Մատչելիության հղումներ

Եթե բանակցությունները վերսկսվում են առանց կարգավիճակի հարցի, վստահ չեմ, որ դա մեզ համար օգտակար է. քաղաքագետ


Քաղաքագետ Բենիամին Պողոսյան, արխիվ
Քաղաքագետ Բենիամին Պողոսյան, արխիվ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները դրական են ընդունել վարչապետ Փաշինյանի և նախագահ Ալիևի` միմյանց հետ հանդիպելու մասին հրապարակային հայտարարությունները և անհամբերությամբ սպասում են կողմերի հետ նման հանդիպման պայմաններն ու մանրամասները քննարկելուն: Ժննևում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի փոխնախագահի հետ երկօրյա խորհրդակցություններից հետո հայտարարել են Միացյալ Նահանգները, Ռուսաստանը ու Ֆրանսիան ներկայացնող միջնորդները։

Վերջին օրերին թե՛ Փաշինյանը, թե՛ Ալիևը հրապարակային հայտարարել են, որ պատրաստ են նման հանդիպման։ Պարզ չէ, սակայն, թե ինչ օրակարգով է հայկական կողմը գնալու այդ հանդիպմանը, եթե Ալիևը շարունակում է պնդել, որ Ղարաբաղի կարգավիճակի հարց այլևս չկա, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։

«Եթե բանակցությունները վերսկսվում են, սակայն փաստացի կարգավիճակ այնտեղ չկա, թեկուզ որպես հարցերից մեկը, ապա ես վստահ չեմ, որ այդ բանակցային գործընթացը մեզ համար օգտակար է», - «Ազատության» հետ զրույցում նշում է նա:

Քաղաքագետի կանխատեսումներով՝ մինչև տարեվերջ առաջնորդների հանդիպում դժվար թե տեղի ունենա, քանի որ մինչ այդ պետք է համանախագահների այց կազմակերպվի տարածաշրջան։ Ավելի վաղ էլ Նյու Յորքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Այդ հանդիպումը ղարաբաղյան միջնորդները հենց այս վերջին հայտարարությունում կառուցողական են որակում։

Համանախագահների կոչն ուղղված է Ադրբեջանին. պատգամավոր

Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ հանդիպման բոլոր մասնակիցներն ընդգծել են միջազգային մարդասիրական կազմակերպությունների լիարժեք, անարգել մուտքի կարևորությունը` իրենց աշխատանքներն իրականացնելու համար:

Մինսկի խմբի համանախագահների այս կոչը ուղղված է Ադրբեջանի իշխանություններին, վստահ է իշխանական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Անուշ Բեղլոյանը։ Ասում է՝ Հայաստանի և Արցախի իշխանությունները երբևէ որևէ խնդիր չեն ստեղծել Արցախ գնալ ցանկացողների համար. «Այդ հայտարարությունն ուղղակի ուղղված է Ադրբեջանի իշխանություններին, որոնք երկար տարիներ և այսօր առավել ևս խոչընդոտում են միջազգային հումանիտար և ընդհանրապես ցանկացած միջազգային պաշտոնյայի կամ կազմակերպության մուտքը Լեռնային Ղարաբաղ, եթե այն տեղի չի ունենում Բաքվով»:

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած նոյեմբերյան եռակողմ հայտարարության 7-րդ կետը սահմանում է` «ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո»։ Մինչ օրս, սակայն, այս ուղղությամբ որևէ քայլ չի արվել, միջազգային կազմակերպությունները քանիցս հայտարարել են, որ այդ տարածքներ մտնելու հետ կապված խնդիրներ ունեն։

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը կարծում է՝ օրակարգում այս հարցի ակտիվացումը որոշակի ռիսկեր է պարունակում հայկական կողմի համար. «Ստեփանակերտը գտնվում է ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը կարող է պահանջել Ռուսաստանից, որ խնդրում եմ անել այնպես, որ Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների անվտանգությունը ապահովված լինի, այսինքն` նրանք ունեն պահանջելու բան, և ցավոք սրտի ինչքանով որոշել են ռուսները: Եթե տեսականորեն ինչ-որ մարդիկ նույնիսկ համալրվեն կոնկրետ Ադրբեջանի քաղաքացի, Ադրբեջանի անձնագրերով վերադառնան Շուշի և Հադրութ, ապա մենք էլ պահանջելու ենք նրանց անվտանգության ապահովումը, նույնը Ադրբեջանից, այսինքն` ցավոք սրտի, սա համարժեք չէ», - նկատում է նա:

Իրենց հայտարարությունում համանախագահները ողջունել են Ադրբեջանի կողմից օրերս մեկ հայ զինծառայողի վերադարձը, նշել են, որ քննարկել են լարվածությունը թուլացնելու ու հումանիտար հնարավոր միջոցառումները, այդ թվում՝ ձերբակալվածների, անհայտ կորածների և բոլոր տեղահանվածների կամավոր վերադարձը: Համանախագահներն ընդգծել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու պատրաստակամությունը՝ համաձայնության կետեր գտնելու համար:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG