Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կփնտրեն ռուսական քարտեզներով. Росбалт


Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղություն կփնտրեն ռուսական քարտեզներով, գրել է ռուսական Росбалт-ը։ Պարբերականը պնդում է, թե օրերս լրատվամիջոցներում տարածված տեղեկությունը, ըստ որի նոյեմբերի սկզբին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պատրաստվում են Մոսկվայում երկու կարևոր փաստաթուղթ ստորագրել, ամենայն հավանականությամբ, միտումնավոր է գաղնազերծվել։

Թե ում կողմից է եղել արտահոսքը, և ինչն է նման եզրակացության հիմք տվել, հոդվածագիրը չի հստակեցնում: Ըստ այդ պաշտոնապես չհաստատված տեղեկությունների՝ բանակցային սեղանին դրված փաստաթղթերից մեկը վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «Ռուսաստանի միջնորդությամբ» պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման գործընթացին, երկրորդը՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը:

Росбалт-ը գրում է, թե «Զանգեզուրի կամ Մեղրիի միջանցքն» Ադրբեջանի հիմնական տարածքը պետք է կապի Նախիջևանի և Թուրքիայի հետ, և որ այն նաև կարող է դառնալ արևելք-արևմուտք և հյուսիս-հարավ տրանսպորտային երթուղիների կարևոր օղակ. «Այս միջանցքի առկայության դեպքում Թուրքիան կկարողանա իր ապրանքներն ավելի կարճ ճանապարհով հասցնել Կենտրոնական Ասիա, Հայաստանն էլ, իր հերթին, կստանա երկաթուղային հաղորդակցություն Իրանի և Ռուսաստանի հետ, ինչից զրկված էր շուրջ 30 տարի՝ վրաց-աբխազական հակամարտության պատճառով»։

«Այս բոլոր սխեմաների արդյունքում ամբողջ տարածաշրջանը դուրս կբերեն Չինաստան և Եվրոպա, ինչպես նաև Մերձավոր Արևելքի երկրներ: Վերջապես, Ռուսաստանը նույնպես երկաթուղային ճանապարհ կստանա դեպի Հայաստան, ինչին վաղուց է ձգտում։ Թվում է՝ շահում են բոլորը, բայց գործընթացում կան խոչընդոտներ»,- գրում է ռուս հոդվածագիրը՝ մանրամասնելով՝ Հայաստանում սպառնալիքներ են տեսնում սեփական տարածքային ամբողջականությանը, մտավախություններ կան նաև Իրանում, քանի որ այդ ճանապարհը պետք է անցնի հայ-իրանական սահմանի երկայնքով։

«Հայաստանի դիրքորոշումը հստակ չէ, վարչապետ Փաշինյանն իրարամերժ հայտարարություններ է անում, Բաքուն պնդում է, որ անհրաժեշտ է սահմանազատման ու սահմանագծման գործընթաց սկսել, խաղաղության պայմանագիր ստորագրել և բացել միջանցքը, Թուրքիան էլ այս բոլոր հարցերի դրական լուծումը կապում է Հայաստանի հետ իր հարաբերությունների կարգավորման հետ, իսկ Մոսկվան հայտարարում է, թե անհրաժեշտ է պայմաններ ստեղծել տարածաշրջանում տևական կարգավորման հասնելու համար»,- ամփոփում է հոդվածագիրը։

Թե ինչ է դա նշանակում իրականում, և կոնկրետ ինչ վերաբերմունք ունի Մոսկվան Բաքվի հայտարարած «զանգեզուրյան միջանցքի» հարցում, դեռ մնում է անորոշ։ Փոխարենը հստակ է Կրեմլի դիրքորոշումը սահմանագծման ու սահմանազատման հարցում՝ գործընթացը պետք է ընթանա բացառապես Մոսկվայի միջնորդությամբ, ինչպես օրերս հայտարարել էր նախագահ Պուտինը «Վալդայ» ակումբում։

Պուտինի հայտարարությունը թափանցիկ ակնարկ է, որ սահմանազատումը կարելի է անել առանց Թուրքիայի մասնակցության։ Թուրքիայի նախագահն էլ վերջին շրջանում աչքի է ընկնում բուռն աճող միջազգային հավակնություններով։

«Եթե երևանը համաձայնի սահմանազատմանն ու սահմանագծմանը խորհրդային քարտեզներով, կշահի գոնե այնքանով, որ Ադրբեջանը հավակնություններ չի ունենա հայկական տարածքների հանդեպ։ Բաքուն էլ իր հերթին պետք է ճափը չանցնի և չպահանջի ավելին՝ ոգևորվելով պատերազմի դաշտում տարած հաղթանակով»,- գրում է Росбалт-ը՝ հավելելով՝ եթե նույնիսկ Փաշինյան-Ալիև-Պուտին հանդիպումը չկայանա նոյեմբերի 9-ին, «այն ուշ թե շուտ պետք է տեղի ունենա, և պատահական չէ, որ հիմա Կրեմլը ազդակներ է փոխանցում բոլոր նրանց, ովքեր փորձում են այս կամ այն կերպ ազդել տարածաշրջանում տիրող իրադրության վրա»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG