Մատչելիության հղումներ

Հայաստանն ու Արցախը կողմ են արտահայտվում խաղաղապահների տեղակայման ժամկետի հնարավոր երկարաձգմանը


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի փոխանցմամբ՝ պաշտոնական Երևանը քննարկումներ է անցկացնում Մոսկվայի հետ, որպեսզի ռուս խաղաղապահները ավելի երկար ժամկետով մնան Արցախում, քան նախատեսված է եռակողմ հայտարարությամբ։

Անցած տարվա նոյեմբերի 9-ին Փաշինյանի, Պուտինի և Ալիևի ստորագրած փաստաթուղթն արձանագրում է, որ ռուսական զորքերի տեղակայման 5 տարվա ժամկետը ինքնաբերաբար երկարաձգվելու է հերթական հնգամյա ժամկետով, եթե միայն կողմերից մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չզգուշացնի, որ դեմ է: Ադրբեջանից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե ռուս խաղաղապահները ժամանակավորապես են տեղակայվել իրենց տարածքում՝ ըստ էության ակնարկելով, որ կարող են առարկել ժամկետի երկարաձգմանը:

«Բնականաբար, այդ թեման մեր օրակարգում է, մենք նաև քննարկում ենք այդ թեման մեր ռուս գործընկերների հետ, որպեսզի հասկանանք, թե ինչպես ենք հնարավոր այդպիսի զարգացման դեպքում համատեղելու մեր քայլերը: Մենք կարծում ենք, որ Ռուսաստանն ավելի երկար կմնա, և ամեն ինչ անելու ենք, որ Ռուսաստանն ավելի երկար մնա, քան նախատեսված է նոյեմբերի 9-ի հայտարարությամբ, այսինքն` նոյեմբերի 9-ի հայտարարությամբ երկարաժամկետ է նախատեսված, բայց հնարավոր դեպքում, երբ որ Ադրբեջանը չի համաձայնում, մենք կփորձենք համատեղել մեր ուժերը և խնդրին լուծում գտնենք», - ասաց ԱԽ քարտուղարը։

Զուգահեռ Անվտանգության խորհրդի քարտուղարը շեշտում է՝ արդեն այսօր՝ ժամկետի ավարտից չորս տարի առաջ, տեսանելի է, որ ռուսական զորախումբը հեռանալու մտադրություն չունի. «Այն, ինչ կատարվում է այսօր Արցախում, այն ենթակառուցվածքները, որոնք ստեղծվում են, մեզ հուշում են, որ Ռուսաստանը պլանները ունի ավելի երկար մնալու: Մենք լսում ենք այդ (Բաքվի) հայտարարությունը, դրա համար նաև հավելյալ քննարկումներ ենք ունենում»:

Ռուսական խաղաղապահ զորախումբը, ըստ եռակողմ հայտարարության, բաղկացած է 1960 հրաձգային զենքով զինված զինծառայողներից, 90 զրահամեքենայից և 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայից։ Զորախմբի արդեն նախկին ղեկավար Ռուստամ Մուրադովը հայտարարել էր, թե հնգամյա ժամկետի ավարտից հետո կընդունվի առաքելության հետագա երկարաձգման վերաբերյալ որոշում՝ չմանրամասնելով՝ արդյո՞ք Մոսկվան Երևանից և Բաքվից արդեն ստացել է դրա հավաստիացումը։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը հիշեցնում է՝ Բաքուն մինչև օրս պաշտոնապես չի հաստատել ռուս խաղաղապահների տեղակայման մանդատը. «Այո, ռուս խաղաղապահները հիմնական անվտանգության երաշխավորն են այս պահին, բայց մենք պետք է հասկանանք, որ մի քանի տարի հետո, հատկապես այն պարագայում, որ Ադրբեջանը դեռևս չի տվել այսպես ասած` իր մանդատը, որպեսզի ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվեն, մենք չգիտենք, թե ինչ խնդիրների առջև կարող ենք կանգնել, և այս հարցին էլ որևէ մեկը հստակ ձևակերպում չի տալիս: Տեսնում ենք, որ տարածաշրջանում լուրջ գործընթացներ են տեղի ունենում, ուժերի հարաբերակցություն է փոխվում, և Հայաստանն ուղղակի պասիվ դիտորդի և կրավորական հետևում ենք, թե ինչ է տեղի ունենում», - նշեց պատգամավորը «Ազատության» հետ զրույցում:

Լեռնային Ղարաբաղում ևս սպասում են ռուսական զորախմբի ժամկետի երկարաձգմանը, բարձրաստիճան պաշտոնյաները՝ տարածքային Կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը նույնիսկ ռուսական բազայի սցենարը չեն բացառում:

«Այն կերկարաձգվի, հակառակ դեպքում կդառնա բազա, ռազմական ներկայությունը Արցախում, կարծում եմ` սա հստակ է բոլորի համար, սրանում ամենապեսիմիստներն էլ շատ չեն կասկածում, որովհետև նայելով վիճակը աշխարհաքաղաքական և այլն, հասկանում ենք, որ դա միայն մեր շահերից չի, որ բխում է: Խնդիրն այն է, որ կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ որ Բաքվից դա չեն հարցնում», - ասել էր Խանումյանը:

Դավիթ Բաբայանն իր հերթին նկատել էր. «Կարծում եմ` կերկարաձգվի խաղաղապահ առաքելությունը այն պարզ պատճառով, որ դժվար թե 2025 թվականին հակամարտությունը կարգավորվի, իսկ խաղաղապահ առաքելությունը սովորաբար դադարեցնում է իր աշխատանքը, եթե կարգավորված է հակամարտությունը համապարփակ ձևով»:

Զորախմբի տեղակայման ժամկետի հնարավոր երկարաձգման մասին Ադրբեջանն առայժմ պաշտոնական դիրքորոշում չի հայտնել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG