Մատչելիության հղումներ

Վրաստանի վարչապետի կարծիքով` Սաակաշվիլին վերադարձել է հեղաշրջման հույսով


Ակցիա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով
Ակցիա Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ազատ արձակելու պահանջով

Արդեն 6-րդ օրն է` Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին գտնվում է Ռուսթավիի բանտում, իսկ նրա շուրջ Վրաստանի թե՛ քաղաքական ու հանրային, թե՛ անձնական կյանքը շատ խառն է։

Հոկտեմբերի 1-ին նրա նրա ձերբակալությունից հետո Ուկրաինայի «Ժողովրդի ծառա» իշխող կուսակցության պատգամավոր Լիզա Յասկոն Ֆեյսբուքում մի տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սաակաշվիլին ասում է, թե նոր ընտանիք է կազմել Լիզա Յասկոյի հետ, և նրանք նոր կյանք են սկսում։ Տեսանյութը նկարահանվել էր Կիևում։

Լիզա Յասկոն
Լիզա Յասկոն

Սաակաշվիլին ամուսնացած է հոլանդուհի Սանդրա Ռուլոֆսի հետ, նրանք երկու որդի ունեն։

Հիմա, երբ Սաակաշվիլին Վրաստանում բանտարկված է, թե՛ Լիզա Յասկոն, թե՛ Սանդրա Ռուլոֆսը հայտարարել են, որ նա քաղբանտարկյալ է, ու Վրաստանի ժողովրդին պայքարելու կոչ են արել։

Լիզա Յասկոն երեկ Կիևից ժամանել է Թբիլիսի, Ռուսթավիի բանտի ընդունարանում մի քանի ժամ սպասեցնելուց հետո նրան թույլատրել են տեսակցել Սաակաշվիլիին։ Տեսակցությունից հետո նա խոսել է իրեն շրջապատած լրագրողների մեծ խմբի հետ` ասելով, որ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, Վրաստանի ժողովուրդը պետք է պաշտպանի իր և Սաակաշվիլիի ապագան։

Սանդրա Ռուլոֆսը Ֆեյսբուքում գրել է, որ չի կասկածել Սաակաշվիլիի նոր հարաբերությունների առկայությանը մինչև տեսանյութի հրապարակվելը։ Նա նշել է` դա իր համար անսպասելի էր, իսկ հրապարակման ձևը՝ բացարձակապես անընդունելի։

Բայց նա ևս պաշտպանել է Սաակաշվիլիին։ «Միխեիլ Սաակաշվիլին քաղբանտարկյալ է, և ես` որպես Վրաստանի քաղաքացի, ամբողջովին միանում եմ նրան ազատ արձակելու պահանջներին։

Չնայած անձնական էմոցիաներին, ես հանդարտություն եմ պահպանում և հավատում, որ մենք հաղթանակած դուրս կգանք այս պայքարից»,-գրել է Սանդրա Ռուլոֆսը։

Սաակաշվիլին բանտից նամակ է գրել

Բանտարկված Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել ու գրավոր տեղեկացրել, թե հրաժարվում է բուժօգնությունից, անգամ եթե սովահարությունից կորցնի գիտակցությունը։ Բանտից գրած նամակում Սաակաշվիլին իրեն համարել է Պուտինի բանտարկյալը, իսկ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն շնորհակալություն հայտնել աջակցության համար։

Նրա փաստաբանները երեկ հայտնեցին, որ խիստ սահմանափակվել են նրա հեռախոսային կապն ու կրճատվել տեսակցությունները։ Սաակաշվիլիի կողմնակիցները հայտարարում են, թե իշխանությունները վախենում են նրանից, ՏԻՄ ընտրությունների երկրորդ փուլից առաջ նրա շփվելու հնարավորությունները նվազագույնի են հասցվել։

Ընդդիմադիր պատգամավորները հերթ են կանգնում նրան տեսակցելու համար, բայց դրա համար անհրաժեշտ է խորհրդարանի նախագահ Կախա Կուչավայի թույլտվությունը, իսկ նա, ընդդիմադիր պատգամավորների ներկայացմամբ, մեկնել է Կիև։

Վրաստանում հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններից հետո երեկ խորհրդարանի առաջին նիստն էր։ Ելույթների մեծ մասը բանտարակված նախկին նախագահի մասին էր։ Իշխանության պատգամավորները նրան բանտարկելը համարել են արդարադատության հաղթանակ։ Իրակլի Կոբախիձեն ասել է, թե «այդ մարդու և նրա ռեժիմի հանցագործություններից մեկն էլ Վրաստանի տարածքի 20 տոկոսը Ռուսաստանին հանձնելն է», չնայած Սաակաշվիլիի դեմ հարուցված մի քանի քրեական գործերում 2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմին առնչվող մեղադրանք չկա։

Ընդդիմադիր պատգամավորները ամոթանք են տվել իշխող ուժին։ «Դուք բոլորդ, ով երկրպագում է Իվանիշվիլի կուռքին, ամոթալի մարդիկ եք, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն ժամանակակից երկրի, ժողովրդավարության, արդարության և արդարադատության հետ»,- ասել է «Լելո» կուսակցությունից պատգամավոր Սալոմե Սամադաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահի վերադարձի հետ կապված քաղաքական գործիչները ինչ վարկած ասես առաջ են քաշում, «Գիրչիի» առաջնորդ Յագո Խվիչիան մինչև անգամ կարծիք է հայտնել, որ դա կազմակերպվել է իշխող ուժի հետ համաձայնեցված, որպեսզի իրենցից խլեն ընտրությունները։ «Հիմա Սաակաշվիլին նստած է բանտում, իսկ հետո դուք նրան կարտաքսեք Ուկրաինա կամ ուրիշ ինչ-որ բան կմտածեք»,- ասել է նա։

Երկրի ղեկավար, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին բաց նամակ է հրապարակել միայն Սաակաշվիլիի հետ կապված։ Ղարիբաշվիլին նրա վերադարձի մի քանի վարկած է դիտարկել ու ամենատրամաբանականը համարել է, որ նա վերադարձել է պետական հեղաշրջման հույսով։

XS
SM
MD
LG