Մատչելիության հղումներ

Փաշինյանը հայտարարում է Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության մասին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպելու պատրաստակամության, նաև երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով բանակցություններ կազմակերպելու հնարավորության մասին:

Վիլնյուսում պատասխանելով հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին՝ Փաշինյանն ասել է, թե պատրաստ է Հայաստանի ունեցած բոլոր քարտեզները տրամադրել Ադրբեջանին գերիների դիմաց:

«Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է ինձ հետ հանդիպել։ Դեռ հուլիսին եմ հայտարարել, որ մենք պատրաստ ենք և՛ բարձր, և՛ բարձրագույն մակարդակում հանդիպել, այսինքն՝ դա նշանակում է և՛ արտգործնախարարների մակարդակով, և՛ վարչապետ-նախագահ մակարդակով պատրաստ ենք հանդիպել», - վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Փաշինյանը։

«Պատրաստ եմ բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին»

«Ես պատրաստ եմ մեր ունեցած բոլոր քարտեզներն ինձ հետ տանել և Ադրբեջանի նախագահին կոչ եմ անում իր հետ բերել մեր բոլոր գերիներին», - ասել է վարչապետը՝ մանրամասնելով, որ խոսքն այն քարտեզների մասին է, «որոնք Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերին իրարից չեն բաժանում, այսինքն՝ դրանք ռազմական գործնական անվտանգային նշանակություն չունեն, այլ ունեն միայն հումանիտար նշանակություն, որովհետև գտնվում են Ադրբեջանի զինված ուժերի թիկունքում»։

«Ադրբեջանի նախագահը բողոքում է, որ այդ քարտեզների որակը, որ նախկինում փոխանցել ենք, լավը չէ: Տեսեք, մենք երկու արձանագրում ենք անում` առաջինը. մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, այսինքն՝ այնպես չէ, որ լավ որակի քարտեզները պահել ենք դարակում, վատ որակի քարտեզները տվել ենք։ Ես չեմ բացառում և նաև գիտեմ, որ քարտեզների որակի հետ կապված խնդիր կա, ինչո՞ւ, որովհետև քարտեզի որակը կախված է քարտեզագրողի որակից, նրա պրոֆեսիոնալ հմտությունից, ինչ քարտեզագրել է, այն էլ ունենք։ Եվ մենք այստեղ անկեղծ ենք, բաց ենք, ու որևէ մեկին խաբելու մտադրություն չունենք, որովհետև այստեղ խոսքը ոչ միայն Ադրբեջանի մասին է, այլև մեր միջնորդ գործընկերների, որոնք մեր բարեկամ երկրներն են, մեր գործընկերներն են։ Սա պատվաբեր չի լինի, ուղղակի այդ իրավիճակում փորձ անել որևէ այլ բան այլ կերպ անել։

Մենք տվել ենք այն քարտեզները, որ ունենք, մենք ուրիշ քարտեզներ, նկատի ունեմ, արդեն իսկ փոխանցված տեղանքի առումով, ուրիշ քարտեզներ ուղղակի չունենք։ Եվ սա փաստ է, ու սա պետք է արձանագրել որպես իրողություն։ Ինչ վերաբերում է վստահությանը, պարզ է, որ այս իրավիճակում Ադրբեջանը մեզ չի վստահում, մենք Ադրբեջանին չենք վստահում, և ամբողջ խնդիրն այն է, որ փորձենք փոքր քայլերով այնպես շարժվենք առաջ, որ գոնե ինչ որ վստահություն ձևավորվի։ Այդ վստահությունն ինչո՞ւ է կարևոր, որ կարողանանք, այո, նաև հումանիտար հարցերն ավելի արագ լուծել, և մեր գերեվարված եղբայրներին օր առաջ վերադարձնել իրենց ընտանիքներ», - նշել է Փաշինյանը։

XS
SM
MD
LG