Մատչելիության հղումներ

Պղնձի ու մոլիբդենի խտանյութի արտահանման պետտուրքով կես տարում 35 մլրդ դրամ կմուտքագրվի պետբյուջե. նախարար


Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքը, արխիվ

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունեց մետաղների գործող շուկայական գների շուրջ 15 տոկոսի չափով արտահանման տուրք սահմանող կառավարության նախագիծը։

Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը հայտարարեց՝ հաշվարկել են՝ այս փոփոխությունից հետո առաջիկա 6 ամիսներին բյուջե կմուտքագրվի մոտ 35 միլիարդ դրամ։ Իսկ փոփոխության պատճառն, ըստ Քերոբյանի, պղնձի ու մոլիբդենի միջազգային գների կտրուկ բարձրացումն է։

«Պղնձի գները անցած տարվա 6 հազար դոլար 1 մետրիկ տոննայի համար այժմ գտնվում են մոտավորապես 9200-9300 դոլարի սահմաններում, իսկ մոլիբդենի գները անցած տարվա միջին 24 հազարի փոխարեն այժմ 41 հազար դոլարի սահմաններում են: Այսինքն այս ավելացումն ըստ էության թույլ է տալիս, որպեսզի ավելացված մասի մի մասը մենք վերցնենք», - ասաց Քերոբյանը:

Կառավարության ներկայացուցիչը հերքեց, թե նախաձեռնությունը քաղաքական նպատակներ է հետապնդում։ Միևնույն ժամանակ Քերոբյանը հայտնեց՝ առաջարկվող փոփոխությունները տնտեսվարողների հետ չեն քննարկել ու պարզաբանեց, թե ինչու։

«Այս նախագիծը չի քննարկվել տնտեսվարողներ հետ, որովհետև այստեղ այնքան ակնհայտ գործողություն ենք մենք անում, որը քննարկելու կարիք չկա: Բայց այն համակարգային փոփոխությունները, որ նախաձեռնում ենք, այդտեղ ներգրավված կլինեն թե՛ բնապահպաններ, թե՛ միջազգային էքսպերտներ, թե՛ ֆինանսական և խորհրդատվական ընկերությունների ներկայացուցիչներ, թե՛ հենց կոնկրետ տնտեսվարողները», - նշեց Վահան Քերոբյանը:

Իշխող «Իմ քայլից» պատգամավոր Հովիկ Աղազարյանին հետաքրքրում էր, եթե պղնձի գները կտրուկ ընկեն, ի՞նչ կլինի այդ դեպքում. կառավարությունում գների կտրուկ փոփոխություն չեն սպասում, բայց եթե անգամ անկում լինի, նախարարի պաշտոնակատարն ասում է՝ գերշահույթն այնքան է, որ գունավոր մետաղների խտանյութ արտահանողների տարեկան ցուցանիշների վրա չի ազդի։ Այնուամենայնիվ, Քերոբյանը շեշտում է՝ պղնձի գների անկման որևէ նախադրյալ չկա, դա ըստ միջազգային կազմակերպությունների։

«Հակառակը շուկայում ավելացող պահանջարկի հետ զուգընթաց ենթադրվում է, որ պղնձի գները մոտակա տարիների միայն բարձրանալու են և հասնելու են այսօրվա 9300-ից մինչև 15 հազար դոլարի մակարդակի», - նշեց նա:

Պղնձի խտանյութի խոշոր արտահանողներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որի խորհրդի անդամ է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը։ Չնայած իշխանության պնդումներին, թե պղնձի ու մոլիբդենի արտահանման տուրքի բարձրացումը պայմանավորված է միջազգային գների բարձրացմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում դրանում քաղաքական շարժառիթներ են տեսնում։

«Ընտրությունների ընթացքում ամենևին էլ չեն թաքցրել, որ նման ենթատեքստերով են առաջ շարժվելու, հետևաբար կարծում եմ, որ սա ակնհայտ է: Ես տնտեսագիտական ավելի խորը վերլուծություն այս պահին չեմ կարող անել, բայց քաղաքական ակնհայտ կապ տեսնում եմ, համենայն դեպս վերջիններիս հայտարարությունները այդ ամենի մասին կարող են փաստել», - ասաց Ազգային ժողովի պատգամավոր Աննա Գրիգորյանը:

Կոմբինատի անունը նախընտրական քարոզարշավի ընթացքում իշխող ուժի վարչապետի թեկնածուն էր շրջանառում ու սպառնում. տեղեկություն ունեին, որ ղեկավար կազմից քաղաքացիներին արգելում են մասնակցել իշխող ուժի հանդիպումներին։

«Մեղրիի, Քաջարանի, Գորիսի նաև Սիսիանի մեր բնակիչներին խոստացել են, որ այդ պաշտոնյաներին իրենք տեսնելու են սեփական աչքերով ասֆալտի վրա պառկած», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Իշխող ուժում կառավարության առաջարկն արդարության վերականգնում են համարում. Գևորգ Պապոյանն ասում է՝ 15 տոկոս արտահանման տուրքը հարկային շատ մեծ բեռ չէ: Պնդում է՝ հանքարդյունաբերության հարկերը Հայաստանում ամենացածրերից են. «Հանքարդյունաբերության վրա հարկերը Հայաստանում մոտ 14 տոկոսի սահմաններում են, ինչը աշխարհում համարվում է ցածր հարկային բեռ, այն դեպքում, երբ որ երկրներ կան 40-50 տոկոս հարկ են սահմանել: Նույնիսկ այս պետական տորքի պարագայում, մենք չենք ունենալու նման հարկային բեռ»:

Միայն 2020-ի տվյալներով՝ պղնձի խտանյութը Հայաստանից ամենաշատն արտահանված ապրանքն է՝ շուրջ 510 հազար տոննա։ Հայաստանից 16 հազար տոննայից ավելի էլ մոլիբդեն է արտահանվել։ Ընդհանուր ավելի քան 730 միլիոն դոլար արժողությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG