Մատչելիության հղումներ

Տասնյակ հազարավոր մարդիկ պահանջում են բանտից ազատել Միխեիլ Սաակաշվիլիին


Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի աջակիցների բազմահազարանոց ցույցը, Թբիլիսի, 14 հոկտեմբերի, 2021թ.

Երեկ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տասնյակ հազարավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել, պահանջելով անհապաղ ազատ արձակել նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին: 53-ամյա նախկին նախագահն իրեն քաղբանտարկյալ է համարում և հացադուլ է հայտարարել:

Նա 8 տարվա բացակայությունից հետո է վերադարձել Վրաստան՝ հոկտեմբերի 2-ի տեղական ընտրությունների նախօրեին, ասելով, թե եկել է միանալու ժողովրդին անարդարության, աղքատության և կոռուպցիայի դեմ պայքարում:

«Ես վերադարձել եմ օգնելու մարդկանց, ինձ, հավանաբար, կձերբակալեն Թբիլիսիում, բայց դուք ոչ մի բանից մի վախեցեք, գնացեք և ձեր ձայնը տվեք ընդդիմությանը, և մենք հոկտեմբերի 3-ին միասին հաղթանակ կտոնենք»,- ֆեյսբուքյան տեսաուղերձով դիմելով աջակիցներին, ասել է Վրաստանի երրորդ նախագահը:

Իշխանությունները բազմիցս զգուշացրել են, որ անհապաղ կձերբակալեն Սաակաշվիլիին, եթե նա համարձակվի վերադառնալ Վրաստան: Նրան հոկտեմբերի 1-ին ձերբակալել են Թբիլիսիում՝ Գուրամիշվիլիի պողոտայում գտնվող մասնավոր բնակարաններից մեկում: Նա չի դիմադրել: Իրավապահները նրան փոխադրել են Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ:

Սաակաշվիլին 2013 թվականին հեռացել է Վրաստանից, որտեղ մի շարք մեղադրանքներով հեռակա կարգով դատապարտվել է տարբեր պատժաչափերի: Նա չի ընդունում մեղադրանքները և ասում է, թե իշխանությունը շինծու գործերով ուզում է լռեցնել իրեն: Երեկ դա են պնդել նաև նրա աջակիցները:

«Մեր այս բողոքը ոչ միայն Սաակաշվիլիի, այլև ամբողջ Վրաստանի ազատության համար է, երրորդ նախագահին բանտ նետելու ռեժիմի որոշումն ամբողջությամբ համընկնում է Վլադիմիր Պուտինի ցանկության հետ, քանի որ Միշան է այս երկրին տվել Սովետի փլատակներից դուրս գալու, զարգանալու, արևմտյան ոճի դեմոկրատիա կայացնելու և եվրոատլանտյան ճանապարհով գնալու հեռանկար»,- ասել է խորհրդարանի ընդդիմադիր պատգամավոր Թինա Բոկուչավան:

«Նախկին նախագահի դատավարությունները երբեք արդար չեն եղել, և հենց այդ պատճառով նա քաղբանտարկյալ է, ցանկացած մարդ ունի արդար դատավարության իրավունք»,- ասել է ցուցարար Լևան Բուտխուզին:

Իշխանությունների փոխանցմամբ, Սաակաշվիլին Վրաստան է վերադարձել միայն իրավիճակը սրելու, թշնամանք հրահրելու, պառակտումներ սերմանելու և հաջողելու դեպքում՝ հեղաշրջում կատարելու նպատակով, սակայն այդ հույսերը հօդս են ցնդել, քանի որ ընդդիմությունը տեղական ընտրություններում պարտվել է:

Ըստ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սաակաշվիլիի առաջնորդած «Ազգային միացյալ շարժումը» հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններում ստացել է քվեների 30.7 տոկոսն, իսկ իշխող «Վրացական երազանքը»՝ 46.7:

«Ազգային միացյալ շարժման» նախագահ Նիկա Մելիան հոկտեմբերի 30-ին կայանալիք երկրորդ փուլում կպայքարի Թբիլիսիի քաղաքապետի պաշտոնի համար, սակայն, ըստ փորձագետների, դժվար թե հաղթի: Ցուցարարների համոզմամբ, իշխանությունը վրեժ է լուծում նախկին նախագահից:

«Ես եկել եմ այստեղ՝ սատարելու երրորդ նախագահին, որովհետև այն, ինչ տեղի է ունենում՝ քաղաքական վենդետա է, որի հեղինակը ռուսաստանցի օլիգարխ {Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանքի» հիմնադիր և հովանավորող} Բիձինա Իվանիշվիլին է: Նա է ձերբակալում բոլոր այն քաղաքական լիդերներին, ովքեր չեն ցանկանում իր ձեռքում խամաճիկներ դառնալ, նա է սպանում ազատությունը Վրաստանում»,- երեկ ասել է ցուցարար Միշա Մշլիվաձեն:

Վրաստանի իրավապահները ծանր մեղադրանքներ են ներկայացրել Սաակաշվիլիին՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահում, պետական միջոցների վատնում, ընդդիմադիր լիդերների հետապնդում, բողոքի ցույցերը բիրտ ուժով ցրելու հրամանների արձակում, առնչություն պատվիրված մահափորձերի հետ:

Այդ և այլ հոդվածներով Սաակաշվիլին 2018-ին հեռակա կարգով մեկ գործով դատապարտվել է 3 և մյուս գործով՝ 6 տարվա ազատազրկման և, բացի այդ, 1.5 տարով, ապա 2 տարի 3 ամսով զրկվել է հայրենիքում պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից:

Սաակաշվիլին բանտից ուղերձով դիմել է հայրենակիցներին: «Մենք պետք է միավորվենք թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում: Հիմա միմյանց բաժանելու, կուսակցական կամ ինչ-որ այլ հանգամանքներով իրարից տարանջատվելու ժամանակը չէ, եկել է Վրաստանը փրկելու ժամը, իսկ դրա համար միասնություն է պետք, հարկ է գիտակցել, որ հանրությանը և երկրին անհրաժեշտ է համերաշխություն, և յուրաքանչյուրս պետք է պատրաստ լինենք դրան»,- ասվում է Սաակաշվիլիի ուղերձում: Այն հրապարակել է «Մտավաի Արխի» ընդդիմադիր հեռուստակայանի սեփականատեր Նիկա Գվարամիան, ով իր վրա է ստանձնել նախկին նախագահի փաստաբանի լիազորությունները:

Վրաց Ուղղափառ եկեղեցու բարձրաստիճան հոգևոր սպասավորներից մետրոպոլիտ Նիկոլոզը բանտում այցելել է Սաակաշվիլիին և հույս է հայտնել, որ նախկին նախագահն ազատություն կստանա: Եկեղեցին հայտարարել է համերաշխության անհրաժեշտության մասին:

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, թե մտադիր չէ ներում շնորհել երրորդ նախագահին: Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե միայն ուրախ կլինի, եթե Սաակաշվիլին և նրա կուսակցությունը խոստովանեն սխալները և Վրաստանի ժողովրդից ներողություն խնդրեն:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG