Մատչելիության հղումներ

Լավրովն ու Բայրամովն ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը


Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հեռախոսազրույց են ունեցել` քննարկելով երկկողմ հարաբերությունների արդիական հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգը։

Տարածաշրջանային իրավիճակի շուրջ կարծիքներ փոխանակելիս Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովը, ըստ Բաքվի հաղորդման, ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը։ Հայկական ու ռուսական կողմի երեկվա հաղորդագրություններում այս ձևաչափի շուրջ քննարկումների մասին ոչինչ չէր հիշատակվել: Այս մասին հիշատակում չկա նաև Լավրով - Բայրամով հեռախոսազրույցի մասին ռուսական կողմի հաղորդագրությունում։

Ըստ ադրբեջանական կողմի՝ արտգործնախարարները քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը, ինչպես նաև տարածաշրջանային ապաշրջափակման՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությունը։

Ռուսական կողմը հաղորդում է, որ ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ համադրել են հայ-ադրբեջանական սահմանային լարվածության թուլացման, տարածաշրջանային բարենպաստ մթնոլորտի համար տնտեսական և տրանսպորտային ուղիների ապաշրջափակման մասին տեսակետները։ Լավրովը շեշտել է Ադրբեջանի ու Հայաստանի հարաբերությունների բոլոր համալիր հարցերի քաղաքական և դիվանագիտական ճանապարհով կարգավորելու ջանքերը շարունակելու կարևորությունը։

Լավրովն ու Միրզոյանը երեկվա հեռախոսազրույցում անդրադարձել էին նաև 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, մասնավորապես գերիների վերադարձին, ականապատված տարածքների քարտեզների փոխանցմանը:

XS
SM
MD
LG