Մատչելիության հղումներ

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են նորից հանդիպել` համանախագահների հովանու ներքո


Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո, խորհրդարանում հայտարարեց Արարատ Միրզոյանը:

Պատասխանելով Ջեյհուն Բայրամովի հետ Նյու Յորքում կայացած հանդիպմանը վերաբերող հարցին` նա դրական գնահատեց գործընթացի վերսկսումը. «Իհարկե, այս ձևաչափով քննարկումների, բանակցային գործընթացի վերսկսումը միանշանակ ողջունելի և միանշանակ բխում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի շահերից:

Փաստում ենք մեկ անգամ ևս, որ խնդիրը լուծված չէ: Ադրբեջանում սիրում են ասել, թե խնդիրն այլևս գոյություն չունի, կարծում եմ՝ սա միջազգային հանրության կողմից ևս մի հավաստիացում է այն մասին, որ խնդիրը գոյություն ունի, և խնդիրը լուծում պահանջում է»:

Ըստ Միրզոյանի` սա նաև ապացուցում է, որ լուծման փնտրտուքը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ֆորմատով:

«Դրական եմ համարում այն, որ ըմբռնում կար, որ ելնելով լարվածությունից, ելնելով բազմաթիվ չլուծված և օրեցօր ծագող կամ լուծում ստացող զանազան հարցերի առկայությունից՝ պայմանավորվածություն ենք ձեռք բերել նորից հանդիպել և առաջնային քննարկման դարձնել հումանիտար հարցերը: Իհարկե, առաջին հերթին խոսքը վերաբերում է Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խնդրին, հաստատման սպասող, մեր կողմից սպասվող, էլի ներկայացված գերիների առկայության հարցին»,-ասաց արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Մոտ երկու շաբաթ առաջ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Նյու Յորքում` ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում էր կայացել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը` 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ:

Ղարաբաղյան հարցի վերաբերյալ Ադրբեջանի դիրքորոշումը պատերազմի ավարտից հետո գրեթե անփոփոխ է, Ալիևը բազմիցս հայտարարել է, թե «Ղարաբաղյան հարցը լուծված է»:

XS
SM
MD
LG