Մատչելիության հղումներ

Երևանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո. Փաշինյան


ԱՊՀ առցանց գագաթաժողովին Հայաստանի վարչապետն այսօր հայտարարել է, թե հիմնական հարցը Հարավային Կովկասում խաղաղության հասնելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է, և Երևանը պատրաստ է բանակցություններ սկսել Բաքվի հետ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո։

Երկարաժամկետ խաղաղության հասնելու համար, Փաշինյանի խոսքով, կարևոր է հայ-ադրբեջանական սահմանների սահմանագծումն ու սահմանազատումը, և Հայաստանը պատրաստ է սկսել այս գործընթացը Ռուսաստանի և այլ միջազգային գործընկերների աջակցությամբ։

«Այդ գործընթացը դժվար է սկսել, քանի դեռ ադրբեջանական ուժերը խախտել են այդ սահմանը և այնտեղ մշտական հրաձգություն է», - ասել է Հայաստանի վարչապետը։

Սահմանի վիճահարույց հատվածում Փաշինյանը առաջարկում է տեղակայել ռուսական սահմանապահներ և այլ միջազգայան դիտորդներ։

ԱՊՀ առցանց գագաթաժողովին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ հայտարարել է, որ հաղթելով հունիսի 20-ի ընտրություններում՝ իր ղեկավարած կառավարությունը ստացել է երկրում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու մանդատ, որին սակայն այսօր խոչընդոտում են մի շարք գործոններ։ Այդուհանդերձ Փաշինյանն ասում է, որ գիտի ինչպես հասնել երկարաժամկետ խաղաղության և փոխել տարածաշրջանի ճակատագիրը. - «Մենք ունեք հստակ պատկերացում, թե ինչպես հասնել այդ նպատակին՝ երկխոսություն, թշնամական մթնոլորտի աստիճանական հաղթահարում, տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակում։ Սա է այս նպատակին հասնելու միակ ճանապարհը»։

Փաշինյանը այսօր ԱՊՀ գործընկերներին տեղեկացրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում աշխատանք է տարվում տրանսպորտային բոլոր հաղորդակցությունների բացման ուղղությամբ, և հույս հայտնեց, թե կոնկրետ արդյունքների կհասնեն արդեն մոտ ապագայում: Սա նշանակում է, որ Հայաստանը կունենա ավտոմոբիլային և երկաթգծային կապ Ռուսաստանի, երկաթգծային կապ Իրանի հետ, իսկ Ադրբեջանը կունենա երկաթգծային կապ Նախիջևանի հետ Հայաստանի տարածքով:

Բայց պաշտոնական Երևանը պնդում է, որ քաղաքական և տնտեսական առաջխաղացման համար անհրաժեշտ է կարգավորել հումանիտար հարցերը, մասնավորապես՝ գերիների հարցը։

«Ես պետք է ձեր ուշադրությունը հրավիրեմ նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին, որը վերաբերում է բոլորր գերիների ու պահվող անձանց վերադարձին։ Խոսքը ոչ միայն ռազմագերիների, այլև բոլոր պահվող անձանց մասին», - շեշտել է Փաշինյանը՝ հակադարձելով ավելի վաղ հնչած Ալիևի հայտարարությանը, թե Ադրբեջանն ավելի շուտ է Հայաստանին փոխանցել բոլոր ռազմագերիներին, քան Հայաստանը, և այսօր Ադրբեջանում պահվող հայերը ռազմագերիներ չեն, այլ դիվերսանտներ։

«Այս կոնտեքստում, - շարունակել է Փաշինյանը, - Հայաստանը պատրաստ է վերադարձնել ականապատված բոլոր այն տարածքների քարտեզները, որ գտնվում է թիկունքում։ Այսինքն՝ այդ քարտեզները ոչ թե ռազմական, այլ հումանիտար նշանակություն ունեն»։

Վստահության մթնոլորտի բարելավման մասին խոսելիս, Հայաստանի վարչապետը շեշտել է, որ Ադրբեջանի մայրաքաղաքում պատերազմից հետո բացված ռազմական այգուց հեռացվել են զոհված, գերեվարված կամ վիրավորված հայ զինվորականների մանեկենները, ինչը, Փաշինանի գնահատմամբ, վատ չէ։

Իր խոսքի մի զգալի մասը Փաշինյանն այսօր նվիրել էր ԱՊՀ գործերին, մինչդեռ Ադրբեջանի նախագահը իր խոսքն ամբողջությամբ նվիրել էր, իր ձևակերպմամբ՝ «հետկոնֆլիկտային իրավիճակին»՝ շեշտելով, թե Ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի. - «Ղարաբաղյան հակամարտություն այլևս գոյություն չունի, քանի որ Ադրբեջանը ռազմական և քաղաքական ճանապարհով վերականգնել է իր տարածքային ամբողջականությունը»։

Ալիևը համառորեն պնդում է այս թեզը՝ հաշվի չնստելով այն հանգամանքի հետ, որ Լեռնային Ղարաբաղի մի մասն այսօր ռուս խաղաղապահների վերահսկողության տակ է։ Պաշտոնական Բաքուն անընդհատ շեշտում է՝ ռուս խաղաղապահները Ղարաբաղում ժամանակավոր են։

Ադրբեջանի նախագահը այսօր խոսել է նաև ականապատ տարածքների քարտեզներից՝ ասելով, թե Հայաստանի փոխանցած քարտեզների միայն 25 տոկոսն է ճշգրիտ։

Իր խոսքի մեծ մասը Ալիևը նվիրել է Ադրբեջանին անցած տարածքներին՝ նշելով, թե այնտեղ երեսուն տարվա ընթացքում չի մնացել ոչ մի շինություն, իսկ մզկիթների 90 տոկոսը ոչնչացված է։ Սա Ալիևը շեշտել է ոչ թե որպես միայն Ադրբեջանի դեմ ուղղված քաղաքականություն, այլ նաև մահմեդական աշխարհի։ ԱՊՀ անդամ երկրներից վեցը, հիշեցնեմ, մահմեդական են։

Անդրադառնալով Իրանին՝ Ալիևն ասել է, թե երեսուն տարվա ընթացքում Իրանի և հայկական վերահսկողության տակ գտնվող տարածքների սահմանին ծաղկում էր թմրանյութերի մաքսանենգությունը։ Սրան իր խոսքում հակադարձել էր Հայաստանի վարչապետը՝ նշելով, որ Հայաստանը Իրանի հետ միասին արդյունավետորեն պայքարում է այդ չարիքի դեմ։

Եվ ի դեպ, երեկվա միջադեպի մասին, որի հետևանքով վեց հայ զինծառայող է վիրավորվել այսօր ո'չ Փաշինյանը և ո'չ Ալիևը, ո'չ էլ Ռուսաստանի նախագահը չեն խոսել։

Վլադիմիր Պուտինը, ով մինչև այս գագաթաժողովը հանդիպում էր ունեցել Փաշինյանի հետ, այսօրվա իր խոսքում շատ քիչ է անդրադարձել Ղարաբաղին։ Ընդամենը նշել է, թե Ռուսաստանի միջնորդությամբ հաջողվել է կանգնեցնել հակամարտությունը. - «Ռուս խաղաղապահները այսօր հրադադարի ռեժիմի պահպանման երաշխավորն են»։

Ակնարկելով հավանաբար Արցախում և հայ-ադրբեջանական սահմանին պարբերաբար արձանագրվող միջադեպերը՝ Պուտինն այսօր հիշեցրել է ռուսական մի ասացվածք՝ վատ խաղաղությունն ավելի է լավ է, քան լավ պատերազմը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG