Մատչելիության հղումներ

Պուտինը՝ Ալիևին․ Փոխզիջումային լուծումները միշտ էլ ամենաբարդն են


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

«Իդ Մուբարաք». - Ռուսաստանի նախագահի հնչեցրած արաբերեն այս շնորհավորանքով երեկ երեկոյան Կրեմլում մեկնարկեցին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի բանակցությունները։ Բանն այն է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը համընկել էր մահմեդականների կարևորագույն տոներից մեկի՝ Կուրբան-Բայրամի հետ։

Երկու նախագահների այս հանդիպման ընդհանուր մթնոլորտը ևս եթե տոնական չէր, ապա գոնե բավական ջերմ էր․ Ալիևն ու Պուտինը պարբերաբար միմյանց շնորհակալություն էին հայտնում՝ այդ թվում Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված արդյունավետ համագործակցության համար։

«Բնականաբար, ամենակարևոր հարցերից մեկը մնում է տարածաշրջանում իրադրության կարգավորումը։ Գիտեմ, որ Դուք այդ հարցին բնականաբար շատ մեծ ուշադրություն եք դարձնում, մեծ տեղ եք հատկացնում դրան։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ գտնվում են նաև փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ էլ ամենաբարդն են։ Բայց եթե մենք ցանկանում ենք կարգավորման հասնել, իսկ մենք բոլորս էլ ցանկանում ենք, ապա պետք է գնանք այդ ճանապարհով։ Մինչ այժմ մեզ դա հաջողվել է, ինչի համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել», - դիմելով իր ադրբեջանցի պաշտոնակցին նշում էր Ռուսաստանի նախագահը։

Իլհամ Ալիևի համոզմամբ էլ՝ պատերազմական գործողություններից հետո ընկած ժամանակահատվածում իրադրության կայունացման հարցում առանձնահատուկ դերակատարություն է ունեցել հենց Ռուսաստանի նախագահը։

«Իհարկե, կա նաև տարածաշրջանում հետկոնֆլիկտային իրավիճակի հարցը։ Ես ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Ձեզ այս խնդրի նկատմամբ ցուցաբերած հետաքրքրության, ինչպես նաև կարևոր և զգայուն հարցերի լուծման ընթացքում ցուցաբերած անձնական մասնակցության համար։ Մենք մշտական կապի մեջ ենք, ռազմական գործողությունների ավարտից հետո անցած ութ ամիսների ընթացքում մեր անձնական շփումները՝ թե՛ հունվարին կայացած մոսկովյան հանդիպման և թե՛ հեռախոսազրույցների տեսքով, լուրջ դեր խաղացին իրավիճակի կայունացման առումով։ Մենք վճռականորեն տրամադրված ենք, որպեսզի հետկոնֆլիկտային ժամանակաշրջանը առավելապես ոչ ցավոտ անցնի։ Համատեղ ջանքերով մեզ դա հաջողվում է», - հայտարարում էր Ալիևը։

Երեկ կայացած բանակցությունների ևս մեկ թեման Բաքվի և Մոսկվայի երկկողմ հարաբերություններն էին։ Դրանցում, ըստ Ռուսաստանի նախագահի, վերջին շրջանում զգալի առաջընթաց է նկատվում։

«Հաջորդ տարի մեզ մոտ մեծ տոն է՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը։ Փառք Աստծո, կորոնավիրուսից հետո մեր հարաբերությունները սկսել են վերականգնվել, խոսքը նախևառաջ տնտեսական հարաբերությունների մասին է։ Անցած տարի որոշակի անկում էր նկատվում, այժմ արդեն աճի վստահ տեմպեր կան, և [հարաբերությունները] վերականգնում են։ Ռուսաստանը [Ադրբեջանի] տնտեսությունում վստահորեն առաջատար դերերից մեկն է զբաղեցնում, և ակտիվորեն աշխատում է նաև միջկառավարական հանձնաժողովը», - հայտարարում էր Վլադիմիր Պուտինը։

Ռուսաստանի նախագահի խոսքով, ի դեպ, առաջիկայում այդ կապերը, ըստ ամենայնի, է՛լ ավելի են ամրապնդվելու, քանի որ Բաքու կայցելի «ռուսաստանյան ներկայացուցչական մի պատվիրակություն»։ Իլհամ Ալիևի խոսքով էլ՝ ռուս-ադրբեջանական տնտեսական կապերի խորացման ամենավառ ապացույցը այն արդյունքներն են, որ արձանագրում են երկու երկրների կողմից ստեղծված համատեղ տրանսպորտային նախագծերը։

«Ես Ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ մենք վստահորեն առաջ ենք շարժվում։ Առաջին կիսամյակում մեր ապրանքաշրջանառությունն աճել է, ինչը շատ կարևոր է, քանի որ անցած տարի այն մոտ 10 տոկոսի անկում էր արձանագրել։ Լուրջ թափ են հավաքում նաև մեր հարաբերությունները տրանսպորտային-տարանցիկ ոլորտում։ «Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքով այս տարի տեղափոխված բեռների ծավալն աճել է 20 տոկոսով։ Դա նշանակում է, որ այդ միջանցքն աշխատում է մեծ ծավալներով», - հայտարարում էր Ադրբեջանի նախագահը։

XS
SM
MD
LG