Մատչելիության հղումներ

Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ բռնկված հրդեհը մեկուսացվել է. ըստ Գեղամասար համայնքի ղեկավարի, այսօր սահմանին իրավիճակը հանգիստ է եղել


Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ բռնկված հրդեհը, 30-ը օգոստոսի, 2021թ.
Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ բռնկված հրդեհը, 30-ը օգոստոսի, 2021թ.

Հայաստանի պաշտպանության նախարարությունից հայտարարում են՝ Գեղարքունիքի սահմանամերձ երկու գյուղերի հարևանությամբ հրդեհը սկսվել է ադրբեջանական կողմից։

Այս մասին ահազանգել էր Մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ)՝ գրելով, թե երեկ առավոտյան ադրբեջանցի զինծառայողները դիտավորյալ հրդեհել են Սոթք և Կութ գյուղերի հարևանությամբ գտնվող հայկական արոտավայրերը։ Արման Թաթոյանը նշում է՝ հրդեհների հետևանքով պարզապես ոչնչացվում են հայկական գյուղերի արոտավայրերն ու խոտհարքները։ Օմբուդսմենի տպավորությամբ՝ ադրբեջանական ուժերն այսպիսի գործողությունների են դիմում բնակչությանը վախեցնելու նպատակով։

Միտումնավոր հրդեհների մասին սա հայկական կողմի առաջին հաղորդումը չէ, շաբաթներ առաջ էլ ՄԻՊ-ը հայտնել էր՝ ադրբեջանական ուժերը Արարատի մարզի Երասխ գյուղի անմիջական հարևանությամբ են տարածքներ հրդեհել։

Գեղարքունիքում հրդեհը տարածվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական կողմում, «Ազատության» հետ զրույցում մանրամասնեցին պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հրդեհը տարածվել է ադրբեջանական կողմից:

Հայկական կողմից հրդեհը մեկուսացվել է՝ փոխանցում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Սոթք և Կութ գյուղերը Գեղամասար խոշորացված համայնքի մաս են կազմում, համայնքապետ Հակոբ Ավետյանն ասում է՝ բնակիչները դժվարությամբ էին անասուններին պահում, հրդեհի հետևանքով էլ այդ գործն էլ ավելի բարդացավ: «Խոտհարքներ, արոտավայրերն են վառվել, որ մարդիկ պետք է ընդեղից դեռ խոտ իջացնեին: Անասունները պետք է գնային, դուրս եկավ, որ արոտավայրերի մի մասն էլ վառվեց արդեն: Անասունները բարձրանում էին արոտավայրեր, հիմա էլ վառվեց, ուրեմն նշանակում է՝ այդտեղ չի կարող անասունը բարձրանալ, էլ խոտ չկա», - նշեց Ավետյանը:

Հակոբ Ավետյանն ասաց՝ հրդեհված տարածքի մասշտաբը մեծ է, սակայն դժվարացավ թվեր նշել: Համայնքապետի խոսքով՝ խոտհարքի շրջանն արդեն ավարտվում է, անասուններին այդ տարածքներ այս տարի էլ չեն բարձրացնի. «Արդեն շրջանը վերջացավ, էլ չի հասցնի նորից լինի, որ մի ամսից, ասենք, անասունը կարա բարձրանա»:

Գեղամասարի համայնքապետի փոխանցմամբ՝ իրավիճակը սահմանին այսօր հանգիստ է եղել, սակայն Ավետյանը հավելում է՝ մեկ էլ տեսար նորից սկսվում է, կրակոցներն արդեն մշտական երևույթ են դարձել։

Հայկական կողմը հաղորդել էր նաև Սոթքի հատվածում տեղակայված դիրքերի ուղղությամբ նախորդ կեսգիշերից հետո շուրջ երկու ժամ տևած ինտենսիվ հրաձգության մասին։ ՊՆ-ի փոխանցմամբ՝ հայկական կողմից տուժածներ չեն եղել, իսկ կրակը դադարեցրել են, երբ ադրբեջանական դիրքերին է մոտեցել շտապօգնության մեքենան։ Ադրբեջանական կողմը ավելի ուշ հերքել է հայկական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու և զոհերի մասին տեղեկատվությունը` հայտարարելով, որ դա «բացարձակ սուտ է»:

Երկու օր առաջ էլ Արցախում հայ զինվորական է վիրավորվել,Պաշտպանության բանակից զինծառայողի առողջական վիճակի մասին հավելյալ մեկնաբանություն չցանկացան տալ։

XS
SM
MD
LG