Մատչելիության հղումներ

Փաշինյան. Ես եմ տվել զորքի հետքաշման հրամանը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում է պատգամավորների հարցերին

Գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում, այսօր արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ռուսական և տեղական լրատվամիջոցների հրապարակմանը, թե Մոսկվայում նոյեմբերի առաջին տասնօրյակում սպասվում է Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպում, որի ընթացքում կողմերը եռակողմ հայտարարություններ են ստորագրելու։

«Նախ ուզում եմ ասել, որ այս պահին որևէ հանդիպում այդ ֆորմատով նախատեսված չէ, քննարկվում են տարբեր ֆորմատներով տարբեր հանդիպումների առաջարկներ, և ենթադրաբար այդպիսի հնարավոր հանդիպումների արդյունքում գուցե լինի համաձայնեցված որևէ տեքստի հրապարակում», - հայտարարեց նախարարը։

Ըստ «Ալիք մեդիայի»՝ ստորագրվելիք հնարավոր փաստաթղթում Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները, իսկ երկրորդ փաստաթուղթն էլ վերաբերելու է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը։

«Այդ երկու քննարկված բովանդակությամբ փաստաթղթերի ստորագրում, անշուշտ, չի նախատեսվում։ Բոլոր այդ տեսակ փակ դռների հետևում վարվող բանակցություններում, քննարկումներում, խոսակցություններում մեր դիրքորոշումները 100 տոկոսով համապատասխանում են մեր քաղաքական թիմի՝ ՀՀ վարչապետի և մյուսներիս կողմից հրապարակավ հայտնած դիրքորոշումներին», - հավելեց Միրզոյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը մինչդեռ բարձրաձայնեց իր կասկածների մասին, որ Հայաստանի համար կենսական զիջումներ նախատեսող փաստաթուղթ է պատրաստվում. «Այս կասկածն իսկապես ողջամիտ է, որովհետև կա նախադեպ՝ նոյեմբերի 9-ին ստորագրվեց իր բնույթով կապիտուլյացիոն հայտնի փաստաթուղթը, որից տեղյակ չէր ոչ միայն հանրությունը, այլև հանրապետության նախագահը և արտաքին գործերի նախարարը»։

Իշխանությունը փակ հանդիպման առաջարկ արեց

Մեկ այլ հարցի պատասխանի ժամանակ Փաշինյանը շեղվեց թեմայից ու բանավեճի մեջ մտավ տեղում նստած ընդդիմադիր պատգամավորների հետ։ Արդյունքում որոշվեց առաջիկայում խորհրդարանականների և վարչապետի մասնակցությամբ փակ հանդիպում կազմակերպել։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը Նիկոլ Փաշինյանի հրավերով այս պահին կարող է քննարկել միայն իր հրաժարականի տեքստը», - իշխանության այդ առաջարկից հետո այսպես արձագանքեց ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։

Ուշ երեկոյան էլ «Հայաստան» դաշինքը հայտարարություն տարածեց, պնդելով՝ «վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը» մոլորեցրել է հանրությունը և փորձել տպավորություն ձևավորել, թե դաշինքը պատրաստ է իր հետ փակ քննարկումների: «Հայաստան» դաշինքը բացառում է որևէ փակ քննարկում և «ևս մեկ անգամ վերահաստատում, որ մեկ սանտիմետր անգամ չի նահանջել այս ազգակործան իշխանություններին հեռացնելու իր նպատակից»: «Միայն այդ օրակարգով կարող է լինել քննարկում վարչապետի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնողի հետ», - ասված է «Հայաստան» դաշինքի հայտարարությունում։

Փաշինյանը վերահաստատեց, որ Փելա սարում դիրքային փոփոխություն չի եղել

Սահմանամերձ Սյունիքում՝ Փայլասար (Փելա սար) բարձրունքի հատվածում ադրբեջանական կողմի առաջխաղացման մասին լուրերին անդրադառնալով՝ Փաշինյանը հղում արեց ԱԱԾ հաղորդագրությանը, թե դիրքային փոփոխություն չի եղել. «2020 թվականի դեկտեմբերին, սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում»։

Մինչդեռ խնդրի մասին առաջիններից բարձրաձայնած Կապանի համայնքապետը պարզաբանել էր՝ հայկական կողմն դիրքային փոփոխություն իսկապես չի ունեցել. Փալյասարի բարձրունքին կանգնած են եղել ռուսական սահմանապահները, և հենց նրանք են անհայտ պատճառներով հետ քաշվել։ Այս դրվագի մասին, սակայն, հարցը հնչեցրած սյունեցի պատգամավոր, Փաշինյանի թիմակից Նարեկ Ղահրամանյանը լռեց։

Թեմայով այլ հարցեր ուներ «Հայաստան» խմբակցությունից Գեղամ Մանուկյանը, բայց վարչապետը չպատասխանեց այս հարցին։

«Փաշինյանը նոր հայտարարեց, որ 20 թվականի դեկտեմբերից մեր զորքերը կանգնած են Փելա սարում, բայց հետաքրքրական է՝ 20 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ զորքերը կանգնում էին այնտեղ, որտեղ կանգնած էին», - ասաց պատգամավորը։

Հարցը, ինչպես պարզվեց, Մանուկյանը նաև գրավոր էր ուղարկել Պաշտպանության նախարարություն։ Դեկտեմբերին հետ քաշվելու գրավոր հրաման եղե՞լ է արդյոք և ում կողմից, պատգամավորի այս հարցերին ՊՆ-ն պատասխանել էր միայն մեկ ամիս անց ու ասել, որ բարձրացված հարցերը նախարարության իրավասությունից դուրս են։

Պաշտպանության նախարարը մոտեցավ ամբիոնին, բայց չխոսեց այն մասին, թե հետ քաշվելու գրավոր հրաման եղել է, թե ոչ, ում կողմից է եղել, կա արդյոք փաստաթուղթ այս մասով։

«Դուք ունեք հնարավորություններ ստեղծել բազմաթիվ հանձնաժողովներ և ստեղծել եք։ Խնդրում եմ այդ հարցն ինքներդ ձեզ ուղղեք, պաշտպանության նախարարն էլ այն կազմակերպությունը չի, որ թեկուզ դուք ինչ ուզեք՝ հարցնեք, մենք էլ ինչ ուզենք՝ պատասխանենք», - արձագանքեց Արշակ Կարապետյանը։

«Եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու»

Ավելի ուշ ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի՝ Սյունիքից զորքերի հետ քաշման մասին նույնաբովանդակ հարցին պատասխանելիս վարչապետն ընդունեց՝ ինքն է այդ հրամանը տվել. «Որոշումը կայացվել է հասցեագրելու համար ձեր հիմա հնչեցող քննադատությունները, կայացվել է պատերազմից խուսափելու համար, որովհետև իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ։ Ես ձեզ 100 անգամ ասել եմ՝ ինչի՞ մենք այնտեղ էինք կանգնած։ Մենք դրանից տասնյակ կիլոմետրեր առաջ էինք կանգնած, մենք եկել, հասել ենք, ցավոք սրտի, այդտեղ»։

«Այսինքն՝ Դուք ուզում եք ասել, որ այն մարդու անուն-ազգանունը, ով հրաման է տվել հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյան է», - հարցը շարունակեց պատգամավորը։

«Ոչ, ես եմ տվել հրաման հետ քաշվելու, Վաղարշակ Հարությունյանն իրականացրել է այդ հրամանը», - պատասխանեց Հայաստանի ղեկավարը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG