Մատչելիության հղումներ

«Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն». Մարիա Զախարովա


Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա
Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա

«Եկել է ժամանակը «3+3»-ի պլանները տեղափոխել գործնական հարթություն», - հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը՝ ընդգծելով, որ տարածաշրջանային բազմակողմ համագործակցության զարգացումը համապատասխանում է այս ձևաչափի հնարավոր բոլոր մասնակիցների շահերին:

Մարիա Զախարովան ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Ռուսաստանն աջակցում է «3+3» ձևաչափով տարածաշրջանային խորհրդատվական մեխանիզմ ստեղծելու գաղափարին՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, Ռուսաստանի, Հայաստանի և Իրանի մասնակցությամբ։

Մոսկվայի գնահատմամբ, «3+3»-ի գործարկումը կնպաստի միջպետական հարաբերությունների նկատմամբ վստահության բարձրացմանը, առկա հակասությունների կարգավորմանը, տարածաշրջանի տնտեսական ու տրանսպորտային ներուժի բացահայտմանը։

«Ձևաչափը կարող է և պետք է լուծումներ բերի ինչպես հին խնդիրներին, այնպես էլ նոր մարտահրավերներին կարգավորումներ առաջարկի», - ասել է Զախարովան։

Պաշտոնական Երևանը մինչև օրս այս ձևաչափի վերաբերյալ հստակ դիրքորոշում չի հայտնել։ Արտգործանախարարությունը, սակայն, ընդգծել էր՝ Երևանի համար սկզբունքային է, որ այն հնարավոր թեմաները, որոնք կարող են քննարկվել այդ ձևաչափում, որևէ կերպ չհամընկնեն այլ ձևաչափերի մանդատի և քննարկման հարցերի շրջանակի հետ։

Միաժամանակ պաշտոնական բոլոր հանդիպումներում հայկական կողմը շեշտում է, որ ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագության շրջանակում։ Այդ թվում և ռուսասաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցում էր արտգործնախարար Արարատ Միրոզյանը շեշտել եռանախագահների մանդատի ներքո բանակցություններ սկսելու անհրաժեշտությունը։

Կողմերը չէին հաղորդել «3+3» ձևաչափի շուրջ քննարկման մասին, մինչդեռ հաջորդ օրը Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավարի հետ ռուս դիվանագետը քննարկել էր այս հարցը, համենայն դեպս ադրբեջանական կողմը հաղորդեց, որ Լավրովն ու Բայրամովը ընդգծել են «3+3» ձևաչափի զարգացման կարևորությունը, Մոսկվան էլ չհերքեց։

Ըստ այս նախաձեռնության, Հարավային Կովկասի երեք պետությունները՝ Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը կհամագործակցեն երեք մեծ պետությունների՝ Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի հետ՝ տարածաշրջանում կայություն և խաղաղություն ապահովելով։

«3+3»-ի գաղափարը ակտիվ առաջ են մղում Թուրքիան և Ադրբեջանը. Ռեջեփ Էրդողանը «Մեծ քսանյակի» գագաթաժողովում գրեթե բոլոր՝ այդ թվում Մինսկի խմբում համանախագահող Միացյալ նահանգների և Ֆրանսիայի նախագահների հետ հանդիպումներում բարձրացրել էր այս հարցը։ Ավելին, վերադարձին Թուրքիայի նախագահը լրագրողներին ասել էր, թե Իլհամ Ալիևը վճռական է այս հարցում և նույնիսկ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ է քննարկել տարածաշրջանի վեց երկրների հարթակի ձևավորումը: Հայաստանն ու Ադրբեջանը չեն մեկնաբանել Էրդողանի այս հայտարարությունը։

Իրանը սկզբունքորեն դեմ չէ այս ձևաչափին, այս հարցով նաև Մոսկվա-Թեհրան քննարկումներ են անցկացվել։ Իրանի արտգործնախարարն ասել էր, որ հակամարտության լուծման շատ ձևաչափեր կան, դրանցից մեկը «երեք գումարած երեքը» կարող է լինել։

Ձևաչափին առայժմ կտրուկ դեմ է արտահայտվել միայն Վրաստանը՝ բացառելով Ռուսաստանի հետ որևէ միավորում համագործակցությունը, քանի դեռ օկուպացված են իր տարածքները։ Վրաստանի արտգործնախարարի հայտարարությունը, թե ինչ-որ ֆորմատով այս ձևաչափին Թբիլիսիի մասնակցությունը կարելի է դիտարկել, երկրում արժանացել էր խիստ քննադատության, ինչից հետո արտաքին գերատեսչությունը խմբագրեց նախարարի խոսքը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG