Մատչելիության հղումներ

Պաշտպանության փոխնախարարն ու իշխանականները չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանից եկող լուրերին


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

Պաշտպանության փոխնախարարն ու խորհրդարանի անվտանգության հանձնաժողովի իշխանական պատգամավորները որևէ կերպ չեն արձագանքում հայ-ադրբեջանական սահմանից՝ Սյունիքից և Գեղարքունիքից եկող լուրերին, թե ադրբեջանական զինված ուժերը առաջինի դեպքում առաջխաղացում ունեն, երկրորդի դեպքում էլ Հայաստանի ինքնիշխան տարածքի այն հատվածներում, որտեղ հաստատվել էին մայիսին, ակտիվ ամրաշինական աշխատանքներ են կատարում։

«Զորքերի կահավորվածության, դիրքերի քանակի, հեռավորության և նմանատիպ այլ հարցերը կանոնակարգվում են պետական գաղտնիքի մասին օրենքով», - լրագրողներին այսօր ասաց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը։

Հարցին՝ տեղյակ չլինե՞ն քաղաքացիները, որ գերի չընկնեն, Սարգսյանը պատասխանեց. - «Փելա սարի մասին Ազգային անվտանգության ծառայությունը տարածել է հաղորդագրություն»։

Ազգային անվտանգության ծառայությունը Սյունիքում առաջխաղացման մասին Փելա սարի հատվածում Կապանի համայնքապետի և սյունեցի ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի պնդումներից երկու օր անց միայն երեկ հայտարարություն տարածեց՝ պնդելով, թե «Սյունիքի մարզի Փելա սար կոչվող տարածքում դիրքային փոփոխություն տեղի չի ունեցել, և ՀՀ սահմանապահ զորքերը շարունակում են իրականացնել պետական սահմանի պահպանությունը նշված հատվածում»։

Այս հայտարարության մեջ ևս ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը խնդիր է տեսնում և այդ մասին բարձրաձայնեց այսօր Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նիստին։

«Եթե դելիմիտացիա տեղի չի ունեցել, ինչո՞ւ է ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ ասում, որ դա պետական սահման է, ի վերջո դա լեգիտիմացնում է այն, որ ադրբեջանցիներն այս պահին գտնվում են ճիշտ այն դիրքում, որտեղ պետք է գտնվեին, մինչդեռ դա պետական սահման չէ, իմ ամբողջ ասածի իմաստը դա էր», - նշեց Գրիգորյանը։

Գևորգ Փարսյան
Գևորգ Փարսյան

Այսօր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանն է «Զանգեզուր TV»-ին նոր մանրամասներ պատմել Փելա սարի վերաբերյալ։ Նրա խոսքով, սարը դեռ դեկտեմբերին է զիջվել, և այս ընթացքում տեղում հսկողություն են իրականացրել ռուս սահմանապահները։ Բայց օրերս, Փարսյանի համար անհայտ պատճառներով, ռուսներն իջել են բարձունքից, և վերահսկողությունն անցել է Ադրբեջանին. - «Այդ հատվածը կարևոր բարձունք է, ստրատեգիական նշանակություն ունեցող հատված է մեր համար։ Հիմա ռուսների բացակայության պատճառով ամբողջովին այդ հատվածը անցավ արդբեջանցիների վերահսկողության ներքո»։

Փելա սարում անցած տարվա պատերազմից առաջ Հայաստանի ՀՕՊ համակարգ է տեղակայված եղել։ Իսկ այժմ, Փարսյանի պնդմամբ, Ադրբեջանը այս կետից կարող է կրակի տակ պահել Կապանը, Ագարակը, ինչպես եղել է 90-ականներին. - «Հիմնական ճանապարհը հնում որ մենք օգտագործում էինք Ագարակ, Եղվարդ, Ուժանիս գյուղերը հասնելու համար, հիմա ամբողջովին իրենց վերահսկողության տակ է։ Հիմա մենք օգտագործում ենք այլընտրանքային ճանապարհը։ Փաստացի մեր գյուղացիների մուտքը արդեն տարածք արգելվում է այդ ճանապարհով»։

Լրագրողներին տեղում լինելու և նկարահանումներ անելու թույլտվություն ուժային կառույցները չեն տալիս։ Այսպիսի կարգավորում է գործում նաև սահմանամերձ Գեղարքունիքում. միայն ուժայինների թույլտվությամբ, ուղեկցությամբ և նրանց մատնանշած հատվածներում է հնարավոր նկարահանում անել։

Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան

Թույլտվության համար Գլխավոր շտաբին գրավոր դիմած ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանին օրերս պատասխանել են, որ այս փուլում նրա այցը Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներ նպատակահարմար չի համարում. - «Պաշտպանության նախարարությունը ամեն կերպ խոչընդոտում է պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի մշտական անդամներին այցելելու այն ուղղություններով, որոնց հետ կապված տարբեր հանրային հնչեղության խնդիրներ կան»։

Գեղարքունիքում ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից իրականացվող ամրաշինական ակտիվ աշխատանքների, ապաստարանների կառուցման, ճանապարհների բետոնապատման, վառելափայտի կուտակման մասին Հայաստանի օմբուդսմենն էր ֆեսյբուքյան գրառմամբ տեղեկացրել։

Այսօր, Արման Թաթոյանի գրառումից երկու օր անց, աշխատանքային օրվա վերջում Պաշտպանության նախարարությունը ուճացված որակեց օմբուդսմենի հայտարարությունը՝ պնդելով, թե «ադրբեջանական կողմի նման աշխատանքների փորձերը կանխվում են հայկական Զինված ուժերի կողմից»։

Մինչդեռ Տիգրան Աբրահամյանն ասում է, որ իրենց մուտքն արգելելը և նախկին օրինակները ողջամիտ կասկածի տեղիք են տալիս, որ Հայաստանի սահմանը մայիսին հատած ու Հայաստանի տարածքում հաստատված ադրբեջանցիները նման աշխատանքներ արել են. - «Ադրբեջանը այն հատվածներում, որտեղ ներխուժում է ապահովել, իմ տպավորությամբ, դա համարում է սահմանի իր համար ճշգրտված հատված և դրա ամրության, անվտանգության ապահովման ուղղությամբ մեծ աշխատանքներ է տանում»։

Մինչ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի իշխանական անդամները խուսափում են խոսել սահմանամերձ տարածքների մասին, ընդդիմադիր պատգամավորները ընդգծում են, որ շաբաթներ շարունակ հանդիպում են պահանջում ուժային կառույցների ղեկավարների հետ՝ պարզաբանումներ ստանալու համար, սակայն այդպես էլ արձագանք չեն ստացել։

XS
SM
MD
LG