Մատչելիության հղումներ

«Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա», - պնդում է Ալիևը


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Ադրբեջանական զորքը Հայաստանի հետ սահմանին զբաղեցրած դիրքերից չի հեռանալու, դրանք մեր տարածքներն են», - երեկ Ադրբեջանի պետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը: Հիշեցնելով, որ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելը Երևանում` վարչապետ Փաշինյանի հետ ասուլիսում, այդ տարածքները վիճելի էր որակել, Ալիևն ասել է` ձևակերպումն ընդունելի չէ, և ինքն այս ուղերձը փոխանցել է Միշելին:

«Բնականաբար, նրա այցի ընթացքում այդ հարցը քննարկվեց: Ես փորձեցի բացատրել, որ մենք դուրս ենք եկել մե՛ր սահմաններ։ Ինչու ենք դա արել միայն մայիսի՞ն՝ որովհետև երկու֊երեք մետր նստած ձյունը թույլ չէր տալիս ավելի վաղ մոտենալ: Ձնհալից հետո, սակայն, մենք անմիջապես դուրս եկանք, զբաղեցրինք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք և կշարունակենք ամրապնդվել այնտեղ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Ավելի քան մեկ ժամանոց հարցազրույցում Ալիևը մի քանի անգամ է անդրադարձել Եվրոպական խորհրդի ղեկավարի վերջին տարածաշրջանային այցին, հատկապես ողջունել փաստը, որ Բաքվում Շառլ Միշելը որևէ բառ չասաց ոչ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման, ոչ էլ այս հարցի շուրջ բանակցելու անհրաժեշտության մասին: «Դա պետական գործչի կողմից խոհեմ քայլ էր, մենք այն գնահատում ենք, իսկ Հայաստանը պետք է համապատասխան հետևություններ անի», - ասել է Իլհամ Ալիևը, կրկին ընդգծելով՝ Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղ անունով վարչատարածքային միավոր «չկա», և կարգավիճակի մասին խոսելն էլ անտեղի է: «1991-ին՝ անկախության հռչակումից անմիջապես հետո, Ադրբեջանի խորհրդարանը լուծարել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը», - ասել է նա։

«Ադրբեջանի ժողովուրդն արդարացիորեն դժգոհում է, երբ այսօր Ֆրանսիայում և Ամերիկայում իրականությանը հակասող հայտարարություններ են հնչում, թե իբր հակամարտությունը պետք է կարգավորվի: Ես նրանց ասում եմ` ես` Ադրբեջանի նախագահս, արդեն լուծել եմ այդ հարցը, վերջ: Լեռնային Ղարաբաղ չկա, կարգավիճակ չկա: Այնտեղ 25 հազար մարդ է ապրում` ո՞րն է 25 հազար մարդուն կարգավիճակ տալու տրամաբանությունը: Կրկնում եմ` եթե ինչ֊որ մեկը ուզում է կարգավիճակ տրամադրել, ապա Ամերիկայում մոտ մեկ միլիոն հայ է ապրում, Ֆրանսիայում` ավելի քան կես միլիոն, ինչո՞ւ այնտեղ հայերին կարգավիճակ չի տրվում», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ընդ որում, Ալիևը պնդել է, թե այս հարցում իր և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրի` Ռուսաստանի դիրքորոշումները համընկնում են: «Ռուսաստանն ու Ադրբեջանը կարծում են, որ պատերազմն ավարտվել է, որ Հայաստանում չպետք է թույլ տրվեն ռևանշիստական միտումներ, և այսուհետ տարածաշրջանում պետք է խաղաղություն լինի», - ասել է Ադրբեջանի նախագահն ու հավելել` երկարաժամկետ համագործակցության մասով Բաքվի և Մոսկվայի դիրքորոշումներում տարաձայնություններ չկան, և ինքն անձամբ շատ մտերիմ հարաբերություններ ունի Պուտինի հետ։ «Մենք վստահում ենք միմյանց, ինչը շատ կարևոր է», - ասել է նա:

Ալիևը Պուտինի հրավերով այս շաբաթասկզբին էր մեկնել Մոսկվա` տարածաշրջանային իրավիճակն ու հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը քննարկելու համար: Երեկ նա որոշ մանրամասներ է պատմել նաև այդ դռնփակ հանդիպումից։

«Ես փոխանցեցի Պուտինին, որ, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Հայաստանը կրկին իրեն անկեղծ չի պահում: Ես արդեն ասել եմ, որ բոլոր ճանապարհները պետք է բացվեն միաժամանակ, և ոչ ընտրողաբար: Սակայն, մենք տեսնում ենք, որ Հայաստանը կրկին փորձում է ինչ-որ խաղ խաղալ», - ասել է Ալիևը՝ մասնավորեցնելով, թե հայկական կողմը դժկամությամբ, բայց, ի վերջո, համաձայնել է Ադրբեջանը Նախիջևանի հետ կապող երկաթգծի գործարկմանը, սակայն հիմա էլ դեմ է ավտոճանապարհի բացմանը:

«Դա հակասում է նոյեմբերի 10-ի հայտարարությանը, որտեղ նշված է` բացվում են ճանապարհները` երկաթուղին ու ավտոմոբիլայինը: Ինչպես կարող է Հայաստանը երկաթուղային կապ ստանալ Իրանի ու Ռուսաստանի հետ, իսկ մենք չկարողանանք Նախիջևան գնալ ավտոմեքենայով: Նման բան չի կարող լինել», - պնդել է նա:

Այս հարցերը քննարկելու համար Երևանն ու Բաքուն համաձայնել էին Ռուսաստանի հետ եռակողմ աշխատանքային խումբ ձևավորել. փոխվարչապետերի ու փորձագիտական խմբերի հանդիպումները, սակայն, շարունակվեցին մոտ կես տարի։ Անցած մայիսին, երբ ադրբեջանական զորքն առաջ բերեց դիրքերը Սյունիքի ու Գեղարքունիքի մարզերում, հայկական կողմը հայտարարեց` նման մթնոլորտում քննարկումներ չեն կարող լինել: Ու թեև ադրբեջանական զորքը դեռ չի հեռացել, և, ինչպես Ալիևն է պնդել, չի էլ պատրաստվում հեռանալ, այս հարցում Բաքուն առաջընթաց է ակնկալում:

«Մենք Ռուսաստանի նախագահի հետ մտքերի փոխանակում ունեցանք, և կարծում եմ, որ հաջորդ փուլում արդեն մենք ավելի հուսադրող նորություններ կլսենք Երևանից: Մեր դիրքորոշումը մնում է անփոփոխ՝ Զանգեզուրի միջանցքը անպայման պետք է բացվի, և որքան շուտ Հայաստանը հասկանա դա, այնքան լավ՝ իր համար», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Ընդհանուր առմամբ, ամփոփելով ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո` անցած ութ ամսում իրականացված աշխատանքը, Ալիևը պնդել է` պաշտոնական Բաքուն աշխատել է օպերատիվ և կարողացել է հասնել իր համար առաջնային խնդիրների լուծմանը:

«Մենք հաջողեցինք հասնել նրան, որ մեր օրակարգը հաստատվի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներում, քաղաքական հարթությունում ու հայ-ադրբեջանական սահմանին, մեր քայլերից որևէ մեկը պատահական չի եղել», - ասել է նա՝ շարունակելով․ - «Մենք Հայաստանին օրակարգ ենք ուղարկել` խաղաղության պայմանագիր: Թող ասեն, որ չեն ուզում, թող հրաժարվեն: Ես իմ կողմից բազմիցս ասել եմ, հիմա էլ կրկնում եմ` Ադրբեջանը պատրաստ է այս հարցի շուրջ բանակցությունների: Պատերազմն ավարտվել է, ուզո՞ւմ եք խաղաղություն, կարծես թե` այո, ուրեմն` ճանաչեք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, թող ստորագրվի խաղաղության պայմանագիր և լուծվի սահմանների դելիմիտացիայի հարցը»:

Հայկական կողմը, անդրադառնալով այս հարցին, պարբերաբար հայտարարում է, թե խաղաղության պայմանագրի, սահմանագծման ու սահմանազատման շուրջ բանակցությունները կարող են սկսվել միայն այն ժամանակ, երբ Ադրբեջանը ետ կքաշի Հայաստանի տարածք մտած հարյուրավոր զինվորներին: Ալիևը, սակայն, հակադարձել է` ադրբեջանական զորքը գտնվում է «ադրբեջանական հողում». - «Մենք նոր իրականություն ենք ստեղծել, և ոչ միայն ղարաբաղյան գոտում»:

XS
SM
MD
LG