Մատչելիության հղումներ

2018-ի ամենախոշոր հարկատուն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է. Մաշադյան


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ, արխիվ

Մինչ տնտեսագետներն ու իշխանական պատգամավորները ոգևորված արձանագրում են, որ վերջին տարիներին առաջին անգամ տարվա խոշորագույն հարկատուն մշակող արդյունաբերական ոլորտից է՝ խոսքը «Գրանդ Տոբակո» ընկերության մասին է, Պետեկամուտների կոմիտեից հստակեցնում են՝ 2018 թվականին Հարկային օրենսգրքի փոփոխությամբ և «Ընդհանուր գանձապետական հաշիվ» գաղափարի ներմուծմամբ պայմանավորված՝ խոշոր հարկատուների ցուցակի ամփոփման մեթոդոլոգիան փոփոխության է ենթարկվել, և նախորդ տարվա ցուցանիշների հետ համեմատությունը սխալ է:

Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Ռաֆիկ Մաշադյանը բացատրում է մեխանիզմն ու հստակեցնում՝ 2018-ի ամենախոշոր հարկ վճարողը հանքարդյունաբերող ընկերություն է:

«Ասենք 2017 թվականին կազմակերպությունը վճարել է 10 միլիոն դրամ, ինքն, անկախ նրանից՝ հաշվարկով ներկայացրել է մեկ միլիոն, թե 10 միլիոն, այդ 10 միլիոն դրամը համարվել է բյուջետային եկամուտ։ 2018 թվականին նույն պատկերն ունենք, կազմակերպությունը միասնական հաշվին վճարել է 10 միլիոն դրամ, սակայն հաշվարկով ներկայացրել է վճարման ենթակա մեկ միլիոն դրամ։ 2018 թվականի համար բյուջետային եկամուտը կհամարվեր մեկ միլիոն դրամ։ Սա է տարբերությունը հաշվառման։ 2018 թվականի ամենախոշոր հարկ վճարողը դա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է, նրա վճարումները կազմել են ավելի քան 51 միլիարդ՝ նախորդ տարվա մոտ 19 միլիարդի փոխարեն, սա ամենաբարձր աճ արձանագրած մեր կազմակերպությունն է հարկերի վճարման առումով, նախորդ տարի կազմակերպությունը զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը։ Երկրորդ տեղում «Գրանդ Տոբակո» ընկերությունն է, որի հարկերի վճարումը 2018 թվականին ավելացել է ավելի քան 7.6 միլիարդով։ Կազմակերպությունը նախորդ տարի ևս զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը։ Երրորդ տեղում է «Գազպրոմ Արմենիա»-ն, որը 2017 թվականին զբաղեցրել է 1-ին հորիզոնականը։ Այս կազմակերպության մոտ հարկերի վճարումն ավելացել է մոտավորապես 300 միլիոն դրամով։ Սա համադրելի ցուցանիշներ ներկայացնելու համար էր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մաշադյանը։

Ընդհանուր առմամբ, 2017 թվականի համեմատ առաջին խոշոր տասը հարկ վճարողների ցանկում տեղի է ունեցել ընդամենը մեկ փոփոխություն՝ Հայաստանի էլեկտրական ցանցերը նախորդ տարի զբաղեցնում էր 3-րդ հորիզոնականը և 2018 թվականին շուրջ 11.5 մլրդ դրամ պակաս հարկ վճարելով հայտնվել է 13-րդ հորիզոնականում:

Այսպիսով, 2017 թվականի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերն աճել են ավելի քան 14 տոկոսով: Ցուցանիշը տնտեսական աճի և ստվերի կրճատման արդյունք է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG