Մատչելիության հղումներ

Ընդդիմադիր խմբակցությունները ԱԱԾ տնօրենին ու ՊՆ նախարարին կփորձեն իրավունքի ուժով խորհրդարան բերել


Ազգային ժողովի պատգամավոր («Պատիվ ունեմ») Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի պատգամավոր («Պատիվ ունեմ») Տիգրան Աբրահամյան

Ազգային ժողովի ընդդիմադիր խմբակցությունները շաբաթներ շարունակ պահանջում են, որ Ազգային անվտանգության ծառայության տնօրենն ու Պաշտպանության նախարարը խորհրդարան գան ու պատասխանեն սահմանային վիճակին վերաբերող իրենց հարցերին։ Սակայն ուժային կառույցների ղեկավարները դեռևս չեն արձագանքում։

«Փաստն այն է, որ այն պաշտոնյաները, որոնք հատկապես այս փուլում պետք է որոշակի հաշվետվողականություն գոնե ապահովեին հասարակության համար, ամեն գնով խուսափում են դրանից», - ասում է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Պաշտպանության ու անվտանգության հարցերի հանձնաժողովի ընդդիմադիր անդամները փորձում են ուժային կառույցների ղեկավարների իրավունքի ուժով բերել խորհրդարան։ Նախագիծ են մշակել, հիմնավորել հանդիպելու անհրաժեշտույթունն ու նախաձեռնել, որ հանձնաժողովը արտահերթ նիստ հրավիրի այս նախագիծը հաստատելու համար։

Տիգրան Աբրահամյանը հույս ունի, որ պետության անվտանգության, սահմանների պաշտպանության վերաբերյալ հարցերը իշխանականներին էլ կհետաքրքրեն, և նրանք օրակարգը չեն տապալի. - «Երեք շաբաթից ավելի է, անընդհատ քննարկվում է, իշխանությունը ամենատարբեր ձևերով ձգձգում է այս գործընթացը, և այդ պաշտոնյաները որևէ ձևով չեն գալիս խորհրդարան»։

Արտահերթ նիստ հրավիրելու լիազորությունը հանձնաժողովի նախագահինն է։ Պաշտպանության հանձնաժողովում իշխանական անդամները յոթն են, իսկ ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները չորս ներկայացուցիչ ունեն։ Ընդդիմադիրների ստորագրությունները բավարար են արտահերթ նիստ նախաձեռնելու համար, բայց՝ ոչ օրակարգը հաստատելու։

«Չասեմ, որ համոզված եմ, բայց հույս ունեմ, որ տրամաբանությունը կհաղթի, և այդ նախաձեռնությունը ևս չի տապալվի», - ասաց Աբրահամյանը։

ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը մտադի՞ր է ընթացք տալ ընդդիմադիրների օրակարգին։ Այս հարցի պատասխանը լսել չհաջողվեց, Քոչարյանը վրդովվեց ու հեռախոսը անջատեց։

Անդրանիկ Քոչարյանի անելիքների մասին խոսեց նրա թիմակիցը՝ նույն հանձնաժողովի իշխանական անդամ Գագիկ Մելքոնյանը։ Ասաց, որ արտահերթ նիստից գաղափար չունի, բայց տեղեկություններ ունի, որ Քոչարյանն այսօր դիմել է կառավարություն, որ պաշտոնյաները գան ու հանձնաժողովի նիստում պատասխանեն հարցերի։ Կգան թե ոչ, դեռ հայտնի չէ։

Ընդդիմադիրների հարցերը շատ են՝ Սոթքից Խոզնավար, սահմանների պաշտպանության, Գորիս- Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակի մասին են ուզում տեղեկանալ։

Տիգրան Աբրահամյանը ենթադրում է, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը չունի պատասխաններ, այդ պատճառով էլ խուսափում են պատգամավորներին հանդիպել. - «Այս պաշտոնյաները և այս իշխանությունը ուղղակի թքած ունեն հանրության վրա։ Որովհետև այն խնդիրները, որոնք արծարծվում են, հանրային առումով ունեն բավականին մեծ հետաքրքրություն, ես կասեի՝ նաև մտահոգություն։ Երկրորդ խնդիրը այն է, որ ուղղակի չունեն ասելիք, ստեղծված իրավիճակի պատասխանները չունեն, և անվտանգային համակարգում ստեղծված այս իրավիճակը որևէ հիմնավոր ձևով չեն կարող ներկայացնել պատգամավորներին և հանրությանը»։

Ընդ որում ընդդիմադիրները փակ հանդիպմանն էլ դեմ չեն։ Պատերազմից հետո պաշտպանության նախարարները լրագրողների հարցերից էլ են խուսափում, ասուլիսներ չեն հրավիրում, անգամ պաշտոնական միջոցառումներին հնարավոր չէ նրանց հարցեր ուղղել, շեշտում է պատգամավորը. - «Փակում են համակարգը։ Իրենց թվում է, թե իրենք զրկվում են անախորժ հարցերի պատասխանելու այդ հնարավորությունից։ Բայց իրականում այն մտահոգությունները, որոնք կան, որոնք գալիս են սահմանից ամենատարբեր խողովակներով, շատ ավելի այս իրավիճակում խորացնում են մտահոգությունները, որ այսօր կա հասարակության մեջ»։

Արծվիկ Մինասյան
Արծվիկ Մինասյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ուղիղ մեկ ամիս առաջ Ազգային ժողովի նիստում դիմեց խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանին, որ որևէ ձևաչափով իրավասու պաշտոնյաները՝ Գլխավոր դատախազը, Արտաքին գործերի նախարարն ու Ազգային անվտանգության ծառայության տնօրենը հանդիպեն պատգամավորներին և երկրում ստեղծված իրավիճակի մասին տեղեկություններ հայտնեն։

Սիմոնյանը չբացառեց, որ կընդունեն ընդդիմադիրների առաջարկը. - «Միասին կորոշենք ժամանակը, ձևաչափը և կքննարկենք»։

Մեկ ամիս է անցել, սակայն ո'չ ձևաչափի մասին են ընդդիմությանը տեղյակ պահել, ո'չ էլ հստակ պատախսանել՝ հանդիպում կլինի թե ոչ։

Մինչդեռ անցած տարի Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանը ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» պահանջով եկել էր խորհրդարան՝ առանց հատուկ ձևաչափի ու նախագծերի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG