Մատչելիության հղումներ

Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ


Կառավարության շենքը Երևանում

Խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրությունները կանցկացվեն համամասնական ընտրակարգով։

Հոկտեմբերի 17-ին, նոյեմբերի 14-ին, դեկտեմբերի 5-ին Հայաստանի խոշորացված համայնքներում տեղի կունենան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ (ՏԻՄ), այսօր գործադիրի նիստին հայտարարեց տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Չնայած խոշորացվող շատ համայնքներում առկա դժգոհություններին, սեպտեմբերի վերջին Ազգային ժողովն ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով Հայաստանի 441 համայնքներ միավորվելով դարձան 38, ընդհանուր՝ 79 համայնք։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նշեց, որ ՏԻՄ ընտրություններով, ըստ էության, խոշորացման այս փուլն է ամփոփվում։

«Ընտրություններով ոչ թե խոշորացման որոշումն է կայացվում, կամ չկայացվում, այլ պարզապես խոշորացումից հետո ընտրությունները տեղի են ունենում նոր կարգով», - ասաց գործադիրի ղեկավարը՝ մանրամասնելով՝ խոշորացված համայնքներից մեծամասնությունում ընտրությունները տեղի են ունենալու համամասնական ընտրակարգով։

«Ընտրողները ընտրություն են կատարելու քաղաքական ուժերի ներկայացրած համամասնական ցուցակների միջև, որտեղ առաջին համարը տրամաբանորեն ենթադրում է, որ քաղաքապետի թեկնածուն է, բայց, ընտրությունների արդյունքներից կախված, կարող է և՛ ընտրվել քաղաքապետը՝ ընտրողների քվեարկության արդյունում, և՛ կարող է նաև ավագանում տեղի ունենալ։ Նախկինում համայնքների ղեկավարների ընտրությունները տեղի էին ունենում հետևյալ սկզբունքով՝ առաջադրվում էին թեկնածուներ, որոնցից մեկը հաղթում էր, ստանձնում էր կառավարումը համայնքի, մյուսները համայնքի կառավարման գործընթացից դուրս էին մնում, իսկ հիմա հաղթողները կհաղթեն, իսկ ովքեր հաղթելու համար անհրաժեշտ ձայներ չեն հավաքել, ավագանու անդամ կլինեն։ Այդ օրինակը մենք ունենք Երևանում, Վանաձորում, Գյումրիում», - ասաց Փաշինյանը։

Տե՛ս նաև այստեղ

XS
SM
MD
LG