Մատչելիության հղումներ

Քննարկվում է Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենների խորհրդի անդամ նշանակելու հարցը


Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ
Հայաստանի նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյան, արխիվ

Կառավարությունն այսօր հայտարարեց, թե նախկին փոխվարչապետ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» վարչության անդամ Տիգրան Ավինյանը կարող է նշանակվել Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկի` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) տնօրենների խորհրդի անդամ։

Սա օրվա ընթացքում կոմբինատի և Ավինյանի մասին արդեն երկրորդ հայտարարությունն էր կառավարության կողմից։ Մինչ այդ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել էր, թե քննարկվում է Ավինյանին՝ կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։ Կարճ ժամանակ անց, սակայն, գործադիրը խմբագրել էր նրա խոսքն ու հայտնել, թե խոսքն Ավինյանին խորհրդի անդամ նշանակելու մասին է:

«Որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լավագույնս լինեն այնպիսի մարդիկ, որոնք լավագույնս Հայաստանի շահերը կներկայացնեն տվյալ կազմակերպությունում», - լրագրողների հետ զրույցում ասաց Արայիկ Հարությունյանը:

Անցած ամիս հայտնի դարձավ, որ Հայաստանի ամենամեծ հանքարյունաբերող ընկերության սեփականատերերը փոխվել են, բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը՝ 60 տոկոսը, վաճառվել է ռուսական արդյունաբերական ընկերությանը, որի վերահսկիչ փաթեթի սեփականատերը միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է։ Նա նաև վերահսկող բաժնետեր է «Գեոպրոմայնինգ» ընկերությունում, որը շահագործում է Հայաստանի մյուս խոշոր` Սոթքի ոսկու և Ագարակի պնղձամոլիբդենային հանքավայրերը:

Թե ինչ պայմաններում է կայացել գործարքը, արդյոք չեն եղել այլ հավանական գնորդներ, մինչ օրս չի հաղորդվել։ Հայտնի է միայն, որ ռուսական այդ ընկերությունը գործարքից անմիջապես հետո իր բաժնետոմսերի 25` ընկերության ընդհանուր կապիտալում՝ 15 տոկոսը, նվիրել է Հայաստանի կառավարությանը։ Թե որն է եղել այսպիսի շռայլ նվիրատվության առիթը, ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ «Գեոպրոմայնինգը» մինչ օրս չեն բացատրել։

Վարչապետ Փաշինյանը, հանդիպելով ընկերության վերահսկող բաժնետեր Ռոման Տրոցենկուն, հույս էր հայտնել, որ «բոլոր ձեռք բերված պայմանավորվածությունները կիրականացվեն»: Կրկին չէր հստակեցվել, թե որոնք են այդ բոլոր պայմանավորվածությունները:


Մինչ այդ գործարքը բողոքարկել ու այդ հարցով դատարան է դիմել կոմբինատի բաժնետոմսերի մյուս խոշոր պատառը՝ 12,5 տոկոսը տնօրինող «Զանգեզուր մայնինգը», որը պնդում է, թե ինքը պետք է տեղյակ լիներ վաճառքի պայմաններից ու առաջնային իրավունք ունենար դրան մասնակցելու համար։

Այս ընկերության սեփականատերը մեկ այլ ռուս գործարար է՝ Միխայիլ Զուրաբովը, ով եղել է նաև Ռուսաստանի առողջապահության և սոցիալական զարգացման նախարար, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական, Ուկրաինայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան։

Վերջինիս ներկայացուցիչ, փաստաբան Արամ Օրբելյանի խոսքով` իրենք դատարանից պահանջում են անվավեր ճանաչել կոմբինատի 60 տոկոսի առք ու վաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա կնքված բոլոր գործարքները։


«Ինչի՞ են խախտել, ի՞նչ նկատառումներ են ունեցել, ի՞նչ մտքեր են ունեցել կամ չեն ունեցել, էական չի, թե մոռացել են, թե դիտավորյալ է եղել, թե ինչ-որ հետին միտք են ունեցել, թե չեն ունեցել, մեզ համար էական չի, որովհետև խախտվել է (այս դատավարության ընթացքում եմ ասում, այլ դատավարություններ կարող են լինել, որտեղ արդեն դրանք կլինեն էական), այս դատավարության իմաստով օրենսդիրը չի ասում` եթե չեն տեղեկացրել հետին մտքով, ուրեմն անվավեր է, արդյունքում ասում է` եթե խախտվել է կարգը, գործարքն անվավեր է», - «Ազատության» հետ զրույցում նշեց Օրբելյանը:

Որպես պատասխանող դատարանում հանդես են գալիս մյուս բաժնետերերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունն՝ ի դեմս վարչապետի աշխատակազմի։ Օրբելյանը շեշտում է՝ կառավարությունն այս դեպքում եղել է երկրորդ գործարքի շահառու միայն. «Այս պահին քննարկվում են կոնկրետ բաժնետիրական ընկերությունների մասին օրենքի դրույթները, և համադրելով այդ երկու արգումենտները` կառավարությունը դեռևս մասնակից է այն տրամաբանությամբ, որ կառավարությունն ուղղակի եղել է երկրորդ գործարքի շահառուն: Այսինքն` եթե առաջին գործարքը չլիներ, երկրորդը հնարավոր չէր լինի` նվիրատվությունը, զուտ այդքանով: Այստեղ կառավարության կողմից կատարված այլ գործընթացներ դեռևս բարձրաձայնված չեն»:

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Հարությունյանն, այսօր անդրադառնալով այս գործընթացին, ասաց. «Ես կարծում եմ, որ իրավական առումով այնտեղ որևէ խնդիր չկա: Դիմել են դատարան, դատարանը կորոշի, թե արդյոք այդտեղ իրավական հիմքեր եղել են, թե ոչ»։

Դատաքննությունը կսկսվի նոյեմբերի 12-ին` Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG