Մատչելիության հղումներ

Երևանն ու Բաքուն ողջունում են ԱԳ նախարարների հանդիպումը, սակայն կողմերի դիրքորոշումները մնում են անփոփոխ


44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ օրերս Նյու Յորքում կայացած Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը հայկական կողմը գնահատում է որպես մեկ քայլ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի աշխատանքներում։

«Տեղի ունեցած հանդիպումը գնահատում ենք, որպես կարևոր քայլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ձևաչափով խաղաղ բանակցությունների ամբողջական վերականգնման գործընթացում», - «Ազատության» հարցին պատասխանել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը։

Նյու Յորքում կայացած Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումից հետո Մինսկի խումբը իր հաղորդագրությունում նշեց, որ համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ», առանց մանրամասնելու, թե ինչ հարցերի մասին է խոսքը՝ միայն հումանիտա՞ր, թե՞ ոչ։

Իր հերթին Հայաստանի ԱԳՆ-ն տեղեկացրեց, որ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։

Կարճ հաղորդագրությունում ադրբեջանական կողմն էլ հայտնել է, որ փոխանցել է «Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը»:

Ադրբեջանի դիրքորոշումը պատերազմի ավարտից հետո գրեթե անփոփոխ է, նախօրեին թուրքական պետական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ալիևը, խոսելով Մինսկի խմբի աշխատանքների վերսկսման մասին, նորից հայտարարել է, թե «Ղարաբաղյան հարցը լուծված է և այսուհետ այդ կառույցը այլ գործառույթ պետք է ունենա»:

«Հիմա պետք է մտածել վստահության բարձրացման, ճանապարհների, միջանցքների բացման մասին, աջակցել հաշտության գործընթացին, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը և կողմերի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը», - ասել է Ալիևը՝ ավելացնելով, որ Ղարաբաղի կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող:

Այսօր Ալիևը հարցազրույց է տվել նաև ֆրանսիական պետական France 24 լրատվամիջոցին՝ կրկնելով, որ հակամարտությունը արդեն կարգավորված է, հայկական կողմը պետք է մոռանա ռևանշիզմի մասին, չեն քննարկվում նաև ինքնավարության հարցերը, «այդ առաջարկն այլևս սեղանին չէ»։

Այնուամենայնիվ, Ալիևը նաև ողջունել է արտգործնախարարների հանդիպումը՝ հույս հայտնելով, որ դա կլինի նոր գործընթացի՝ Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման սկիզբ։

«Կվերցնե՞ք հեռախոսը ու զանգահարեք Փաշինյանին այս մասին խոսելու» հարցին, Ալիևը պատասխանել է՝ հղում անելով Մինսկի խմբին. «Ոչ այնպես, ինչպես դուք եք ասում։ Սովորաբար 2 երկրների կոնտակտները կազմակերպվում են Մինսկի խմբի հովանոցի ներքո, նրանք են, որ առաջարկում են օրակարգ ու կազմակերպում հանդիպումը։ Իմ նախագահության տարիներին երբեք ուղիղ կապ չեմ ունեցել Հայաստանի ղեկավարների հետ, բայց եթե Մինսկի խմբի համանախագահները նման հանդիպում առաջարկեն, մենք դեմ չենք լինի»։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ևս անդրադարձել է Մինսկի խմբի վերջին հանդիպման մասին՝ նշելով, որ որ այդ ֆորմատով արտգործնախարարների Նյու Յորքում կայացած բանակցությունների ընթացքում կոնկրետ արդյունքներ են ձեռք բերվել։

«Որքան ես եմ հասկանում, համանախագահները համաձայնեցրել են՝ [Լեռնային Ղարաբաղ] այցելությունների նպատակով տարածաշրջանային շրջագայությունների վերսկսման, տեղում Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպման հարցերը, նախատեսված են նաև հանդիպումներ Ստեփանակերտում»,- ասել է Լավրովը։

Բրիտանիայում բնակվող տարածաշրջանային անվտանգության հարցերով զբաղվող թուրք փորձագետ Հարուն Յըլմազը «Ազատությանը» տված մեկնաբանությունում անդրադառնալով Ալիևի հայտարարություններին, ասում է, որ նա Հայաստանին, Ռուսաստանին և գուցե հարևան մյուս երկրներին ուզում է ասել, թե պատերազմից առաջ գոյություն ունեցող իրականությունը փոխվել է։

«Ադրբեջանը, որպես պատերազմում հաղթած կողմ, իր շահերով է առաջնորդվում և ուզում է ուժեղ դիրքերից հանդես գալ առաջիկա տարիներին Ղարաբաղի կարգավիճակի շուրջ բանակցություններում: Այդ պատճառով էլ հիմա այնպիսի տրամադրություն է ստեղծում, թե հարցը փակված է, որպեսզի բանակցային փուլում ավելի շահեկան դիրքում լինի», - ասել է փորձագետը:

Այնինչ, Յըլմազի կարծիքով, առաջիկա տարիներին կողմերը քննարկելու շատ հարցեր ունեն, որոնցից, ըստ թուրք փորձագետի, ամենակարևորը Ղարաբաղի սահմանների հարցն է. արդյոք այդ սահմանները ընդգրկելու են սովետակա՞ն շրջանում Ղարաբաղի տարածքները, թե՞ առաջնորդվելու են հետպատերազմյան իրողություններով։ Մյուս կարևոր հարցը, ըստ նրա, այդ տարածքներում ապրող հայ բնակչության կարգավիճակի հարցն է։

«Արդյո՞ք նրանք Ադրբեջանի քաղաքացիներ են լինելու, ի՞նչ առնչություն են ունենալու Բաքվի հետ, տարածքային առումով Ադրբեջանի՞ կազմում են լինելու, բայց մշակութային իրավունքներ, ինքնավարությու՞ն են ունենալու սովետական շրջանի նմանությամբ։ Քննարկման առարկա է նաև հետպատերազմական շրջանում միմյանց ուղղված պահանջները, ինչպես նաև Լաչինի, Զանգեզուրի միջանցքների թեման։ Կողմերը այդ բոլոր հարցերը ընդգրկող համաձայնության պետք է հասնեն», - ընդգծել է Հարուն Յըլմազը։

Պատերազմական գործողություններից հետո առաջին անգամ Մինսկի խմբի շրջանակում բուն հանդիպման փաստը արդեն էական է, ասում է մեկնաբան, «Անի» ուսումնասիրությունների կենտրոնի համակարգող Թաթուլ Հակոբյանը, սակայն, ըստ նրա, անգամ մինչև պատերազմը, Ադրբեջանը հանդես գալով 7 շրջան կորցրածի դիրքերից, չէր ցանկանում լսել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման մասին, ինչպե՞ս է դա անելու հիմա:

«Ամբողջ Հադրութի շրջանն է զավթել, Շուշին է գրավել, տարածքներ է գրավել նաև Մարտակերտի, Մարտունու, Ասկերանի և Շուշիի շրջաններից, Հադրութն ամբողջությամբ է զավթել: Այս պայմաններում, բնականաբար, Ադրբեջանը շատ ավելի կոշտ դիրքերից է խոսելու և եթե նույնիսկ խոսք գնա կարգավիճակի շուրջ, կարգավիճակը նա պատկերացնում է բացառապես Ադրբեջանի կազմում մի ինչ-որ մշակութային, մի ինչ-որ ինքնավարության կամ նույնիսկ տեղական ինքնակառավարման մի ինչ-որ բան: Ավելին մենք չպետք է սպասենք», - նշեց Հակոբյանը:

Քանի Հայաստանի դիրքերը թույլ են, հայկական կողմի շահերից չի բխում կարգավիճակի հարցում քննարկումներում շտապելը, կարծում է Հակոբյանը։

«Եթե քննարկելու են ինչ-որ ինքնակառավարման ինչ-որ մակարդակ Ադրբեջանի կազմում, ապա պետք չէ մենք շտապենք այս հարցում, եթե քննարկվելու է իրոք լուրջ կարգավիճակի խնդիրը, ապա արժի բանակցությունների մեջ մտնել», - ընդգծեց մեկնաբանը:

XS
SM
MD
LG