Մատչելիության հղումներ

«Ինչ դիրքերում եղել ենք, այսօր շարունակում ենք մնալ». Փաշինյանը՝ Փելա սարի հատվածի մասին


Փելա սարի այդ հատվածում սահմանապահ զորքերը ծառայություն սկսել են իրականացնել 2020-ի դեկտեմբերից, և «ինչ դիրքերում եղել ենք, այսօր շարունակում ենք մնալ», ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետը։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամյանը Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր սահմանի այս հատվածի վերաբերյալ լուրերից։

«ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը երեկ Ազգային ժողովում պատգամավորներին պարզաբանում է տվել և արձանագրել է, որ որևէ դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ինչպես 2020 թվականի դեկտեմբերին, սահմանապահ մեր ծառայությունը ծառայություն է իրականացնում այն դիրքերում, որոնք եղել են նաև նախկինում», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Ազգային անվտանգության ծառայությունը Փելա սարի հատվածում ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին Կապանի համայնքապետի և սյունեցի ընդդիմադիր պատգամավորի պնդումներից օրեր անց միայն հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե «Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն ավելի վաղ ասել էր, թե սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, և այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, ըստ քաղաքապետի՝ իր համար անհայտ պատճառներով, ռուսներն իջել են ռազմավարական բարձունքից, և վերահսկողությունն անցել է Ադրբեջանին։

XS
SM
MD
LG