Մատչելիության հղումներ

Համայնքապետերին զարմացրել է ՊՆ-ի հայտարարությունը. ըստ նրանց` ադրբեջանցիները աշխատանքներ են անում հենց Գեղարքունիքում


Արխիվ

Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի ղեկավարներ տարակուսած են Պաշտպանության նախարարության այսօր տարածած հայտարարությունից, ըստ որի` Ադրբեջանի զինված ուժերը շարունակում են ինժեներական և ամրաշինական աշխատանքներ իրականացնել այն տարածքներում, որտեղ գտնվում են իրենց մարտական հենակետերը՝ առանց հատելու Հայաստանի Հանրապետության սահմանը։

Նորաբակի համայնքի ղեկավար Վազգեն Ասատրյանն «Ազատության» հետ զրույցում հերքեց ռազմական գերատեսչության հայտարարությունը՝ հիշեցնելով, որ ադրբեջանական զինուժը մայիսի 12-ից ներխուժել է Հայաստանի տարածք և դեռևս չի հեռացել. «Սուտ ա, եկեք, տանեմ, ցույց տամ, հեսա ես հասնեմ գյուղ, երևի հելնեմ սար, ես իմ աչքով էլ տենամ: Գյուղից զանգեցին, ասին` համ կրակոցներ կան սարին, համ երկու հատ բուլդուզեր ճամփեքին աշխատում են: Իմ շեշտած երկու բուլդուզերը հիմա նույնիսկ ճամփա են փորում մեր հին գոմերի տարածքում, որ ժամանակին եղել են կոլխոզի անասնագոմերը: Դե 90 թվից մտել է (գյուղի վարչական տարածքի մեջ), ես հիմա չգիտեմ` մտնում ա, թե չէ: Հայաստանի տարածք ա, ես ինչքան գիտեմ` էդ ա»:

«Ազատությունը» երեկ անդրադարձել էր արդեն շուրջ մեկ ամիս Հայաստանի տարածքում գտնվող ադրբեջանական զինուժի գործողություններին։ Նորաբակի, Վերին Շորժայի համայնքապետերն ասել էին, որ ադրբեջանական զինուժը ակտիվ շինարարություն է սկսել՝ խրամատներ է փորում, ճանապարհներ կառուցում Հայաստանի տարածքում։ Արձագանքելով «Ազատության» ռեպորտաժին՝ Պաշտպանության նախարարությունն այսօր հաղորդում է, որ վերջին շրջանում ադրբեջանական զինված ուժերի կողմից մի քանի անգամ եղել են հայ-ադրբեջանական սահմանագծի՝ Հայաստանի տարածքում գտնվող սահմանային հատվածներում ամրաշինական աշխատանքներ իրականացնելու փորձեր, որոնք, սակայն, ժամանակին կանխվել են հայկական զինուժի կողմից։

Ավելին, ռազմական գերատեսչությունից նշում են՝ հունիսի 3-ին Ադրբեջանի զինված ուժերը փորձել են տրակտորով որոշակի հողային աշխատանքներ իրականացնել սահմանային հատվածի՝ Հայաստանի տարածքում։ Բայց հայկական կողմի նախազգուշական կրակոցներից հետո աշխատանքները դադարեցվել են, իսկ ադրբեջանական կողմին հստակ պահանջ է ներկայացվել բացառել նմանատիպ փորձերի կրկնությունը։

Պաշտպանական գերատեսչությունն իր հաղորդագրության մեջ ընդգծում է՝ քանի որ ադրբեջանցի զինվորականների կողմից իրականացվող շարժը տեսանելի է Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա, ինչպես նաև Կութ գյուղերից, այն հարուցում է տեղի բնակչության մտահոգությունը։

Վերին Շորժա, Նորաբակ համայնքները Ադրբեջանին սահմանակից են դարձել 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանին անցավ Քարվաճառի շրջանը։ Երկու համայնքների ղեկավարներին ուղղված «Ազատության» հարցին՝ հնարավո՞ր է՝ Պաշտպանության նախարարությունը նկատի ունի Քելբաջարում գտնվող դիրքերն ու այնտեղ կատարվող աշխատանքները, համայնքների ղեկավարները բացասական պատասխանեցին:

«Եթե սահմանները փոխել են, հողերը տվել են, ես չգիտեմ դա, բայց գյուղի վարչական տարածքն է, ինչքան գիտեմ ես», - ասում է Վազգեն Ասատրյանը:

Վերին Շորժայի համայնքապետ Արտյոմ Երանոսյանը հավելում է. «Անցել են էս կողմ` մեր հայկական տարածք: Այն ժամանակ մենք այնտեղ հատված ունեինք` Բերձոր-Քարվաճառն էր, այդ ժամանակ էլ էլի նստած էին: Ես էն թվականներից էստեղ եմ` 88 թվականից, այն ժամանակ, որ Քարվաճառը գրաված չէր, իրենք էն կողմն էին նստած, մենք էլ` էս կողմը: Հիմա նրանք անցել ենք այդ հատվածը»: Հարցին` հայկական հատվածում են ինժեներական աշխատանքները կատարում, դրական արձագանքեց:

Նորաբակի գուղապետը պատմում է, որ այն տարածքներում, որտեղ ադրբեջանցիները հիմա դիրքեր են կառուցում, խորհրդային շրջանում էլ ադրբեջանցիների վերահսկողության տակ չեն եղել։ Ըստ գյուղապետի՝ այսօր արդեն ադրբեջանցիներն ավարտել են հայկական կողմում ճանապարհի կառուցումը. «Ճանապարհը բացել են, իրենց ավտոներն արդեն գալիս են, արդեն աշխատում է, Քելբաջարից ավտոներ են գալիս»:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Արտյոմ Երանոսյանն էլ է զարմացած Հայաստանի պաշտպանության նախարարության ձևակերպման վրա՝ դեռևս խորհրդային տարիներից Հայաստանինը համարվող հողատարածքների՞ մասին են խոսում, հարցնում է գյուղապետը. «Նրանք իրենց տեղում նստած են, ոնց որ նստած են էս քանի օրը, առաջ չեն եկել, ինչքան ժամանակ է` իրենց տեղում նստած են, իրենց նստած տեղը տրակտորը աշխատել է, հիմա հո առաջ չեն եկել:

Ես մանկուց` ի ծնե, աչքս ես բացել եմ, այդ տարածքները մերն են, հիմա իրենք մեր տարածքում աշխատում են, նստած են, հիմա ի՞նչ, իրենք որտեղ նստած են, Պաշտպանության նախարարությունն ասել է` դրանք իրե՞նց է»:

Վերին Շորժա համայնքի ղեկավար Երանոսյանը պնդում է՝ մայիսի 12-ից առաջ այդ տարածքներում ադրբեջանական զինուժի ստորաբաժանումներ չկային, այնպես, ինչպես չկային Հայաստանի անկախացումից առաջ. «Նրանք այն հատվածում եմ նստած, որտեղ գտնվում են մեր բասեինները, ոռոգման ջրագիծը, ժամանակին այդ գյուղի բնակչությունն այդտեղ սար է բարձրացել, իրենց անասուններն այդտեղ են պահել: Հիմա նրանք այդտեղ նստել ու աշխատանք են կատարում, այդտեղ գոմ կա»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունից մանրամասներ իրենց տարածած հայտարարության մասին ստանալ այսօր չհաջողվեց։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG