Մատչելիության հղումներ

Բարեկարգվում է Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերջին 8 կիլոմետրանոց հատվածը


Վերանորոգվում է Տաթև-Աղվանի ճանապարհը, Սյունիք, 12-ը հոկտեմբերի, 2021թ․
Վերանորոգվում է Տաթև-Աղվանի ճանապարհը, Սյունիք, 12-ը հոկտեմբերի, 2021թ․

Գորիս-Կապան ճանապարհի այլընտրանքը համարվող Տաթև-Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհի վերջին 8 կիլոմետրն է մնացել, որ բարեկարգվի, երեկ փոխանցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Սեպտեմբերին, երբ Հայաստանի հարավում Գորիս-Կապան ճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ադրբեջանցիները սկսեցին կանգնեցնել ու մի քանի հարյուր դոլարի հասնող ճանապարհային տուրք պահանջել իրանցի բեռնափոխադրողներից, Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ արագ կբարեկարգեն այլընտրանքային գրունտային ճանապարհը։

«Այնտեղ գրեթե 24-ժամյա աշխատանք է տեղի ունենում, մոտ 8 կիլոմետր հատված է մնացել, որ ասֆալտապատ չէ, բայց արագ տեմպով աշխատանքներ են ընթանում, և մեր նպատակն է այնպես անել, որ եղանակային պայմանները չխանգարեն և երկու շերտ ամբողջովին ասֆալտապատ ունենանք», - ասաց Սանոսյանը։

Վարորդները նշում են, սակայն, որ հատկապես ձմռանը դժվար կլինի այդ ոլորաններով բեռնափոխադրում իրականացնել։ Սանոսյանը ընդունեց, որ հատկապես Սատանի կամուրջ-Տաթև հատվածը, որտեղ 3 ոլորաններ կան, բավականին դժվարանցանելի է՝ նշելով՝ այդ հատվածում նախատեսում են ճանապարհը լայնացնել։

«Երեկ այնտեղ ընկերություններից մեկի մասնագետները գնացին, պետք է մասնագիտական որոշակի ուսումնաասիրություն անեն, և մենք դիտարկում ենք այդ հատվածների լայնացման, որոշակի հենապատերի կառուցման միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կարողանանք այդ խնդիրը մեղմացնել», - ասաց նախարարը։

Զուգահեռ մեկ այլ՝ Տաթև-Լծեն ճանապարհն են նախատեսում կառուցել, որն էլ իր հերթին պետք է ոլորաններ ունեցող Տաթև-Աղվանիի այլընտրանքը դառնա։

«Հեռանկարում, որպեսզի այդ հատվածի խնդիրը չունենանք, մենք նախաատեսում են Տաթև-Լծեն ճանապարհը կառուցել։ Ճանապարհը 19,8 կիլոմետր է, երկու շինարարներ հիմա աշխատում են՝ տարբեր կողմերից զուգահեռ աշխատում են, սկզբնական փուլում պլանավորել ենք առնվազն գրունտային մակարդակով կարգավորել, ունենալ ճանապարհ, որը հետո կասֆալտապատենք, դրանով մենք այդ ոլորանների հարցը կփակենք», - ասաց Սանոսյանը։

Նախարարի հավաստմամբ՝ այլընտրանքային Տաթև-Աղվանի ճանապարհը նոյեմբերին ամբողջությամբ պատրաստ կլինի շահագործման։

ՏԻՄ ընտրություններ

Տարածքային կառավարման նախարարը նաև անդրադարձավ առաջիկա կիրակի Սյունիքում ու մի քանի այլ մարզերում ՏԻՄ ընտրություններին։ Հատկապես Սյունիքի մի քանի համայնքներում լարվածություն կա, այստեղ որոշ համայնքապետեր, որոնք նաև ՏԻՄ ընտրություններին են մասնակցում, ընտրական ու այլ գործերով մեղադրյալ են, և իշխանություններին հետապնդման մեջ են մեղադրում։

Սանոսյանը ասաց, որ իրենք, որպես իշխանություն, պատասխանատու են ընտրությունների արդար ու թափանցիկ անցկացման համար:

«Բացի այն, որ մենք տարբեր տեղերում ընտրություններին մասնակցում ենք, նախ և առաջ մենք իշխանություն ենք և պատասխանատու ենք այդ ընտրությունների որակյալ, թափանցիկ արդար անցկացման համար, և ամեն ինչ կանենք, որ էդպիսին լինի։ Այո՛, կարծես կան որոշակի խմբեր, որոնք փորձում են ինչ-ինչ լարվածություն մտցնել և կարծում եմ դրան տեղի չեն տա մեր գործընկերները և ընտրությունները հանգիստ կընթանան, ամեն տեղ է մեզ պետք հանգիստ ընթանա, առավել ևս, կարծում եմ կհամաձայնեք, որ Սյունիքում է պետք, որ ընտրությունները հանգիստ ընթանան», - եզրափակեց Սանոսյանը։

Այս կիրակի ավագանի կընտրեն Գորիսում, Մեղրիում, Գյումրիում ու Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Արմավիրի մի քանի գյուղերում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG