Մատչելիության հղումներ

«Անկախ դիտորդ» դաշինքն ահազանգում է համայնքների ավագանու և ղեկավարի լիազորությունները դադարեցնելու գործընթացում տարբերակված մոտեցման մասին


«Անկախ դիտորդ» դաշինքը երեկ հայտարարություն էր տարածել՝ մտահոգություն հայտնելով Հայաստանի մի շարք համայնքներում ավագանու և ղեկավարի լիազորությունները դադարեցնելու գործընթացում տարբերակված ու կամայական մոտեցում ցուցաբերելու վերաբերյալ։

«Վարչատարածքային բաժանման մասին օրենքի հոկտեմբերի 6-ին ուժի մեջ մտած փոփոխությունների արդյունքում, խոշորացված բոլոր համայնքներում, ՏԻՄ օրենքի համաձայն, պետք է դադարեցվեին համայնքների ավագանիների և ղեկավարների լիազորությունները», - ասված է հասարակական դաշինքի հայտարարության մեջ։

Երեկ վարչապետը որոշում էր կայացրել Գյումրի, Վանաձոր, Վայք և Ջերմուկ համայնքներում ղեկավարների պաշտոնակատար նշանակելու մասին։

Իրավապաշտպանները տարբերակված ու կամայական որոշում են համարել այն, որ, փաստորեն, խոշորացված համայնքների բնակավայրերի մի մասի ղեկավարների լիազորությունները դադարեցվել են, իսկ մյուսներինը՝ պահպանվել։

«Սա ամենևին չի նպաստում համայնքների խոշորացման և տեղական ինքնակառավարման նոր մարմինների նկատմամբ հանրային վստահության ձևավորմանը», - հայտարարում են իրավապաշտպանները։

Ընտրական ոլորտի փորձագետ, «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայացուցիչ Վարդինե Գրիգորյանը շեշտում է՝ պետք է նշանակություն չունենար՝ համայնքի ինքնակառավարման մարմինների պաշտոնավարման ժամկետն ավարտվել է, թե՝ ոչ. վարչատարածքային միավորի փոփոխության դեպքում, թեկուզ ժամկետից շուտ, նրա խոսքով, պետք է դադարեցվեին լիազորությունները։

«Պետք է հասկանալ, որ ՏԻՄ-երի մեծ մասի ընտրությունները տեղի են ունեցել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին, բայց եղել են նաև այլ դեպքեր՝ ավելի ուշ ընտրություններ, ու հիմա չպետք է ստացվի, որ այդ համայնքներում մնում են համայնքապետերն ու ավագանիները, երբ փաստացի համայնքը, որպես առանձին միավոր, այլևս չկա․ փաստացի, եթե այդ համայնքներից վերանում են համայնքապետարանները, պետք է հստակ լինի, օրինակ, էդ աշխատակազմի համար որքանով է պարզ, որ իրենց լիազորությունները դադարեցվում են, ում լիազորություններն են դադարեցվում, ինչպես է փոխանցվում», - ասաց Վարդինե Գրիգորյանը։

Անցած օրերին ոմանք, այդ թվում՝ Վանաձորի արդեն նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը հակադարձում էր, թե համամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարը պետք է շարունակի պաշտոնավարել մինչև հաջորդ ընտրություններ։

Դա չի կարող վերաբերել խոշորացվող բնակավայրերին, համոզված է իրավապաշտպան Վարդինե Գրիգորյանը։

«Այն համայնքներում, որտեղ միավորվել են մեկ համայնքի մեջ ու դրանց մեջ կան գյուղական բնակավայրեր, այդ բնակավայրերի համայնքապետին և ավագանուն պետք է հստակ լինի, որ իրենց լիազորությունները դադարեցվել են, եթե դա հստակ չի, ուրեմն այստեղ կա միտում՝ ինչու են մի մասին դադարեցնում լիազորությունները, մի մասին՝ ոչ։ Ընտրություններին հղում անելը էստեղ, կարծում եմ, իրավական անգրագիտություն է, որովհետև օրենքը հստակ հղում է անում վերակազմակերպմանը, ու ընտրություններին հղում անելը ճիշտ չէ», - ասաց Գրիգորյանը։

«Անկախ դիտորդ» դաշինքն իր երեկվա տարածած հայտարարության մեջ նշել է նաև․ - «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից պետք է տեղեկատվություն հրապարակվի, թե արդյոք համապատասխան համայնքապետարանների աշխատակիցները պատշաճ ծանուցվել են իրենց հետ աշխատանքային պայմանագրերի լուծման ժամկետների և հիմքերի վերաբերյալ»։

Վարդինե Գրիգորյանն ասում է. - «Այնպես չէ, որ հարցում ենք արել՝ հասկանալու համար, թե ովքեր տեղյակ չեն եղել, բայց ինչքանով որ տեղեկացել ենք, իրենք ասել են՝ չգիտեն, շարունակում են աշխատել, իրենց չեն ասել, որ իրենք չեն շարունակելու աշխատել»։

XS
SM
MD
LG