անհրաժեշտ մնացած ենթակառուցվածքային և սոցիալական խնդիրները:

XS
SM
MD
LG