Մատչելիության հղումներ

Ադրբեջանական զինուժը մի քանի ուղղություններով խախտել է Հայաստանի սահմանը․ ՊՆ


Սյունիքի Սև լճի շուրջ իրավիճակը դեռ չհանգուցալուծված՝ այսօր ադրբեջանական զինուժը ևս երկու ուղղություններով ներխուժել է Հայաստանի տարածք՝ օրվա ավարտին շարունակելով զբաղեցնել հայաստանյան տարածքը, երեկոյան «Ազատությանը» հայտնեցին Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Մանրամասնեցին՝ ադրբեջանական զինուժին հաջողվել է առաջ գալ Սիսիանի և Վարդենիսի ուղղություններով։

Ավելի վաղ Վաղարշակ Հարությունյանի գլխավորած գերատեսչությունը հանդես եկավ հաղորդագրությամբ. - «Մայիսի 13-ին ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը որպես բացահայտ սադրանք է որակում Ադրբեջանի կողմից մայիսի 12-ից ձեռնարկված այս գործողությունները և, անկանխատեսելի զարգացումներից խուսափելու համար, այդ երկրի զինված ուժերից պահանջում անհապաղ վերադառնալ ելման դիրքեր և ձեռնպահ մնալ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգություններից»։

Երեկ հայտնի դարձավ, որ Ադրբեջանի զինված ուժերը հատել են Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր՝ Սյունիքի Սև լճի հարակից տարածքում։

Այս ամենի ֆոնին Հայաստանի Անվտանգության խորհուրդը արդեն երկրորդ նիստն է գումարում վերջին քսանչորս ժամվա ընթացքում։ Խորհրդի այսօրվա նիստի վերաբերյալ ժամեր անց էլ դեռ պաշտոնական հաղորդագրություն չկա։

Սև լճի շուրջ ստեղծված իրավիճակին այսօր ավելի վաղ՝ կառավարության նիստի սկզբում անդրադարձավ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ իրադրությունը բնութագրելով ճգնաժամային և որ ծրագրված սադրանք է տեղի ունեցել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Փաշինյանը նաև հայտարարեց, թե կառավարության նիստից հետո կայանալիք Անվտանգության խորհրդի նիստում կայացվելու են անհրաժեշտ որոշումներ իրադրության հետգա կառավարումն ապահովելու վերաբերյալ․ - «Երեկվանից, ըստ էության, իրադրության էական փոփոխություն չկա, և իրադրությունը շարունակում է մնալ նույնը: Ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա՝ մեծ թվով: Բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն՝ փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք՝ ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ: Ինչո՞ւ է այսպես իրադրությունը: Նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիներն իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ, որով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս»։

Թե հատկապես 44-օրյա պատերազմից հետո ինչպես է հնարավոր եղել, որ ադրբեջանական զինուժը առանց որևէ խոչընդոտի հատել է միջդիրքային հատվածը և դիրքավորվել Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այն պարագայում, երբ Փաշինյանի կառավարությունը կես տարի ժամանակ ուներ երկրի համար հատկապես ռազմավարական նշանակության հատվածներում նոր դիրքեր, հենակետեր հիմնելու համար, այսօր պարզվեց՝ հետաքրքրում է նաև վարչապետի պաշտոնակատարին։

Փաշինյանը ընդգծեց՝ «դա առանձին քննարկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»․ - «Ես ուզում եմ ասել, որ մենք այս իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ: Մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը պետք է մնա և լինի անձեռնմխելի: Եվ մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ելման դիրքեր, այսինքն՝ այն դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ նրանք գտնվել են մայիսի 10-ի դրությամբ: Հիմա տեղում ընթանում է աշխատանք»։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը այսօր ընդգծել է․ «Երկրի անվտանգությունն ու սահմանների անձեռնմխելիությունը սակարկելի չեն, դրանց նկատմամբ ցանկացած ոտնձգություն դատապարտելի է և պետք է արժանանա հստակ ու կտրուկ հակազդեցության»։

Այսօր ՀԱՊԿ Մշտական խորհրդի նիստի ընթացքում կազմակերպությունում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Վիկտոր Բիյագովը մանրամասն ներկայացրել է Սյունիքի մարզի տարածքում ադրբեջանական կողմի գործողությունների վերաբերյալ, նշել, որ դրանք ուղղակի ոտնձգություն են ՀԱՊԿ անդամ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, և որ «հնարավորինս արագ և ողջամիտ ժամկետներում Ադրբեջանի զինուժի ստորաբաժանումների՝ Հայաստանի Հանրապետության տարածքից հետքաշումը չիրականացնելու դեպքում իրավիճակի հետագա էսկալացիայի ողջ պատասխանատվությունն ընկնում է ադրբեջանական կողմի վրա»։

Ճիշտ երկու օրից կլրանա Ռուսաստանի առաջնորդած պաշտպանական դաշինքի ստեղծման 29-ամյակը, և այսօր ՀԱՊԿ պաշտոնական կայքում հայատվեց կառույցի մեկնաբանությունը Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակի վերաբերյալ․ «Հայկական կողմի կարծիքով, Ադրբեջանի զինված ուժերը խախտել են սահմանը և խորացել հայկական տարածքում մի քանի կիլոմետր։ ՀԱՊԿ-ում ուշադիր հետևում են Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը։ Իրավիճակի զարգացմանը համընթաց անհրաժեշտության դեպքում կձենարկվեն ՀԱՊԿ կանոնադրության և Հավաքական անվտանգության պայմանագրի դրույթներով նախատեսված գործողություններ»։

Նշվում է նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հեռախոսազրուցներ է ունեցել Հայաստանի պաշտպանության, արտաքին գործերի նախարարների պաշտոնակատարների հետ։

Հիշեցնենք, Զասը ավելի քան չորս տարի՝ մինչև անցած տարվա հունվար Բելառուսի անվտանգության խորհրդի պետքարտուղարն էր, այն ժամանակ, երբ պաշտոնական Մինսկը Ադրբեջանին հարձակողական սպառազինություն մատակարարող ՀԱՊԿ երկրորդ պետությունն էր, իհարկե, Ռուսաստանից հետո։

Հիշեցնենք նաև, որ ընդամենը վերջերս՝ 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը ռմբակոծում էր նաև Հայաստանի Հանրապետության տարածքը, սակայն ՀԱՊԿ-ն այդպես էլ որևէ գործողություն չձեռնարկեց։

XS
SM
MD
LG