Մատչելիության հղումներ

Թեհրանը պատրաստ է աջակցել Երևանին՝ Իրան-Հայաստան նոր ճանապարհի կառուցման հարցում


Պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ Իրան-Հայաստան նոր՝ այլընտրաքային ճանապարհի կառուցման հարցում։ Հայաստան ժամանած Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Խեյրոլլահ Խադեմին այս մասին ասել է «Իրան-Հայաստան Բարեկամություն» յություբյան էջին տված հարցազրույցի ժամանակ։

Իրանցի պաշտոնյան գլխավորում է այն ինժեներատեխնիկական պատվիրակությունը, որի նպատակն է Հայաստանի իշխանությունների հետ ուսումնասիրել Գորիս-Կապան ճանապարհի՝ ադրբեջանական վերահկողության տակ գտնվող հատվածներում իրանական բեռնատարների համար ստեղծված դժվարությունները։

«Հայաստանն այժմ ձեռնամուխ է եղել այլընտրանքային ճանապարհ կառուցել Տաթևի շրջանում։ Մենք բանակցություններ ենք վարում հայկական կողմի հետ, որպեսզի բեռնափոխադրումները և ուղևորափոխադրումները որքան հնարավոր է շուտ այդ ճանապարհով բնականոն հունի մեջ մտնեն», - ասել է իրանցի փոխնախարարը։

«Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի»

Խեյրոլլահ Խադեմին շեշտել է՝ Իրան-Հայաստան պետական ճանապարհը Իրանի համար ռազմավարական նշանակություն ունի։

«Մենք այցելել ենք այս ճանապարհ և պատրաստ ենք աջակցել Հայաստանին՝ նոր ճանապարհի կառուցման համար։ Իրանը պատրաստ է ինժեներատեխնիկական իր հնարավորությունները տրամադրել Հայաստանին», - ասել է փոխնախարարը՝ շարունակելով․ - «Հայաստանը նաև կառուցում է «Հյուսիս-Հարավ» ճանապարհը, որն Իրանի սահմանից սկսում է և հասնում մինչև Վրաստանի սահման։ Ինչքան գիտեմ, հյուսիսային մասում մեծ գործ է արվել և հուսով եմ՝ հարավային մասում էլ աշխատանքը շուտով կմեկնարկի», - ասել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարարը։

Անցած շաբաթ էլ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն էր ընդունել Հայաստանում Իրանի դեսպանին և վստահեցրել՝ այլընտրանքային ճանապարհների կառուցումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է:

Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ավարտել մինչև նոյեմբերի վերջ

Ըստ կառավարության տարածած հաղոդագրության՝ Տաթև-Կապան ճանապարհի կառուցումը նախատեսվում է ամբողջությամբ ավարտին հասցնել մինչև նոյեմբերի վերջ։ Այս պահին կառուցվում է Տաթև-Աղվանի ճանապարհահատվածը:

Այն մասին, որ այս գործընթացում Իրանը Հայաստանին ինժեներատեխնիկական աջակցություն է ցուցաբերում, նախ գրեց իրանական «Մեհր» գործակալությունը, ապա այդ մասին խոսեց նաև իրանցի պաշտոնյան։

Աշխատանքային այս հանդիպումների մասին, որոնք, ամենայն հավանականությամբ, երեկ են տեղի ունեցել, կառավարությունից մանրամասներ չեն փոխանցում։ Վերջին շրջանում, սակայն, նման փոխայցելություններն ակտիվացել են։ Հայաստանում Իրանի դեսպանը այս ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ։

Երեկ էլ արտգործնախարար Արարատ Միրզոյանն էր աշխատանքային այցով մեկնել Իրան, որտեղ իրանցի գործընկերոջ հետ, ըստ պաշտոնական հաղորդագրության, քննարկել են երկու երկրների միջև տրանսպորտային տարանցման մարտահրավերները։

«Երկու երկրների քաղաքական ղեկավարությունները հաստատակամ են՝ լիարժեք և գործընկերային կերպով զարգացնելու մեր հարաբերությունները և խորացնելու», - ասել է Միրզոյանը։

Արդեն չորս շաբաթ է Գորիս-Կապան 21 կիլոմետրանոց ճանապարհահատվածի ադրբեջանական անցակետերով անցնելու համար իրանցի բեռնատարների վարորդները ճանապարհային ​հարկ են վճարում։ Ավելին՝ Ադրբեջանը շուրջ մեկ ամիս է կալանավորված է պահում իրանցի երկու վարորդների, որոնք Ղարաբաղ էին այցելել։

Հայկական կողմը այս խնդրի լուծումը համարում է այլընտրանքային՝ Տաթևով անցնող ճանապարհի բարեկարգումը, որը, սակայն, այս պահին մեծ բեռնատարների համար դժվարացանելի է։

«Հայաստանը շտկումներ է մտցնում հայ-իրանական հարաբերություններում»

Իրանագետ Գոհար Իսկանդարյանը կարծում է՝ Թեհրանի համար ռազմավարական նշանակություն ունեցող այս ճանապարհի հետ կապված Ադրբեջանի ստեղծած խոչընդոտները տարածաշրջանում դերակատարների փոփոխություններ անելու թուրքական ջանքերի մասին են խոսում։

«Եվ մենք տեսնում ենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը վերջին վեց ամիսների ընթացքում փորձում է ակտիվացնել հայ-իրանական հարաբերությունները, քանզի Հայաստանն այն հիմնական հենարանն է Իրանի համար, որտեղ նա կարողանում էր Կովկասում իր ազդեցությունն ունենալ։ Վրաստանում և Ադրբեջանում մենք գիտենք, որ դրանք գոյություն չունեն», - ասաց Իսկանդարյանը։

Այս համատեքստում իրանագետը կարևոր է համարում Լիտվայում վարչապետ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե Հայաստանը երբեք Իրանի դեմ դավադրությունների մեջ չի մտնի։ Նա կարծում է՝ արտգործնախարարը ևս Իրանում բավականին դրական ազդակներ հղեց հարևան պետությանը։

Հայաստանի իշխանությունները շտկումներ են մտցնում հայ իրանական հարաբերություններում, եզրափակում է իրանագետը․ - «Սակայն նույնը չենք կարող ասել մինչև պատերազմը, այսինքն, երբ որ մենք տեսնում էինք, որ Հայաստանի Հանրապետությունը նվազեցրել էր այնուամենայնիվ Իրանի հետ համագործակցությունը»։

Պաշտոնական տվյալներով՝ Իրանը Հայաստանի 4-րդ առևտրային գործընկերն է։ 2020-ի ընթացքում, չնայած համավարակի բացասական հետևանքներին, հայ-իրանական առևտրաշրջանառությունը անգամ որոշակի աճ է գրացել ու առաջին 10 ամիսների ընթացքում կազմել է մոտ 74 մլն ԱՄՆ դոլար։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG