Մատչելիության հղումներ

ՄԻՊ-ը վերահաստատում է՝ Գեղարքունիք ներխուժած ադրբեջանական զինուժը իրականացնում է ամրաշինական աշխատանքներ, ՊՆ-ն արձագանքում է


Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինուժը հայկական գյուղերի անմիջական հարևանությամբ իրականացնում է ամրացման ակտիվ աշխատանքներ, Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) վերահաստատում է շաբաթասկզբին արած հայտարարությունը, այս անգամ, սակայն, արձագանքելով Պաշտպանության նախարարության պարզաբանմանը։

Ռազմական գերատեսչությունը օմբուդսմենի հայտարարությունը ուռճացված էր որակել, հայտարարել՝ կան պնդումներ, որոնք կտրված են իրականությունից։ Պաշտպանության նախարարությունը պնդել էր, թե Հայաստանի տարածքում Ադրբեջանի զինուժն ինժեներական ակտիվ աշխատանքներ չի իրականացնում, մեծ ապաստարաններ կամ նոր ճանապարհներ չեն կառուցվել, այդպիսի աշխատանքների փորձերն էլ կանխվում է զինված ուժերի կողմից։

Մարդու իրավունքների պաշտպանը հակադարձում է պաշտպանական գերատեսչությանը՝ ինքը երբեք չի անում հայտարարություններ, որոնք ուռճացված են կամ առավել ևս անճշտություններ ունեն:

«Առհասարակ, եթե Մարդու իրավունքների պաշտպանը հանդես է գալիս հրապարակային որևէ հայտարարությամբ, ուրեմն դրա համար ունի հավաստի ապացույցներ՝ ոչ թե մեկը, այլ առնվազն մի քանիսը: Ուստի, նախարարության այդ պաշտոնյաներից պահանջում ենք այլևս թույլ չտալ նման անհեռատես ձևակերպումներ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հայտարարություններին արձագանքելիս», - ասված է հայտարարությունում:

Մարդու իրավունքների պաշտպանը երկրորդ հայտարարության հետ միասին նաև տեսանյութ է հրապարակել Ֆեյսբուքում, որն ըստ ՄԻՊ-ի գրասենյակի, հաստատում է Գեղարքունիքի մարզի գյուղերի անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինուժի կողմից ամրացման աշխատանքները։ Տեսանյութում արբանյակային նկարով ներկայացված է Վերին Շորժա գյուղին մոտ հատվածներում կառուցված ճանապարհը, ըստ ՄԻՊ-ի, այդ ճանապարհն ադրբեջանական զինուժը հուլիսին է կառուցել։ Առանձին նկարներով ներկայացվում են քարով կառուցված շինություններ։

Այս գրառմանն այսօր ավելի ուշ պաշտպանության նախարարությունից արձագանքեցին՝ վերստին հայտարարելով՝ հոկտեմբերի 18-ի ՄԻՊ գրառման մեջ առկա են մի շարք կոպիտ անճշտություններ, ինչպես նաև իրականությանը ակնհայտորեն չհամապատասխանող տվյալներ։

«Խնդրի շուրջ այսօր կայացած հեռախոսազրույցում Մարդու իրավունքների պաշտպանը, ի պատասխան պաշտպանության նախարարի հարցադրմանը, թե Հայաստանի Հանրապետության ո՞ր տարածքում են իրականացվում իր կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված աշխատանքները, նշել է, որ դրանք առավելապես իրականացվում են ոչ թե Հայաստանի տարածքներում, այլ դրանց «հարևանությամբ»։ ՀՀ պաշտպանության նախարարությունը ՄԻՊ գրասենյակին կոչ է անում ձեռնպահ մնալ չճշտված տեղեկություններ տարածելու մոտեցումից», - ասված է հաղորդագրության մեջ։

Պատերազմից հետո Ադրբեջանին սահմանակից դարձած գյուղերի ղեկավարները դեռ հունիսին «Ազատությանը» հայտնել էին, որ ադրբեջանական կողմն ամրաշինական աշխատանքներ է իրականացնում Հայաստանի տարածքում։ Հաջորդ օրը Պաշտպանության նախարարությունից հայտարարեցին, թե Ադրբեջանի զինուժը փորձել է ամրաշինական աշխատանքներ իրականացնել, սակայն դրանք կանխվել են։ Ռազմական գերատեսչությունը օրեր անց էլ նման վերտառությամբ տեսանյութ տարածեց։

Այսօր էլ Վերն Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանն ու Կութի համայնքապետ Սիմա Չիտչյանը վերահաստատեցին իրենց ասածը։ Ըստ համայնքապետերի, հիմա ձյան պատճառով չի երևում, թե ինչով է զբաղված ադրբեջանական զինուժը, ամռան սկզբին էին նկատել, որ ադրբեջանիցներն ակտիվացել են, տրակտորներ են օգտագործում։

«Ամառվա ընթացքում աշխատել են, հիմա ոչ մի բան ես չեմ նկատում», - ասաց Արտյոմ Երանոսյանը։

Սիմա Չիտչյանն էլ նշեց. «Մեր մոտից չի երևում, ձյուն է հիմա սարերին ու ոչ մի բան չենք նկատում։ Ամիսներ առաջ ինչ սարքել են, ինչ կառուցել են, դա է, մեզ մոտ նոր ոչ մի բան չի երևում»։

Ադրբեջանի զինուժը 5 ամիս առաջ էր հատել Հայաստանի սահմանը՝ Գեղարքունիքի ու Սյունիքի ուղղություններով, և մինչ օրս չի հեռացել այդ վայրերից։

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Ռուսարմինֆո»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ հայկական կողմը Ադրբեջանից շարունակում է պահանջել լքել այդ տարածքները։

«Մենք հույս ունենք, որ աշխատանքային խումբը, որը պետք է սահմանազատման և սահմանագծման գործընթաց սկսի, դրա շրջանակներում հնարավորություն կլինի նաև այդ հարցը լուծել։ Այսինքն՝ սահմանազատման, սահմանագծման գործընթացը պետք է սկսվի այն տրամաբանությամբ, որ զորքերը հետ քաշվեն հայելային տարբերակով, այդ տարածքներում տեղակայվեն սահմանապահ զորքերը», - նշել է Գրիգորյանը։

Նույն հարցազրույցի ընթացքում Արմեն Գրիգորյանը Արման Թաթոյանին մեղադրել էր քաղաքական գործունեությամբ զբաղվելու համար։ Հիշեցրել՝ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է, իշխող ուժը նոր թեկնածուի է առաջադրելու այդ պաշտոնում։

«Իմ քայլը» խմբակցությունը, կարծում եմ, նոր թեկնածուով հանդես կգա, ոչ թե կարծում եմ, այլ համոզված եմ՝ նոր թեկնածուով հանդես կգա», - ընդգծեց նա։

Հարցին՝ որովհետև ՄԻՊ-ն իր գործն անաչառ չի՞ կատարում, Գրիգորյանն արձագանքեց. «Դուք տեսե՞լ եք որևէ անաչառ հայտարարություն, ավելի շուտ քաղաքական հայտարարություններ են եղել գոնե հետհեղափոխական շրջանում»։

Մարդու իրավունքների պաշտպանը իր հայտարարության մեջ նաև Անվտանգության խորհրդի քարտուղարին է անդրադարձել, հայտարարելով, որ փաստացի սկսվել է պաշտպանի գործունեությունը վարկաբեկող արշավ, որին միացել է նաև Անվտանգության խորհրդի քարտուղարը։

XS
SM
MD
LG