Մատչելիության հղումներ

Փաշինյանի խոսքով, իր այցը Սյունիք որոշակի քաղաքական իրադրություն է փոխել Հայաստանում


Սյունիքի մարզի Գորայք համայնքում «Քաղաքացիական պայմանագրի» վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը մարզում անցկացված քարոզարշավին անդրադարձավ։ Երեկվա հանդիպումները, ըստ Փաշինյանի, բավականին հաջող էին:

Նա հայտարարեց, թե այցը ոչ միայն շատ արդյունավետ էր, այլև որոշակի քաղաքական իրադրություն է փոխել Հայաստանում․ - «Ոմանք տպավորություն էին ստեղծել և փորձ էին արել, որ ի ցույց դնեն, թե Սյունիքը, սյունեցին հակադրված ա, կամ հակադիր ա մնացած Հայաստանին։ Եվ երեկ էդ պրոպագանդիստական սուտը ուղղակի ջարդուփշուր էղավ»։

Փաշինյանին տեղեկություններ են հասել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմից քաղաքացիներին արգելում են մասնակցել իշխող ուժի հանդիպումներին։ Կոմբինատի խորհրդի անդամներից մեկը Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանն է, ով հիմա Հայաստան դաշինքի ցուցակում է:

«Մեղրիի, Քաջարանի, Գորիսի, նաև Սիսիանի մեր բնակիչներին խոստացել եմ, որ այդ պաշտոնյաներին իրանք տեսնելու են սեփական աչքերով ասֆալտի վրա պառկած։ Որպես բարի կամքի արտահայտություն ես մենակ մի բան կարամ ասեմ․ ես էդ պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս ինքնակամ առաջիկա օրերին պառկել իմ նշած ասֆալտի հատվածներում, սելֆի անել և էդ նկարները դնել իրանց ֆեյսբուքյան էջում, որպեսզի տենց ազգային համաձայնության մթնոլորտում էդ խնդիրը լուծել», - Գորայքում ասաց Փաշինյանը։

Իշխող ուժում ահազագներ են ստանում, որ «Գազպրոմ Արմենիայի» ղեկավարները աշխատակիցներին պարտադրում են գնալ ինչ-որ ուժի հանրահավաքի կամ որևէ մեկի օգտին քվեարկելու․ - ««Գազպրոմ Արմենիայի» ցանկացած աշխատող, ով էդպիսի գործունեությամբ կզբաղվի, մինչև հուլիսի 15-ը ազատվելու ա առնվազն աշխատանքից, էլ չեմ խոսում քրեական պատասխանատվության մասին։ Չհասկացա, «Գազպրոմ Արմենիան» կարա Հայաստանում Հայաստանի կառավարության ու ժողովրդի դեմ աշխատի՞։ Մտքներով չանցնի»։

Պ-ն 500 հազար դրամ պարգև է խոստանում ՝ ընտրակաշառքի մասին վկայող յուրաքանչյուր տեսանյութի համար

Փաշինյանը այսօր քարոզարշավը շարունակեց Վայոց Ձորում։ Ջերմուկում նա աղմկահարույց հայտարարություն արեց՝ խոստացավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի դիմաց քաղաքացիներին 500 հազար դրամ կվճարի․ - «Հազար ԱՄՆ դոլարին համարժեք 500 հազար դրամ պարգև էն քաղաքացիներին, ովքեր ա․ կամ ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն տեսանյութով։ Եվ երկրորդը, պետական կամ ոչ պետական հիմնարկների աշխատողների կողմից՝ տեղական ինքնակառավարման մարմիններ և այլն, և այլն, կնկարահանեն, կփաստագրեն ընտրողի վրա ապօրինի ազդեցություն գործելու փորձը։ Եվ մենք էդ դեպքերում․․․ 500 հազար դրամ պարգև յուրաքանչյուր այդպիսի տեսագրության համար»։

Փաշինյանի տեղեկացմամբ, ընտրակաշառքների գործով արդեն 55 քաղաքացի է անցնում․ - «Էս պահի դրությամբ հինգ հոգի ունենք կալանավորված, տաս հոգի մեղադրյալ, քառասուն հոգի կասկածյալ»։

Վայքում էլ դատական համակարգի բարեփոխումներից խոսեց, ասաց, թե համակարգն ինքնամաքրվելու է:

Փաշինյանի ելույթի առիթը Սերժ Սարգսյանի եղբորորդու՝ Նարեկ Սարգսյանի դատավճիռն էր։ Վերջինս այսօր դատապարտվեց 5 ու կես տարվա ազատազրկման․ - «Ես նկատի չունեմ, որ էն մի դատավորը Սերժ Սարգսյանի մի եղբոր որդուն բաց ա թողել, նա վատն ա, իսկ էս մյուս դատավորը, որը էն մյուս եղբոր որդուն դատապարտել ա, նա լավն ա։ Ոչ։ Ես կարծում եմ, որ էրկուսն էլ հավասարաբար լավն են։ Որովհետև իրանք առաջնորդվել են ոչ թե ինչ-որ տրամաբանությամբ, ոչ թե ով ում եղբոր որդին ա, այլ վերլուծել են իրանց ձեռքի տակ եղած փաստերը և օրենքի վրա հիմնվելով՝ կայացրել են որոշում»։

Քարոզարշավի ընթացքում բոլոր բեմահարթակներից ելույթ ունեցող իշխող ուժի վարչապետի թեկնածուին հարցեր ուղղել լրագրողներին չի հաջողվում, քանի որ անվտանգությունն ապահովող ծառակողներից բացի, նրա շուրջը շղթա են կազմում նաև ոստիկանները:

«Զանգեզուրի միջանցքի» մասին խոսակցությունները Ադրբեջանի մտացածին հայտարարություններ են

Շղթայից դուրս այսօր Անվտանգության խորհրդի քարտուղարից հաջողվեց մեկնաբանություն ստանալ: Արմեն Գրիգորյանն արձագանքեց Շուշիում Թուրքիայի նախագահի հնչեցրած մտքին, թե իրենք պատրաստ են կատարել բոլոր քայլերը Հայաստանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար:

Պաշտոնյանն ասում է, թե Հայաստանն էլ է կողմնակից հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանը, բայց՝ առանց նախապայմանների․ - «Մենք բազմիցս հայտարարել ենք, որ առանց նախապայմանների հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու կողմնակից ենք: Թուրքիայի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չկա, որպեսզի նախապայման կամ այլ հարց քննարկվի»։

Գրիգորյանն անդրադարձավ նաև, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին ադրբեջանական կողմի պնդումներին․ - «Ադրբեջանը պարբերաբար նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը տորպեդահարում է և փորձում է խնդիրներ ստեղծել նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունը, որոնք թղթի վրա կա, կատարելու։ Ի դեպ, նոյեմբերի 9-ից հետո եղել է նաև հունվարի 11-ի եռակողմ հայտարարություն, և եթե Ադրբեջանը պնդում է, որ կա միջանցքի հարց, ապա դա պետք ա արտահայտված լինի հունվարի 11-ի հայտարարության մեջ։ Բայց հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ որևիցե բառ միջանցքի մասին չկա։ Սա ևս մի անգամ հաստատում է, որ միջանցքի մասին խոսակցությունները Ադրբեջանի մտացածին հայտարարություններ են, և որևէ հիմք, կամ կոնտեքստ, հիմնավոր կապ չունեն ո՛չ նոյեմբերի 9-ի հայտարարության հետ և ո՛չ էլ հունվարի 11-ի հայտարարության հետ»։

Իշխող ուժն այսօր նախընտրական քարոզչութունն ավարտեց Երևանի Քանաքեռ -Զեյթուն համայնքում:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG